08/10/2026

EU – Armenia

Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 5-ին, Թեհրանում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի Իրան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել նախարար Միրզոյանի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպումը։

Այդ հանդիպման մասին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը տարածել էր բավականին «պուպուշ» հաղորդագրություն։ Երբ առիթ ունեցա այն կարդալու՝ միանգամից կասկած առաջացավ։ Ղալիբաֆի հանրային տիրույթում հնչեցրած հայտարարություններին ու հռետորաբանությանը ծանոթ լինելով, նաեւ՝ գիտենալով Թեհրանի զգայուն վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչը կատարվում է Հայաստանում՝ առնչված Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացմանն ու հայտնի TRIPP-ին, առնվազն զարմանալի էր ու կասկածելի, որ Միրզոյան-Ղալիբաֆ հանդիպումն անցել է նման «պուպուշ», կարելի է ասել նույնիսկ՝ «դիպլոմատիկ գլամուրային» միջավայրում։

Իրանական լրատվամիջոցներում այդ հանդիպման մասին իրանական կողմի տարածած հայտարարությունում, պարզվում է, ամեն բան բոլորովին էլ «պուպուշ եւ դիպլոմատիկ» չի եղել։ Ղալիբաֆը Պարսից ծոցի ավազանում տիրող իրավիճակը մատնանշելով, հայտարարել է, որ այդ փորձառությունը ցույց է տալիս այն, որ ոչ ռեգիոնալ երկրների միջամտությունը կարող է միայն անկայունություն առաջացնել։ Ղալիբաֆը շնորհակալություն է հայտնել հայկական իշխանություններին եւ Հայ ժողովրդին ամերիկա-իսրայելական ագրեսիայի ընթացքում Իրանի հանդեպ որդեգրած կեցվածքի եւ գործողությունների համար։

Նա ընդգծել է, որ «Իրանի հստակ քաղաքականությունը կայանում է նրանում, որ պետք է ամրապնդվեն եւ զարգացվեն հարաբերությունները հարեւան երկրների հետ թե օպերատիվ եւ թե ռազմավարական մակարդակներում։ Հայաստանն այդ համատեքստում կարեւոր հնարավորություն ունի Իրանի հետ հարաբերությունների սերտացման համար։ Ղալիբաֆը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կկնքվի առաջիկայում։ Միրզոյանն էլ ասել է, որ Հայաստանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ գործողությունների համար։ Նա ընդգծել է, որ ռեգիոնի երկրների գոյություն ունեցող սահմանների պահպանությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Միրզոյանն ասել է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են եւ կոչ է արել ընդլայնել երկկողմ գործընկերությունը։ Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել տրանսպորտային կապերը հարեւանների հետ։ Ղալիբաֆն էլ իր հերթին հայտարարել է, որ Կովկասյան ռեգիոնը չպետք է դառնա օտարերկրյա տերությունների համար աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ։ Կովկասյան ռեգիոնի երկրները, ըստ իրանական խորհրդարանի խոսնակի, հիմա առավել քան երբեւէ կարիք ունեն խաղաղության եւ դա պետք է ուղեկցվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։

Հ.Գ. Ներկայացնում ենք նաեւ հայկական կողմի տարածած հաղորդագրությունը.

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են: Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն: