10/03/2025

Օրերը մի քիչ տաքանան՝ ժողովրդին ոտքի ենք հանելու․ Բազեյան

Փետրվարի 2-ին տեղի է ունեցել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, նախկին Պնախարար Արշակ Կարապետյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հիմնադրած Համահայկական ազգային միասնության խորհրդի հիմնադիր համաժողովը։

Հրապարակ թերթը գրել է․ Մասնակցել են մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ գործիչներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ազատամարտիկներ, պահեստազորի զինվորականներ։ Հանդիպմանը տեսակապով միացել է նաեւ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, նախկին Պնախարար Արշակ Կարապետյանը։

Նա կոչ է արել իր հետեւորդներին՝ ակտիվ լինել, եւ հայտարարել է, թե ՀՀ ղեկավարությունը դավաճանում է պետությանը, եւ ապագայում ինքը դա կապացուցի։ «Հայաստանում չի կարող լինել քաղաքացի, որը չմտածի երկրի մասին։ Այսօր մեր երկրի ղեկավարության կողմից տեղի է ունենում դավաճանություն, որն ապագայում կապացուցենք։ Երկրի օրենքներն օգտագործվում են մի մարդու աթոռ պահելու համար։

Այս դահլիճում նստած շատերի վրա քրեական գործեր են հարուցված, դրանք նկարած գործեր են։ Եթե կա օրենք, բայց չկա արդարություն, ապա այդ օրենքը չի կարող օրենք համարվել, որովհետեւ այն ստեղծված է արդարություն պաշտպանելու համար»,- ասել է Կարապետյանը։

Ալբերտ Բազեյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են եղանակի տաքանալուն։ «Եղանակը մի քիչ տաքացավ՝ ժողովրդին ոտքի ենք հանելու եւ հեռացնելու ենք այսօրվա ապազգային, թրքահաճո իշխանությանը։ Պարտադրելու ենք Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու գործող Ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձեւավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի նոր, արդար Ազգային ժողովի ընտրություններ։ Բնականաբար, հանրությանը կներկայացվի նաեւ քաղաքական ծրագիր՝ պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ, որի հիմնական կետերից մեկը բանակի հզորացումն է»,- ասաց նա։ Ըստ Բազեյանի՝ իրենք են լինելու Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը։

«Համախմբում բոլոր ուժերի, մարդիկ պետք է մի կողմ թողնեն իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, իրենց քաղաքական կողմնորոշումներն ու դիրքորոշումները` համախմբվենք, ստեղծենք մի հզոր կառույց, լայնածավալ դաշինք կամ խորհուրդ, որպես այլընտրանք ապազգային իշխանությանը։ Հանրությունը պետք է իմանա, թե մենք այս իշխանությանը հեռացնելուց հետո ինչ ենք անելու։ Ոտքի կհանենք մեր ժողովրդին, կհեռացնենք այս իշխանությանը։ Որքան սրանք մնացին, այնքան մենք կորցնելու ենք, Ալիեւն ավելի խիստ պահանջներ է դնելու հայ ժողովրդի առաջ»,- նշեց նա։

Համահայկական ազգային միասնության խորհրդի ղեկավար կազմը դեռեւս չի ձեւավորվել։ Բազեյանն ասաց՝ կձեւավորվի մի քանի օր անց՝ խորհրդակցությունների արդյունքում։ «Կընտրվեն տարբեր կազմակերպություններից ներկայացուցիչներ, քաղաքական խորհրդի, ղեկավար մարմնի անդամներ։ Քաղաքական խորհուրդն իր կազմից 6 ամիս ժամկետով նախագահ կընտրի, ռոտացիոն կարգով վեց ամիսը մեկ կփոխվի քաղաքական խորհրդի նախագահը։ Բնականաբար, հանրությանը կներկայացվի նաեւ քաղաքական ծրագիր՝ պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ, որի հիմնական կետերից մեկը բանակի հզորացումն է»,- շեշտեց նա։

Ավելի վաղ գրել էինք, որ խորհրդում ընդգրկվելու են տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, հայրենակցական միություններ, անհատներ։ Հիմնարկեքին ներկա կլինեն նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն», Սարգիս Ավետիսյանի «Համերաշխություն», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ», Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան», Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները, սակայն այս գործիչների մի մասը չի մասնակցել համաժողովին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսը խորհրդի հոգեւոր խորհրդականն է, սակայն նա էլ համաժողովին ներկա չի եղել, ըստ Բազեյանի` Աշոցքում կայանալիք եկեղեցական արարողությունն է եղել պատճառը:

Մենք փորձեցինք կապվել նշված անձանց հետ` հասկանալու, թե ինչ ֆորմատ է սա, եւ ինչ ծրագրով են իրենք մասնակցում: Վիկտոր Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ է հարգում պարոն Բազեյանին եւ Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով հանդես եկող ցանկացած ուժի հետ պատրաստ է աշխատել։ «Շատ լավ եմ վերաբերվում Բազեյանի առաջարկած միասնության օրակարգին, հատկապես որ այն օրվա իշխանություններից ազատվելու համար է։ Պարոն Բազեյանը համարվում է քաղաքապետի պարկեշտության եւ անբասիրության էտալոն, շատ քաղաքապետեր պիտի նրանից սովորեն։ Սա նրան վստահելու հիմք է։ Բոլորս պետք է միանանք եւ պատրաստվենք 2026թ․-ին»,- նշեց նա։

Ֆիրդուս Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի մասնակցել համաժողովին եւ նման մտադրություն չունի: Իսկ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ ասաց, որ նման ձեւաչափով քաղաքական համագործակցությունը բացառում է. «Բացարձակ կապ չունեմ իրենց հետ, ինձ զանգել, ուղղակի հրավիրել է, ասել եմ՝ շնորհակալություն։ Եթե իրենց միանալու բան լինի, ես կասեմ։ Որեւէ առնչություն չունեմ այդ քաղաքական միավորման հետ»։