14/11/2024

Վիզային սահմանափակումներ են սահմանվել վրացական պառլամենտի եւ կառավարության վաթսուն անդամների եւ նրանց ընտանիքների անդամների հանդեպ

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը նոր սանկցիաներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների հանդեպ։

Խոսքը Վրաստանի ՆԳ նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար Զվիադ Խարազիշվիլու, նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, ինչպես նաեւ Alt-info  ռուսամետ շարժման ղեկավարներ Կուկի Մարգոշիայի եւ Զուրա Մախարաձեի մասին է։

Ինչպես նշում են վրացական պարբերականները, Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է սահմանել նաեւ վրացական պառլամենտի եւ կառավարության վաթսուն անդամների եւ նրանց ընտանիքների անդամների հանդեպ։

Ցանկում նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք ըստ ամերիկյան կողմի, մասնակցում են կոռուպցիոն սխեմաներում, ինչպես նաեւ անձինք, ովքեր նպաստում են կեղծ տեղեկատվության եւ բռնության տարածմանը։

Ամերիկյան կողմը նշում է, որ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված անձինք խաթարում են դեմոկրատիան, դաժանորեն ճնշում խաղաղ ցույցերը եւ հաշվեհարդար տեսնում քաղաքական ընդդիմախոսների հետ։