ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիր։
Նախարարությունից հայտնել են, որ համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19։00-ին, Երևանում՝ Կամերային երաժշտության տանը։ Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Արամ Խաչատրյանի և Էդուարդ Գրիգի ստեղծագործությունները։
Հնդկաստանում համերգները կկայանան սեպտեմբերի 21-ին Կալկաթայում՝ Վիկտորյա Մեմորիալ համերգասրահում, սեպտեմբերի 23-ին Նյու Դելիում՝ Լոտոսի տաճարում, սեպտեմբերի 24-ին Չեննայում՝ երաժշտական ակադեմիայի դահլիճում: Համերգներն իրականացվում են Հնդկաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո։
Չինաստանում համերգները կկայանան սեպտեմբերի 27-ին Չժունշանի մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոնում, սեպտեմբերի 29-ին Պեկինի համալսարանի հարյուրամյակի հուշահամալիրի Լի Ին համերգասրահում։ Սեպտեմբերի 30-ին Շանհայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նախատեսվում է բացօթյա համերգ։
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Էդվարդ Միրզոյան, Խաչատուր Ավետիսյան, Վաղարշակ Կոտոյան, Շառլ Ազնավուր, Չեզարե Բիկսիո, Լուիջի Արդիտի, Ջակոմո Պուչինի, Էդուարդ Գրիգ։
Մենակատարներ՝ Սիփան Օլահ (համերգաշարի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և տենոր, Միացյալ Թագավորություն), Կատարինե Հովսեփյան (դաշնամուր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Շողիկ Թորոսյան (սոպրանո, Լիբանան):


Բաց մի թողեք
«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը»
Նարինե Անանիկյանի ձայնի ճանապարհը՝ Սկառլատիից մինչև Կոմիտաս. Լուսանկարներ
«Ռոմեո և Ջուլիետը»՝ նոր շնչով․ Սունդուկյանի 105-ամյա բեմի նոր բացահայտումները․ Լուսանկարներ