«Հրապարակի» զրուցակիցը նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:
– Համացանցում տեղեկություն հայտնվեց, թե Իրանի իշխանությունները պահանջել են, որ TRIPP-ի պաշտպանության գործն իրականացնեն կա՛մ բացառապես հայկական զինված ուժերը, կա՛մ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինված ուժերին: Ձեր կարծիքով` ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը, ինչո՞ւ է Իրանը նման պայմաններ դնում Փաշինյանի առաջ:
– Ես կարծում եմ, որ այն, ինչի մասին գրված է, իրականությանը կարող է մոտ լինել: Չգիտեմ` իսկապե՞ս Փաշինյանին եղել է նման պաշտոնական զգուշացում իրանական կողմից, թե՝ ոչ, սակայն, ակնհայտորեն, Իրանը TRIPP-ով խիստ մտահոգված է եւ վաղուց է այդ մտահոգությունը հայտնել: Իրանցիները բարյացակամորեն, հավանաբար, լուրջ մտքեր են շարադրել եւ պահանջներ են դրել, ես դա չեմ բացառում: TRIPP-ի նպատակներից մեկն էլ ի վերջո Իրանը հյուսիսից իզոլացնելն է: Պետք չէ շատ խորաթափանց լինել՝ այս պնդումները կատարելու համար, ամերիկացիները եւս կատարել են նման պնդումներ եւ չեն էլ թաքցնում իրենց մտադրությունների մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Իրանը պատրաստակամ է ավելացնել իր գազի մատակարարման ծավալները՝ նպաստելով Սյունիքում նավթավերամշակման գործարանի ձեւավորմանը, այն ակնկալիքով, որ նավթը կգա Իրանից, եւ այդ նավթամթերքը կառաքվի դեպի Եվրոպա: Սա խոսում է այն մասին, որ Իրանը ոչ միայն պահանջներ է ներկայացնում, այլեւ` համագործակցության համար նախագծեր է դնում սեղանին, որոնք պետք է շահագրգռիչ լինեն Հայաստանի համար` երկարաժամկետ տնտեսական ինքնությունն անկախ պահելու եւ ակտիվորեն գործելու տեսանկյունից: Ես համոզված եմ, որ TRIPP-ի ծրագիրն իսրայելական հետք ունի: Այն, իմ կարծիքով, հենց Իսրայելի մտահղացումն է: Փորձում են Զանգեզուրի միջանցքն օգտագործել, երանգները փոխելով` այն ներկայացնում են որպես ամերիկյան պրոյեկտ, պատահական չէ, որ TRIPP-ի մասին խոսակցությունները սկսվեցին ԱՄՆ-Իրան-Իսրայել առճակատման ամենաթեժ պահին:
– Ադրբեջանական կողմը TRIPP-ի երթուղու մասով ամենաշահագրգռվածն է: Նա իր ճանապարհի հատվածը կառուցել, գրեթե ավարտին է հասցրել, սակայն Հայաստանն ու ԱՄՆ-ն պրոցեսը կարծես սառեցրել են, եւ մեկ տարի է՝ տեսանելի գործընթաց չկա: Ինչո՞ւ:
– Այնպես չէ, որ ԱՄՆ-ն քայլեր չի անում: TRIPP-ի ղեկավար են նշանակել, ներդրումներ են կատարել: Մենք քննադատում ենք սովորաբար TRIPP-ը, ասում ենք, որ այն մեզ ոչինչ չի տալիս, բայց, ցավալիորեն, հանրային գիտակցության մեջ ոչ ոք չի փորձում ազդել այն տեսակետի վրա, որ չկա այլընտրանք, իրականում կա այլընտրանք` Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Ղարս, այլընտրանքը սա է: Ի դեպ, Բաքվից Սյունիքով դեպի Ղարս շատ ավելի հեռու է՝ մոտ 290 կիլոմետրով, սակայն այս մասին ոչ ոք չի խոսում, ո՛չ կառավարությունն է խոսում, ո՛չ քաղաքական գործիչներն են խոսում, ո՛չ էլ անգամ ԶԼՄ-ները: Եթե մենք այլընտրանքի մասին չենք խոսում կամ քիչ ենք խոսում, հանրությունը սկսում է մտածել, որ եթե չկա այլընտրանք, ուրեմն ստիպված պիտի TRIPP-ն ընդունենք:

Բաց մի թողեք
Հեքիաթներին չենք հավատում
Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի․ Լուսանկար
Ստեփանավանի քաղաքապետը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում․ Լուսանկար