«Պետք չէ 2018 թվականի իրադարձությունները «հեղափոխություն» անվանել», – ինձ պարբերաբար հորդորում են իշխանության արմատական ընդդիմախոսները: Չեմ ուզում եզրույթների մասին վիճել, ավելի լավ է՝ խոսենք ըստ բովանդակության:
Ես շատ կուզեի, որ դա հեղափոխություն լիներ՝ որ փոխվեր համակարգը, քաղաքական, տնտեսական հարաբերությունները, որպեսզի մենք դառնայինք ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական, ավելի բարգավաճ երկիր: Իրականում մենք ստացանք նույն կոռուպցիան, նույն օլիգարխներին, ոստիկանական նույն բռնությունները, նույն քաղաքական հետապնդումները:
Ավելին՝ տարբեր դասի մտավորականների, ուսուցիչների շողոքորթությունները դարձյալ նույնն են, պարզապես այդ քծնողական ճառերն արտասանվում են «Կրթվելը նորաձեւ է» կամպանիայի շրջանակներում:
Դուք կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ է ամեն ինչ վատացել: Պատասխանը պարզ է՝ որովհետեւ այդ ամենին ավելացել է աղետալի դիլետանտիզմը. կոմպետենցիայի այն մակարդակը, որով հնարավոր է լուծել «ակտիվիստական հ/կ-ի» կամ լրատվամիջոցի հարցերը, խիստ անբավարար է համապետական խնդիրների համար:
Արցախյան աղետի մասին, որի արմատը նաեւ ներկայիս իշխանության ինքնահավան տգիտության մեջ է, հիմա չենք խոսում: Դառնանք մնացած ոլորտներին:
Տրանսպորտի եռակի թանկացումը. առաջ մենք ճխլվում էինք «հուսահատության գազելներում» 100 դրամով, հիմա՝ մեծ ավտոբուսներում 300 դրամով: Ընդ որում, Երեւանից դուրս ապրող թոշակառուները ոչ մի արտոնություն չեն ունենա:
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում, որի հարցերը լրացնելու համար ամեն մի աշխատող քաղաքացի, ցանկալի է, վարձի մեկ իրավաբանի եւ մեկ հաշվապահի: Ինքնին եկամուտները հայտարարագրելու գաղափարը, կարծում եմ, ճիշտ է, բայց իրականացումը վստահված է ծայրահեղ անիրազեկ մարդկանց։
Անհատ ձեռներեցների եւ միկրոբիզնեսմենների վրա հարկային ճնշման ավելացում: Ես, ճիշտն ասած, ակնկալում էի, որ հեղափոխությունը կբերի տնտեսության ազատականացմանը, բայց հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթաց:
Եվ ամենակարեւորը. իշխանությունը զբաղված է ոչ թե քաղաքական, տնտեսական կամ մշակութային ծրագրեր իրականացնելով, այլ այս կամ այն առիթով (հիմնականում՝ չնչին առիթներով) տեղեկատվական աղմուկ բարձրացնելով: Առայժմ դա ստացվում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին
… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»