01/10/2026

EU – Armenia

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը

Ժողովրդավարական և իրավական պետության հիմնասյունը իշխանությունների իրական տարանջատումն է, անկախ արդարադատությունը և հանրային ինստիտուտների փոխադարձ հակակշռումը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ պետական ապարատն ու օրենսդիր համակարգը ծառայեցվում են մեկ քաղաքական ուժի կամ անհատի իշխանության ամրապնդմանը, վտանգվում է հենց պետականության սահմանադրական հիմքը։ Սույն վերլուծական հոդվածում համադրված են վերջին տարիների քաղաքական, օրենսդրական և ինստիտուցիոնալ զարգացումները՝ վեր հանելու համար այն համակարգային փոփոխությունները, որոնք էապես խաթարել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական իշխանության իրականացման հիմքում դնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը։ Սահմանադրության 5-րդ հոդվածը հենց այդպես է ձևակերպում իշխանության կառուցվածքը, իսկ 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է։

Սակայն 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ութ տարի անց Հայաստանը կանգնած է մի իրողության առաջ, երբ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը աստիճանաբար դարձել է ձևականություն, իսկ իրական իշխանության կենտրոնը տեղափոխվել է վարչապետի և նրան անվերապահորեն աջակցող խորհրդարանական մեծամասնության շուրջ։

«Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) հետազոտողների իրականացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այս գործընթացը չի սահմանափակվել քաղաքական դեկլարացիաներով. այն ունեցել է հստակ ինստիտուցիոնալ արտահայտություն՝ դատարանների շրջափակումից մինչև Սահմանադրական դատարանի վերաձևավորում, դատավորների նկատմամբ կարգապահական մեխանիզմների ընդլայնումից մինչև ընդդիմության խորհրդարանական վերահսկողական լծակների սիստեմատիկ սահմանափակում։

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ

2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ 132 մանդատից 88-ը՝ սահմանադրական մեծամասնություն։ Այդ հանգամանքը իշխանությանը հնարավորություն էր տալիս առանց ընդդիմության համաձայնության իրականացնել նաև սահմանադրական բնույթի լայն փոփոխություններ։ Վենետիկի հանձնաժողովը հետագայում արձանագրել է այդ քաղաքական իրողությունը՝ նշելով, որ նոր կառավարությունը խորհրդարանում ուներ սահմանադրական մեծամասնություն։

Սակայն իշխանության համար ամենաբարդ խնդիրը դատական համակարգն էր։ 2019 թվականի ապրիլին Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարում էր, որ հեղափոխությունը տեղի է ունեցել քաղաքական համակարգում, բայց «հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել»։ Միաժամանակ նա պնդում էր, որ կառավարությունը հրաժարվել է նախկինում գոյություն ունեցած դատական համակարգի ուղղորդման պրակտիկայից և նպատակ ունի ապահովել անկախ դատարան։

2019 թվականի մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ արեց քաղաքացիներին հաջորդ առավոտյան ժամը 08:30-ից շրջափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ել քերը՝ թույլ չտալով դատավորներին և աշխատակիցներին մուտք գործել շենքեր։ Կոչը հնչեց այն բանից հետո, երբ դատարանը փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»։ Նրա հաջորդ օրվա ելույթում արդեն խոսվում էր անցումային արդարադատության, անհրաժեշտության դեպքում Սահմանադրության փոփոխության և դատական համակարգի վերափոխման մասին։ Միևնույն ժամանակ, նա հայտարարում էր, որ ցանկանում է ոչ թե «խամաճիկային», այլ անկախ դատական համակարգ։

Այս հակասությունն է հետագա գործընթացների հիմնական հանգույցը. իշխանությունը հայտարարում էր դատական անկախության մասին, մինչդեռ ընդդիմախոսները նույն գործընթացները մեկնաբանում էին որպես դատարանների նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատման փորձ։ 2019 թվականի հուլիսին մի շարք քաղաքական ուժեր հրապարակայնորեն հայտարարեցին, որ իշխանության գործողությունները կարող են հանգեցնել դատական իշխանության «լիակատար յուրացման»։ Այդ հայտարարության մեջ առանձնացվում էին դատարանների շրջափակումը, դատավորների վրա ճնշման հարցը, ԲԴԽ-ի նկատմամբ ազդեցությունը և Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության գործընթացը։

Այս իրադարձությունը Եվրոպայի խորհրդի 2022 թվականի զեկույցում գնահատվել է որպես կառավարության և դատական համակարգի հարաբերությունների լուրջ ճգնաժամի սկիզբ։ Դատարանների շրջափակումը ոչ միայն վարչապետի կողմից ուղղակի ճնշում էր դատական իշխանության վրա, այլև ստեղծեց նախադեպ, որի հիման վրա հետագա տարիներին կառուցվեց դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության ամբողջական մեխանիզմ։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

2019–2020 թվականներին հակամարտությունը տեղափոխվեց Սահմանադրական դատարան։ 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց սահմանադրական փոփոխություններ, որոնք դադարեցրին Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունները և իջեցրին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կարգավիճակը՝ նրան թողնելով դատարանի կազմում, սակայն առանց նախագահի լիազորությունների։

Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշման մեջ արձանագրվել է, որ «2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն իրականացվել են հրատապ կարգով, դրանցով դադարեցվել են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի մեկ երրորդի լիազորությունները»։ Որոշման մեջ հատկապես ընդգծվում է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման 12 տարին չէր լրացել անգամ համաձայն 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների, ինչն արձանագրվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն նրա լիազորություններն ևս դադարեցվեցին»։

Վենետիկի հանձնաժողովը 2020 թվականի հունիսի 19-ի կարծիքում քննարկում էր ՍԴ դատավորների լիազորությունների վերաբերյալ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, իսկ հունիսի 22-ի իր եզրակացության մեջ նախազգուշացրել էր դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և Սահմանադրական դատարանի անկախությանը սպառնացող վտանգի մասին։ Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հունիսի 26-ին ՍԴ նախագահին ուղղված նամակում նշել էր, որ փոփոխությունները «չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին», և կոչ էր արել «հարգել Սահմանադրությունը»։

Սահմանադրական դատարանի որոշման մեջ նաև արձանագրվել է, որ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցում ընտրվեց նրա պաշտոնավարումն անհապաղ դադարեցնելու կարգավորումը, այլ ոչ թե՝ նրա լիազորությունների ժամկետը կրճատելու, ինչը փաստում է գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների քաղաքական նպատակադրումները»։

Այստեղ կարևոր է դիմել հենց Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետագա զեկույցը արձանագրեց, որ 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ն չեղարկեց հանրաքվեի անցկացումը և միաժամանակ փոփոխեց անցումային դրույթները՝ ՍԴ երեք դատավորի լիազորությունները դադարեցնելու և ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու համար։ Սեպտեմբերին խորհրդարանը ընտրեց երեք նոր անդամի։ Այս դրվագն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ խոսքը սովորական դատական նշանակումների մասին չէր. փոխվում էր այն մարմնի կազմը, որը պետք է վերահսկեր նաև օրենսդիր և գործադիր իշխանության սահմանադրականության հարցերը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանը, որը պետք է հանդիսանար իշխանության երեք ճյուղերի սահմանադրականության վերահսկող մարմին, 2020 թվականին վերաձևավորվեց գործող քաղաքական մեծամասնության անմիջական ազդեցության ներքո։

ԲԴԽ-Ն ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔ

2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 29 կարգապահական վարույթ, որոնցից 18-ը հարուցել էր արդարադատության նախարարությունը, 4-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ 6-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Սա ինքնին դեռևս չի նշանակում քաղաքական ճնշում, սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 2023 թվականի զեկույցը փաստում է, որ ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ, 2023 թվականին դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։

Զեկույցը հատկապես ընդգծում է, որ մի շարք դատավորների լիազորությունների դադարեցումը փաստացի պայմանավորված էր ԲԴԽ-ի գործելաոճի նկատմամբ նրանց քննադատությամբ։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին այն բանի համար, որ նա ֆեյսբուքյան գրառմամբ պաշտպանել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոյանին, որին ԲԴԽ-ն հեռացրել էր դատական համակարգից։ Մեկ այլ դատավորի՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին 2023 թվականի հուլիսի 3-ին այն բանից հետո, երբ նա հարցազրույցում կասկած էր հայտնել ԲԴԽ-ի կողմից կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների համակարգից հեռացնելու որոշումների անաչառության վերաբերյալ։

Այստեղ առաջանում է համակարգային խնդիր. ո՞վ է գործարկում այդ կարգապահական վարույթների մեխանիզմը, ո՞վ է որոշում դրա քաղաքականապես զգայուն դեպքերը, և արդյո՞ք դատավորը կարող է վստահ լինել, որ իր որոշումը չի հանգեցնի կարգապահական հետապնդման։ ԲԴԽ-ի կարգապահական վարույթների վերաբերյալ դատական փաստաթղթերում արձանագրվել է, որ «2023 թվականի հուլիսի 3-ից առաջ ազատ խոսքի արտահայտման ենթադրյալ չարաշահման վարույթներ են հարուցվել բազմաթիվ դատավորների վերաբերյալ, որոնք քննվել են ԲԴԽ-ում, տեղի է ունեցել լիազորությունների դադարեցում»։ Նույն փաստաթղթում նշվում է, որ «2023 թվականի հուլիսի 3-ից հետո՝ ավելի քան մեկ տարի որևէ դատավոր արդարադատության նախարարության կամ ԲԴԽ քննադատական ելույթ չի ունեցել, դատական իշխանության անկախության սահմանափակման որևէ հարցի մասին չի բարձրաձայնել»։

2022 թվականին մի խումբ դատավորներ հրապարակային հայտարարությամբ զգուշացնում էին, որ արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը կարող է վտանգել դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2024 թվականի բանաձևում արձանագրվել է, որ Հայաստանում շարունակում է տարածված լինել այն ընկալումը, թե դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը կարող են օգտագործվել նրանց վախեցնելու կամ նրանց որոշումների վրա ազդելու համար։ ԵԽԽՎ-ն կոչ է արել ապահովել ԲԴԽ-ի քաղաքական չեզոքությունը և վերանայել արդարադատության նախարարության կարգապահական լիազորությունը։

2023–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ «ՎԵԹԹԻՆԳԻ» ԱՐԴՅՈՒՆՔԸ

2023 թվականին դատական համակարգի շուրջ քննադատությունը նոր փուլ մտավ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրապարակված զեկույցը պնդում էր, որ 2023-ին ԲԴԽ-ն դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։ Նույն զեկույցը խնդրահարույց էր համարում նաև ԲԴԽ-ի ոչ դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից։

Մյուս կողմից՝ հենց ԲԴԽ-ի ղեկավարությունը 2023-ի վերջում հայտարարում էր, որ գործող 309 դատավորից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այս թիվը քաղաքական առումով կարևոր է։ Եթե 2018-ից հետո նշանակված դատավորների մեծ մասն արդեն ձևավորվել է գործող իշխանության օրոք, ապա իշխանության ազդեցության մասին վեճը այլևս չի սահմանափակվում նախկին դատավորներին փոխարինելու հարցով։ Հարցն այն է, թե նոր համակարգը որքանով է ինստիտուցիոնալորեն անկախ այն քաղաքական իշխանությունից, որի օրոք այդ կադրային վերաձևավորումը տեղի է ունեցել։

ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿՑՈՐԴ

2021 թվականի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունեցավ 71 մանդատ՝ կրկին ստանալով սահմանադրական մեծամասնություն։

12 մշտական հանձնաժողովից 9-ի նախագահները իշխանական մեծամասնության ներկայացուցիչներ էին, 2-ը՝ «Հայաստան» խմբակցության, 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ի։ Խնդիրը միայն պաշտոնների թվային բաշխումը չէ. խորհրդարանական համակարգում ընդդիմությունը պետք է ունենա գործադիրին վերահսկելու իրական գործիքներ, մինչդեռ 2021–2022 թվականներին հենց այդ գործիքների շուրջ առաջացան բազմաթիվ բախումներ։

Օրինակ՝ ընդդիմությունը ներկայացրել էր դատական համակարգի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն։ Չնայած հանձնաժողովը ձևավորվել էր իրավունքի ուժով, ԱԺ-ն չհաստատեց դրա անդամների թիվը։ Մեկ այլ դեպքում ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանական մեծամասնությունը բազմաթիվ անգամներ ձախողել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուի ընտրությունը։

Այստեղ արդեն առաջանում է օրենսդիր իշխանության ներքին հավասարակշռության հարցը։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն օրենսդրական, այլ նաև քաղաքականորեն ամբողջությամբ համընկնում է կառավարության հետ, ապա խորհրդարանը կարող է գործադիր իշխանության վերահսկող մարմնից դառնալ նրա օրենսդրական հենարանը։

The Armenian Mirror-Spectator-ի 2025 թվականի վերլուծական հոդվածում նշվում է, որ «2018 թվականի օգոստոսից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգված կերպով վերացնում է սահմանադրական բոլոր զսպումներն ու հակակշիռները»։ Հոդվածում ընդգծվում է, որ, «չնայած իշխող կուսակցությունը օրինականորեն տիրապետում է խորհրդարանում ձայների երկու երրորդից ավելիին, դեմոկրատական բանավեճ այլևս չկա, քանի որ ոչ մի հանձնաժողովի նախագահություն չի վերապահվում ընդդիմադիր դաշինքներին»։ Նույն աղբյուրը փաստում է, որ «խորհրդարանից դուրս վարչապետը վերաձևավորել է դատական համակարգը՝ իր գործողությունների ծրագրին համապատասխանեցնելու համար։ Նա ազատել է բոլոր դատավորներին՝ թե՛ դատական համակարգից, թե՛ Սահմանադրական դատարանից, ովքեր չեն կիսում իր քաղաքականությունը կամ չեն ենթարկվում իր ցուցումներին։ Մի խոսքով, անկախ դատական համակարգ այլևս գոյություն չունի»։

2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ, և փակ գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթել յանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։

2026 ԹՎԱԿԱՆ. ՆՈՒՅՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

2026 թվականի հունիսի ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս չունի նախկին 2/3 սահմանադրական մեծամասնությունը։ Սա էական փոփոխություն է. գործադիր իշխանությունը շարունակում է ունենալ խորհրդարանական մեծամասնություն, սակայն սահմանադրական համակարգը վերաձևելու համար անհրաժեշտ է ավելի լայն համաձայնություն։

Միևնույն ժամանակ ՔՊ-ն արդեն նոր ԱԺ-ի աշխատանքի առաջին շրջանում նախաձեռնել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխություններ։ Հուլիսի 3-ին ընդունված փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվեց, որ եթե ընդդիմությունը համապատասխան ժամկետում չի առաջադրում ԱԺ նախագահի տեղակալի կամ մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածու, խորհրդարանը կարող է անցնել օրակարգի հաջորդ հարցերին։

Այս փոփոխության արդյունքում ԱԺ-ն ընդմիջել է խորհրդարանի ձևավորման գործընթացը և, երբ մասնավորապես ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահներ դեռ ընտրված չէին, անցել էր ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ Կանոնակարգի վերականգնման համար։ Այս փոփոխությունը գործնականում զրկում է ընդդիմությանը խորհրդարանական վերահսկողության ամենակարևոր լծակներից մեկից՝ հանձնաժողովների ղեկավարումից։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
2018-2026 թվականների փաստերի ամբողջությունը թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե առանձին ինստիտուցիոնալ բարեփոխումների շղթա, այլ իշխանության կենտրոնացման հետևողական գործընթաց, որի արդյունքում Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը վերածվել է ձևականության։

Դատական իշխանությունը դարձել է գործադիրի կցորդ՝ 2019 թվականի դատարանների շրջափակմամբ սկսված և 2020 թվականի Սահմանադրական դատարանի վերաձևավորմամբ ամրապնդված գործընթացի արդյունքում։ ԲԴԽ-ի կարգապահական մեխանիզմները դարձել են դատավորներին վախեցնելու և նրանց որոշումները վերահսկելու գործիք։ Օրենսդիր իշխանությունը վերածվել է գործադիրի օրենսդրական հենարանի, որտեղ ընդդիմությունը զրկված է իրական վերահսկողական լծակներից։

Սահմանադրական ժողովրդավարության իրական չափանիշը իշխանության ղեկավարի հայտարարությունները չեն։ Չափանիշն այն է, թե կարո՞ղ է, արդյոք, դատարանը որոշում կայացնել վարչապետի կամ նրա քաղաքական թիմի դեմ՝ առանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական հետևանքներից վախի, և կարո՞ղ է, արդյոք, խորհրդարանը վերահսկել կառավարությանը նույնիսկ այն ժամանակ, երբ այդ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության քաղաքական ղեկավարի կողմից է ձևավորվում։ 2018-2026 թվականների փաստերը ցույց են տալիս, որ այդ հարցերի պատասխանը բացասական է։

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

Եթե դատական և օրենսդիր իշխանությունների յուրացման մասին մեր հետաքննությունը դիտարկենք իրավական պատասխանատվության տեսանկյունից, պատկերը դառնում է առավել ցայտուն. Հայաստանի քրեական օրենսդրությունը ուղղակիորեն նախատեսում է պատասխանատվություն սահմանադրական կարգի տապալման համար, սակայն 2018-2026 թվականների ընթացքում այդ նորմը գործնականում չի կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն իշխանությունը յուրացնելու համար։ Ըստ այդ նորմի առաջին մասի՝ իշխանությունը զավթելը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում է ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, իշխանությունը պահելը, այսինքն՝ Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի կամ նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը ևս պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Միևնույն ժամանակ, Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն։ Հոդվածի առաջին մասով նախատեսված է, որ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Արդյունքում, սահմանադրական կարգի տապալման համար նախատեսված պատժաչափերը՝ 10-15 տարի ազատազրկում, մնում են գործնականում անկիրառելի այն իշխանության նկատմամբ, որը 2018 թվականից ի վեր հետևողականորեն թուլացրել է իշխանությունների փոխզսպման համակարգը։ Այս իրավիճակը ստեղծվել է փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված և նրա կողմից վերահսկվող գլխավոր դատախազի, իրավապահ մարմինների և դատական համակարգի անգործության արդյունքում։