15/09/2026

EU – Armenia

ԵՄ-ն բացում է շուկան, բայց այնտեղ հաստատվելու գործը Հայաստանինն է

Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանը քվեարկելու է Հայաստանի համար արտաքուստ առևտրային, իրականում՝ խորապես քաղաքական մի որոշման շուրջ։ Եվրոպական շուկան երկու տարով զգալիորեն ավելի բաց է դառնալու հայկական ապրանքների համար։ Շուրջ 80 տոկոս հայկական արտահանում դեպի ԵՄ կստանա ազատականացված մուտք։

Բայց այս պատմության ամենակարևոր բառը «մաքսատուրք» բառը չէ, այլ «այլընտրանքը»։ Եվրահանձնաժողովն այս միջոցը առաջարկել է այն բանից հետո, երբ 2026-ի մայիս-հունիսին Ռուսաստանը սահմանափակումներ սահմանեց հայկական կոնյակի, գինու, հանքային ջրի և գյուղատնտեսական մի շարք ապրանքների նկատմամբ ու խոչընդոտներ ստեղծեց նաև հայկական բեռների տարանցման համար։ Բրյուսելն այդ ճնշումը փաստաթղթերում գրեթե առանց դիվանագիտական քողարկման կապում է Հայաստանի տնտեսական դիմակայունության խնդրի հետ։

Սա կարևոր նախադեպ է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ամենախոր կախվածություններից մեկը կառուցվել է ոչ միայն անվտանգության համակարգում, այլև արտահանման աշխարհագրության մեջ։ Երբ երկրի արտադրանքը մեծապես կախված է մեկ շուկայից, այդ շուկան դադարում է պարզապես առևտրի վայր լինելուց և վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի։

Մենաշնորհային շուկան փոքր պետության համար նույնքան վտանգավոր է, որքան մենաշնորհային անվտանգության համակարգը։ Եվրոպական որոշումը հենց այդ կախվածության կառուցվածքն է փորձում թուլացնել։

Փաթեթը հատկապես նշանակալի է գյուղատնտեսության և խմիչքների համար։ Այն ընդգրկում է այնպիսի ապրանքային ծավալներ, որոնք համարժեք են Ռուսաստան արտահանվող հայկական թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99 տոկոսին ու խմիչքների և սպիրտային արտադրանքի ավելի քան 91 տոկոսին։

Այստեղ էլ պետք չէ պատրանք ստեղծել։ Եվրոպական շուկան ռուսականի փոխարինող պահեստ չէ։ Մաքսատուրքի վերացումը դեռ շուկա չի ստեղծում։ Եվրոպա մտնելու համար հայկական ապրանքը պետք է համապատասխանի եվրոպական պահանջներին՝ անվտանգությունից և ծագման հավաստումից մինչև հետագծելիություն, փաթեթավորում ու կայուն որակ։

ԵՄ-ն բացում է շուկան, բայց այնտեղ հաստատվելու գործը Հայաստանինն է։ Հետևաբար այս արտոնությունը պարզապես առևտրային հնարավորություն չէ․ այն հայկական արտադրությունը եվրոպական չափանիշներին հասցնելու հնարավորություն է։ Սա Հայաստանի համար գուցե նույնիսկ ավելի կարևոր է, քան մաքսատուրքի զրոյացումը։

Ռուսական շուկան տարիներ շարունակ հաճախ հանդուրժել է այնպիսի արտադրական և լոգիստիկ մոդել, որը եվրոպական միասնական շուկայում պարզապես չի աշխատում։ Եթե հայկական ընկերությունները ստիպված լինեն բարձրացնել ստանդարտները, սերտիֆիկացնել արտադրությունը, ստեղծել շղթաներ և ապահովել հետագծելիություն, առևտրային արտահանման ուղղությունների փոփոխությունը կարող է վերածվել տնտեսական արդիականացման մեխանիզմի։

Եվրոպան այսօր Հայաստանին պարզապես արտոնություն չի առաջարկում։ Այն բացում է իր շուկան՝ դրա դիմաց պահանջելով եվրոպական որակ, կանոններ և կանխատեսելիություն։ Սա սկզբունքորեն այլ հարաբերություն է այն շուկայի համեմատ, որի հասանելիությունը կարող է կախված լինել քաղաքական որոշումից։

Հենց այստեղ է այսօրվա քվեարկության աշխարհաքաղաքական նշանակությունը։ Եթե Եվրախորհրդարանը հաստատի փաթեթը, Ռուսաստանի տնտեսական ճնշմանը Եվրոպան կպատասխանի ոչ թե քաղաքական հայտարարությամբ, այլ տնտեսական այլընտրանք ստեղծելով Հայաստանի համար։ Սա արդեն առևտրային արտոնությունից ավելին է․ տնտեսական հարկադրանքի դիմաց Հայաստանին առաջարկվում է ընտրության հնարավորություն։

Հայաստանը, սակայն, չպետք է այդ հնարավորությունը շփոթի վերջնական լուծման հետ։ Երկու տարին երկար ժամանակ չէ․ դա հնարավորության պատուհան է։ Եթե այդ ընթացքում հայկական արտադրությունը չհասնի եվրոպական չափանիշներին, արտահանողները չմտնեն նոր շուկաներ, իսկ պետությունը չստեղծի սերտիֆիկացման ու լոգիստիկայի անհրաժեշտ ենթակառուցվածքը, արտոնությունը կմնա չօգտագործված հնարավորություն։

Բայց եթե Հայաստանը կարողանա օգտագործել այդ երկու տարին, արդյունքը շատ ավելին կլինի, քան զրոյացված մաքսատուրքը՝ նոր շուկաներ, ավելի մրցունակ արտադրություն և մեկ ուղղությունից նվազ կախված տնտեսություն։ Եթե Հայաստանը կարողանա օգտագործել այս հնարավորությունը, կստանա շատ ավելին, քան նոր արտահանման շուկան է, կստանա տնտեսություն, որի ճակատագիրը որևէ առանձին մայրաքաղաքում ընդունված քաղաքական որոշմամբ այլևս հնարավոր չի լինի մի մատի շարժումով փոխել։

Փոքր պետության համար շուկաների բազմազանությունը պարզապես առևտրային առավելություն չէ։ Դա տնտեսական ինքնիշխանություն է՝ ընտրության իրավունք ունենալու նյութական հիմքը։