Հայկական քաղաքական իրականության մեջ մանիպուլյացիոն գործիքակազմն ու քաղաքական տեխնոլոգիաներն այնպիսի հմտությամբ են կիրառվում, որ հաճախ կարող են նախանձ շարժել անգամ համաշխարհային մասշտաբի առաջատար ուղեղային կենտրոնների շրջանում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող իշխանության քաղաքական կուրսը սպասարկող որոշ սատելիտային ուժեր ու գործիչներ ընտրական բոլոր փուլերում և դրանց արանքում զբաղված են բացառապես երկու խնդրի լուծմամբ, որոնք հնարավորություն են տալիս իշխանությանը խուսափել ուղղակի թիրախավորումից և հանրային բացասական արձագանքից։
Այն, ինչ ՔՊ-ի համար քաղաքականապես անհարմար է բարձրաձայնել, կամ այն հաշվեհարդարները, որոնց տակ իշխանությունը չի ցանկանում սեփական դեմքով ստորագրել, ուղղակիորեն պատվիրակվում են, այսպես կոչված, սատելիտներին, որոնց վառ օրինակն է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Վերջինս, որի խնդիրն, ըստ էության, պետք է լիներ սեփական կուսակցության քաղաքական կշռի ու վարկանիշի բարձրացումը, օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե դիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարելու պահանջով։
Տարիների ընթացքում սպառելով իր քաղաքական ռեսուրսն ու վարկանիշը մոտեցնելով զրոյի՝ նա պատրաստակամորեն ստանձնում է այդ դերը՝ հուսալով դրանով երկարաձգել սեփական գոյությունը քաղաքական դաշտում։ Նման անձանց գործունեությունը փաստացի հանգում է ոչ թե այլընտրանքային օրակարգի ձևավորմանը, այլ բացառապես մանր գործողությունների՝ ուրիշներին խանգարելու և իշխանության դեմ հարվածող գործիք դառնալու առաքելությանը։
Զուգահեռաբար, քաղաքական դաշտում անընդհատ արհեստական թեմաներ ներմուծելով, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերը լուծարելու կամ անհեթեթ իրավական ու քաղաքագիտական անհիմն պահանջներ առաջ քաշելով, այս շրջանակները փորձում են կառավարել տեղեկատվական դաշտը։ Այս մեթոդի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած իրական, սուր սոցիալ-տնտեսական և անվտանգային մարտահրավերներից։
Արդյունքում, քաղաքական դաշտում ձևավորվում է կեղծ օրակարգ, որտեղ անհաջող դերակատարում ստանձնած գործիչները փորձում են արդարացնել իրենց ներկայությունը՝ կատարելով հանրության մեջ զրո պահանջարկ ունեցող և վաղուց բացահայտված այս պատվերը։


Բաց մի թողեք
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր
Պատճառները շատ են. վատ հրամանատարություն, բուլինգ, մեծ ծանրաբեռնվածություն, հոգեբանական ծանր վիճակ, միջանձնային կոնֆլիկտներ
Իմ խորհուրդն է՝ չկատարել ընտրություն որեւէ վերջնագրի ճնշման ներքո՝ լինի Մոսկվայից, թե մեկ այլ տեղից