Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքը ներկայացնող «Մոնթե» հայկական ֆիլմի պրեմիերայից հետո հանրային քննարկումներն ավելի թեժացան Նիկոլ Փաշինյանի երեկվա ճեպազրույցից հետո։
Կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով ֆիլմի առաջնախաղի շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին, ասել էր․ «Ես տեսա, որ ինչ-որ մարդիկ ավտոմատներով Կինո Մոսկվայի «կռիշին» պարում էին, դա նորմա՞լ տեսարան ա, թող գնային ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։
Փաշինյանի այս արտահայտությունը քննադատության ալիք է բարձրացրել։ Շատերի վրդովմունքի պատճառը ոչ միայն նրա խոսքի ձևակերպումն է, այլև այն, որ երկրի ղեկավարը նման կերպ է արտահայտվել ազգային պարի մասին, որը ֆիլմի պրեմիերայի կարևոր խորհրդանշական բաղադրիչներից էր։
Մինչ Հայաստանում քննարկման առարկա են դառնում ազգային հերոսների հիշատակմանն ու ազգային արժեքներին նվիրված միջոցառումները, Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխանությունը հետևողականորեն օգտագործում է ազգային արժեքներն ու պատմական հիշողությունը՝ հասարակության շրջանում հակահայկական տրամադրություններն ամրապնդելու համար։ Դրա ցայտուն օրինակներից է Բաքվի ռազմավարի պուրակը։
«Մենք փակում ենք մեր հերոսական էջը, ետին պլան մղում հերոսներին, իսկ Ադրբեջանում «մանեկենների» միջոցով մեր տղաներին ներկայացնում են թույլ ու վախկոտ»,- գրել է օգտատերերից մեկը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ պետք չէ նույն հարթության վրա դնել «Մոնթե» ֆիլմը, Փաշինյանի արձագանքն ու Բաքվի ռազմավարի պուրակը. «Նման համեմատություններով մենք օգնում ենք Փաշինյանին ու Ալիևին։ Մոնթեն ազնվագույն կերպար էր, որը եկել էր իր հայրենիքի համար իր բաժին կռիվը տալու։ Իսկ Ադրբեջանում դեհումանիզացիայի քարոզչություն են անում հայ ժողովրդի դեմ, որն ընդհուպ մինչև միջազգային դատարաններն են այդպիսին ճանաչել՝ պահանջելով այդ «մանեկենների» հեռացումը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտահայտությանը, վաղուց իր հետ ամեն ինչ պարզ է»։
Հիշեցնենք, որ «Մոնթե» ֆիլմի պրոդյուսերական թիմը՝ «Genetic Production»-ը, ավելի վաղ հայտնել էր, որ ֆիլմի՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում նախատեսված մի շարք ցուցադրություններ չեղարկվել են։ Հավանաբար, դրան նպաստել է նաև ադրբեջանցիների բոյկոտը։ «Այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից դուրս հանգամանքների պատճառով»,- ասված էր թիմի հաղորդագրության մեջ։
Պրոդյուսերական թիմը հայտնել է, որ այժմ ուսումնասիրում է Ռուսաստանում ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու այլընտրանքային հնարավորությունները։


Բաց մի թողեք
Աննա Հակոբյանը այնքան է այդպիսի տեսանյութեր տարածելու, մինչեւ մի օր կարդանք, որ Տիգրան Ավինյանն ինքն է անցել կամուրջներից մեկի բազրիքը․․․
Արցախը, Մոնթեն, հայրենիքն ու ազգային հիշողությունը ոչ թե քաղաքական բեռ են, այլ արժեք
Էդգար Ղազարյանը՝ իշխանական գործուղումների մասին