11/09/2026

EU – Armenia

ԵՄ վերահսկիչ մարմինը հետաքննում է ֆոն դեր Լայենի կողմից արհեստական ​​բանականության (ԱԲ) գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

Հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնում ԵՄ-ում Siemens-ի ղեկավարի ստանձնած դերի առնչությամբ՝ կապված նրա «անկախության և անաչառության» հետ։

ԵՄ օմբուդսմենը հետաքննություն է սկսել Եվրոպական հանձնաժողովի կողմից Siemens-ի նախագահ Ջիմ Հագեման Սնաբեին արդյունաբերական ոլորտում ԱԲ-ի գծով հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։

Հասարակական կազմակերպությունների մի խումբ բողոք է ներկայացրել ԵՄ վերահսկիչ մարմնին՝ նշելով, որ Siemens-ում Սնաբեի շարունակական պաշտոնավարումը «կարող է վտանգել ներկայացուցչի անկախությունն ու անաչառությունը»։

Նույն խումբը, որի կազմում են Transparency International-ը, Corporate Europe Observatory-ն, LobbyControl-ը և Good Lobby-ն, հունիսի 10-ին նամակով դիմել էր Հանձնաժողովին՝ արտահայտելով իր մտահոգությունները, սակայն, ըստ նրանց, պատասխան չէր ստացել։

Սնաբեն այդ պաշտոնում կաշխատի առանց վարձատրության մինչև 2027 թվականի մարտի վերջը և պետք է զեկույց պատրաստի այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ԱԲ ենթակառուցվածքները, առաջադեմ (frontier) ԱԲ տեխնոլոգիաները և արդյունաբերության մեջ ԱԲ-ի ներդրումը։

Սակայն նշանակումը քննադատության է արժանացել Siemens-ի՝ լոբբիստական ​​գործունեության մեջ վերջերս ունեցած դերի պատճառով. ընկերությունը ձգտում էր մեղմացնել ԱԲ-ի վերաբերյալ այն կանոնները, որոնք այժմ ձևավորում են Եվրոպայի արդյունաբերական ռազմավարությունը։

Siemens-ը հիմնական նախաձեռնողներից էր, որ պահանջում էր ԵՄ մեքենաշինական կանոնակարգերի ենթակա արտադրանքն ազատել միության՝ ԱԲ-ի մասին առանցքային օրենքի պահանջներից. փոփոխություն, որին ԵՄ օրենսդիրները համաձայնել էին ամռանը, և որն այժմ օրենքի մաս է կազմում։

Siemens-ը նաև մաս է կազմում European Tech Creators-ի՝ Բրյուսելում գործող լոբբիստական ​​նոր խմբավորման, որի կազմում ընդգրկված են նաև SAP-ը, ASML-ը, Mistral-ը, Airbus-ը, Ericsson-ը, Nokia-ն և BMW-ն։ Խումբը հանդիպել է ֆոն դեր Լայենի հետ և ծրագրում է եռամսյակը մեկ հանդիպումներ ունենալ Հանձնաժողովի նախագահի հետ։

Օմբուդսմենը Հանձնաժողովին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 29-ը պատասխանել բողոք ներկայացնողների բարձրացրած մտահոգություններին։

Հանձնաժողովը պաշտպանել է Սնաբեի նշանակումը՝ նշելով, որ նա կպատրաստի հանրությանը հասանելի զեկույց, որը «կենթարկվի հանրային վերահսկողության», և որ նրա խորհրդատվությունը «տեսանելի ու հասանելի կլինի բոլորի համար»։

Հանձնաժողովը մերժել է Սնաբեի նշանակմանն առնչվող մի շարք փաստաթղթերի հասանելիությունը Եվրախորհրդարանի պատգամավորներին։