Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը քաղաքական գործարք է առաջարկել՝ իր հեռացումը դարձնելով սահմանադրական հանրաքվեի հնարավոր երկու ելքերի ընդհանուր պայմանը։ Եթե նոր Սահմանադրությունը մերժվի, նա խոստանում է հրաժարական տալ, իսկ ընդունվելու դեպքում՝ ավարտին հասցնել խաղաղության օրակարգը և հաջորդ ընտրություններում այլևս չհավակնել վարչապետի պաշտոնին։
Այսպիսով, Փաշինյանն իր քաղաքական ապագան իբր կապում է հանրաքվեի արդյունքի հետ՝ ընդդիմությանն առաջարկելով բանակցել այն հեռացման շուրջ, որը տարիներ շարունակ եղել է նրա գլխավոր պահանջը։
Առաջարկի քաղաքական նշանակությունը դրա գնի մեջ է։ Հանրաքվե անցկացնելու համար Փաշինյանին անհրաժեշտ է ընդդիմության ընդամենը վեց ձայն։ Տարիներ շարունակ նրա հրաժարականը պահանջող ուժերն այժմ կարող են այդ ձայների դիմաց բանակցել վարչապետի հեռանալու հստակ երաշխիքների շուրջ և իրենց գլխավոր քաղաքական պահանջը վերածել իրավական պարտավորության։
Ընդդիմության արձագանքը կանխատեսելի է՝ Փաշինյանին հավատալ չի կարելի։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անգամ պահանջել է հիշեցնել վարչապետի կատարած խոստումների հինգ օրինակ։
Անվստահությունը հասկանալի է։ Սակայն քաղաքականության մեջ անվստահությունը բանակցություններից հրաժարվելու հիմնավոր պատճառ չէ։ Հակառակ դեպքում ինչի՞ համար են պայմանագրերը, իրավական երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն ու փոխադարձ պարտավորությունները։ Քաղաքական համաձայնությունները հաճախ կնքվում են հենց այն մարդկանց միջև, որոնք միմյանց վստահելու նվազագույն հիմքեր ունեն։
Եթե Փաշինյանը պատրաստ է իր հեռացումը դարձնել քաղաքական գործարքի առարկա, ընդդիմությունը կարող է պահանջել դրա իրավական ամրագրումը։ Օրինակ՝ վարչապետի պաշտոնավարման առավելագույն ժամկետի սահմանում, նույն անձի պաշտոնավարման ընդհանուր տևողության հստակ կարգավորում, իշխանության երկարատև վերարտադրությունը կանխող անցումային դրույթներ։
Այս հարցն արդեն եղել է սահմանադրական քննարկումների օրակարգում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջարկել էր վարչապետի պաշտոնավարումը սահմանել առավելագույնը երկու ժամկետով։ Առաջարկը չի ընդունվել։ Հիմա ընդդիմությունը կարող է այն դարձնել բանակցության պայման։
Սակայն միայն այդ դրույթը բավարար չէ Փաշինյանի հեռանալու խոստումն ապահովելու համար։ Անհրաժեշտ են հստակ անցումային դրույթներ, հրապարակային քաղաքական համաձայնություն և դրա կատարումն ապահովող իրավական երաշխիքներ։ Հենց այս պայմանների շուրջ էլ ընդդիմությունը պետք է կառուցի իր բանակցային դիրքորոշումը։
Փաշինյանն արդեն առաջարկել է նոր Սահմանադրությամբ ընդլայնել ընդդիմության մասնակցությունն անկախ պետական մարմինների ձևավորմանը՝ Բարձրագույն դատական խորհրդից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև Կենտրոնական բանկի խորհուրդ և Հաշվեքննիչ պալատ։ Սա կարող է դառնալ իշխանության նկատմամբ իրական հակակշիռներ ստեղծելու հնարավորություն, եթե ընդդիմության ներկայացվածությունն ամրագրվի որոշումների վրա ազդելու լիազորություններով։
Այս առաջարկների իրական արժեքը հնարավոր կլինի գնահատել հաջորդ շաբաթ հրապարակվելիք Սահմանադրության նախագծով։ Մինչ այդ ընդդիմությունը կարող է հստակ պայմաններ առաջադրել՝ դատական իշխանության անկախության, ընտրությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության, խորհրդարանական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման և գործադիր իշխանության հաշվետվողականության վերաբերյալ։ Էականը ընդդիմության ձևական ներկայացվածությունը բացառելն ու իշխանության իրական հակակշիռներ ապահովելն է։
Խաղասեղանին Հայաստանի կառավարման համակարգի ապագան է՝ իշխանության հերթափոխի հստակ կանոններով, արդյունավետ հակակշիռներով և անկախ պետական ինստիտուտներով։
Նոր Սահմանադրության քննարկումը համընկնում է Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության և տնտեսական շահերի խորքային վերադասավորման հետ։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը, ԱՄՆ-ի ներգրավվածության ընդլայնումն ու Եվրամիության հետ մերձեցումը Հայաստանի համար ձևավորում են անվտանգության և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։ Այս փոփոխությունները կարող են տասնամյակներով որոշել Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքուն շարունակում է պայմանավորել Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։ Ընդդիմության մտահոգություններն այս հարցում լուրջ քննարկման հիմք ունեն։ Հասարակությունը պետք է հստակ իմանա՝ սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանը կհրաժարվի՞ նոր նախապայմաններ առաջադրելուց, և ի՞նչ քաղաքական ու իրավական երաշխիքներ ունի Հայաստանը։ Առանց այս հարցերի համոզիչ պատասխանների դժվար կլինի հասնել սահմանադրական փոփոխությունների շուրջ լայն հանրային համաձայնության։
Ընդդիմությունը կարող է այս հարցերի վերաբերյալ պատասխաններն ու երաշխիքները դարձնել սահմանադրական բանակցությունների պարտադիր պայման։
Ընդդիմությունը կարող է պահանջել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների ամուր սահմանադրական երաշխիքներ։ Միաժամանակ՝ խաղաղության գործընթացի նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն և արտաքին պարտավորությունների ընդունման հստակ ընթացակարգեր։ Այս պահանջները կարող են դառնալ սահմանադրական բանակցությունների բովանդակային հիմքը։
Այս բանակցությունները կարող են ճանապարհ հարթել սահմանադրական լայն համաձայնության համար՝ ամրապնդելով պետական կառավարման սկզբունքների շուրջ քաղաքական ու հանրային փոխըմբռնումը։
Փաշինյանի առաջարկի մեջ ակնհայտ է նաև քաղաքական հաշվարկը։ Նա փորձում է պահպանել նախաձեռնությունը՝ ընդդիմությանը կանգնեցնելով դժվար ընտրության առաջ։ Առաջարկի մերժումը իշխանությանը հնարավորություն կտա պնդելու, որ տարիներ շարունակ վարչապետի հեռացումը պահանջող ընդդիմությունը հրաժարվում է անգամ այդ հեռանալու պայմանները բանակցելու հնարավորությունից։
Ընդդիմությունն էլ կարող է ստանձնել նախաձեռնությունը՝ հրապարակելով իր սահմանադրական պահանջները և իշխանությանը պարտադրելով դրանց շուրջ առարկայական քննարկում։
Այս վեց ձայնը կարող է լուրջ քաղաքական լծակ դառնալ՝ հնարավորություն տալով բանակցել վարչապետի պաշտոնավարման ժամկետների, իշխանության արդյունավետ հակակշիռների, ընդդիմության սահմանադրական լիազորությունների և նոր Սահմանադրության առանցքային դրույթների շուրջ։
Եթե ընդդիմությունը վստահ է Փաշինյանի քաղաքականության նկատմամբ հանրային լայն դժգոհության հարցում, հանրաքվեն հնարավորություն է այդ պնդումը ստուգելու համաժողովրդական քվեարկությամբ։
Հանրաքվեի գլխավոր հարցը նոր Սահմանադրության բովանդակությունն է։ Քաղաքացիները պետք է գնահատեն երկրի կառավարման ապագա սկզբունքները, իսկ ընդդիմության մասնակցությունը նախագծի մշակմանը հնարավորություն կտա ներկայացնելու այլընտրանքային լուծումներ և պահանջելու իշխանության իրական հակակշիռներ ու սահմանադրական ամուր երաշխիքներ։
Այս իրավիճակի գլխավոր հակասությունն ակնհայտ է․ տարիներ շարունակ Փաշինյանի հեռացումը պահանջող ընդդիմությունն այժմ կարող է մերժել այդ նպատակին հասնելու բանակցային հնարավորությունը՝ պատճառաբանելով վարչապետի խոստումների նկատմամբ անվստահությունը։
Իշխանության նկատմամբ անվստահությունը ենթադրում է ավելի ամուր երաշխիքների պահանջ։ Ընդդիմությունը կարող է ներկայացնել իր պայմանները և պահանջել դրանց հրապարակային քննարկում։ Իշխանության մերժման դեպքում պարզ կդառնան քաղաքական համաձայնության իրական խոչընդոտները։ Բանակցության քաղաքական արժեքը չափվում է ձեռք բերված արդյունքով և դրա կատարման երաշխիքներով։
Փաշինյանին անհրաժեշտ է վեց ձայն։ Դրանց դիմաց ընդդիմությունը կարող է բանակցել վարչապետի պաշտոնավարման ժամկետների, իշխանության իրական հակակշիռների և քաղաքական հերթափոխի սահմանադրական երաշխիքների շուրջ։ Սա հնարավորություն է տարիների քաղաքական պահանջները վերածելու իրավական պարտավորությունների։
Իսկ եթե ընդդիմության պատասխանը կրկին սահմանափակվի «Փաշինյանը մեզ կխաբի» հայտարարությամբ, անխուսափելիորեն առաջանալու է մի հարց․ ինչի՞ է ձգտում ընդդիմությունը, եթե անգամ իր գլխավոր քաղաքական պահանջը չի կարողանում դարձնել առարկայական բանակցության հիմք։


Բաց մի թողեք
Մերցն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման հնարավորությունը
Հայաստանի անվտանգության և հայ-ամերիկյան հարաբերությունների հարցերը
«Օշականցի Գևորիկի» եղբայր «Թուրքը»՝ շորթման գործի կենտրոնում. 20 տարվա հողային պատմություն