31/07/2025

Քոչարյանն իշխանության հայտ է ներկայացնում ու բաժանարար գծեր սահմանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցի ավելի քան երկու ժամանոց հարցազրույց է տվել, որը հրապարակվեց երեկ՝ էլ ավելի սրելով ներքաղաքական իրավիճակը։

Հրապարակ թերթը գրել է․ Նախկին նախագահը նախ վերահաստատել է իր հայտը՝ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասով, եւ պատմական էքսկուրսի միջոցով փորձել է համոզել, որ ինքը ճգնաժամային կառավարիչ է, ունի մեկից ավելի փորձ՝ երկիրը նման վիճակից հանելու։ Եթե ուզում են դուրս գալ այս վիճակից, թող ընտրեն իրեն։

«Ես Ղարաբաղում առաջին դեմք եմ դառել, երբ Ղարաբաղի ավելի քան 50 տոկոսը կորսված էր, հույս չկար մարդկանց մոտ։ Ես ստանձնել եմ պատասխանատվությունը, Պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել, եւ իմ առաջարկով էդ վիճակից հանել եմ եւ հաղթանակով ավարտել։ Երբ եկել եմ Հայաստան, ինձ հրավիրել է Տեր-Պետրոսյանը՝ 97 թվականին, վիճակը խայտառակ էր, 9-10 ամսվա աշխատավարձի ու թոշակների պարտք էր, թոշակներինը նույնիսկ մեկ տարի էր։ Մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, դրանից հետո 10 տարի եղել եմ նախագահ, մեկ օրով ֆինանսավորում չի ուշացել՝ ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ։ Էդ կարգապահությունը եղել է։ Իմ անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել եւ ինչ-որ հաջողության հասնել։ Եթե ուրիշ մարդ կա, որ նման կենսագրություն ունի, ինքս գնամ՝ այդ մարդու համար քվեարկեմ, ես ուրախ կլինեմ իմ ազատ կյանքով ապրելու։ Հիմա ես ասում եմ՝ էն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չե՞ք ուզում՝ հարցերը լուծվեն, գնացեք՝ ում ուզում եք, քվեարկեք, ուզո՞ւմ եք՝ այս հարցերը լուծվեն՝ քվեարկեք։ Այսպես է լինելու»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով․ «Ես ինքնաբավ մարդ եմ, սա այն դեպքը չէ, որ դա ինձ պետք է ինչ-որ բանի համար։ Ոչ մի բանի համար։ Ինձ համար, հակառակը, ծանր բեռ է լինելու։ Եթե հաջողենք, ուրեմն կարող եմ երրորդ ճգնաժամից հանել։ Այս մեկն ավելի ծանր է, բայց նաեւ ֆորսմաժորների հաղթահարման իմ փորձն է ավելի շատ»։

Առկա ճգնաժամային իրավիճակին իր ախտորոշումները տալուց զատ, Ռոբերտ Քոչարյանը նաեւ փորձել է մաքրել դեպի հաջորդ ընտրություններ տանող իր ճանապարհը, անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, իմպիչմենտի գործընթացին եւ «Ով բերեց Նիկոլին» հայտնի դիսկուրսին։ Նա պատմել է, որ 2018 թվականի ապրիլին՝ հանրահավաքների օրերին, զանգահարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, հարցրել` վիճակը ո՞նց է գնահատում։ «Ինձ տարբեր տեղերից ասում էին, որ սա գնում է այլ ուղղությամբ, կարծես կոնտրոլը կորցնում ենք։ Ինքը շատ հանգիստ ասեց` ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ վերահսկվում է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ` իրավիճակի սխալ գնահատում է արվել»։

Քոչարյանը համաձայն չէ, թե միայն կրակելով էր հնարավոր իրավիճակը լիցքաթափել, առանց մանրամասնելու պնդել է, որ հնարավոր էր վերահսկել։ Անդրադարձել է նաեւ իր եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններին՝ ակնարկելով, որ իրենց միջեւ հարաբերությունները հարթ չեն եղել նաեւ մինչեւ 2018 թվականը։ Այս համատեքստում շեշտել է՝ թիմերի միջեւ վերջին ամիսների փոխհրաձգությունը ՀՀԿ-ականներն են հրահրել․ «Ես թիրախավորվելու իմունիտետ ունեմ արդեն երկար տարիներ․․․», թերեւս նկատի ունենալով նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքը։

«Այո, Սերժ Սարգսյանի հետ տարանջատումը կա, ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի, եւ քանի որ կար նաեւ ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները՝ արդեն նախագահությունից հետո, ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի»։ Եվ որպես օրինակ՝ հիշատակել է հայ-թուրքական հարաբերությունների մասին տեսակետը։

Անդրադառնալով լուրերին, որ 2008-ին իր իրավահաջորդի թեկնածուն եղել է Վարդան Օսկանյանը, սակայն ինքը չի կարողացել նրան փոխանցել իշխանությունը, Քոչարյանն ասել է. «Ուրիշ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր, այո, նաեւ Օսկանյանի թեկնածությունը, բայց իմ թեկնածությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիան. այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարց է: Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց, եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որն այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։

Եվ Սերժ Սարգսյանը՝ տարիներ աշխատած ե՛ւ ՊՆ-ում, ե՛ւ անվտանգությունում, ե՛ւ Ղարաբաղի պատերազմի փորձն ունի, այդ տեսանկյունից, զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն է եղել։ Բայց ես երբեք չեմ մտածել, որ կարող են հետագայում այսպիսի զարգացումներ լինել»։
Ի՞նչ կաներ, եթե իմանար, որ տարիներ անց իշխանությունը փոխանցվելու է Նիկոլ Փաշինյանին, երկրորդ նախագահն ասել է. «Կմտածեի, իհարկե, կմտածեի»։

Նա համոզված է․ «Եթե սկզբից ՀՀԿ-ն վարչապետ ընտրեր Կարեն Կարապետյանին, հեղափոխություն չէր լինի»։ Ինչ վերաբերում է Փաշինյանին անվստահություն հայտնելու ներկայիս գործընթացին, ապա, Քոչարյանի համոզմամբ՝ դա իրատեսական չէ, եւ նշել է, թե վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենտի գործընթացին:

«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենտի գործընթացին: Ես, օրինակ, վստահ չեմ: Ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը իմպիչմենտի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որեւէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու: Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում: Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է: Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ ի՞նչ է եղել, փորձենք, չի լինի՝ չի լինի: Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, եւ մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար հետաքրքիր չէ»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե ում է դա հետաքրքիր՝ ըստ իրեն. «Օրինակ՝ մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու՝ կյանքի երազանք է: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ անհայտ, ոչ մեկը քո տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, դառնում ես այդ պահին կենտրոնական դեմք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք՝ ինչ-որ մարդկանց այդ երազանքն իրականացնելու համար»: Նրա կարծիքով՝ պատահակա՞ն է, որ ՀՀԿ-ն, երկար տարիներ լինելով իշխանության, այսօր խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության անունից հայտարարում է, որ չունեն վարչապետի թեկնածու։ Քոչարյանը վստահ է՝ ունեն, պարզապես իրատեսական չեն համարում գործընթացը, դրա համար էլ չեն առաջադրում։

ՀՀԿ-ականները երեկ, կարելի է ասել, ընդհատակ էին անցել, չէին պատասխանում զանգերին, հրաժարվում էին մեկնաբանություն տալ, մի քանի անհաջող փորձերից հետո միակ «կառուցողական» պատասխանը տվեց Արտակ Զաքարյանը՝ խոստանալով, որ մի քանի օրից հանգամանալից կպատասխանեն երկրորդ նախագահի հայտարարություններին։ Հավանաբար, դեռ միասնական դիրքորոշում չի մշակվել: