Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի դեմ եւ այն ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննության։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Վահագն Մելիքյանի նկատմամբ ԿԿՀ կարգապահական վարույթը հարուցվել է դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո։ Ըստ վարույթի՝ դատավորը գրավադրել է հարեւանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին, եւ վարել է աղջկա անվամբ գրանցված, բայց, ըստ Հանձնաժողովի, իրեն պատկանող ավտոմեքենան։
Մայիսի 19-ին ԲԴԽ-ում նախատեսված նիստը տեղի չի ունեցել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել է կասեցնել գործի քննությունը, քանի որ դիմում են ներկայացրել դատախազություն։ Միջնորդությունը ԲԴԽ-ն բավարարել է։
Իրավապահ համակարգից պաշտոնապես դեռեւս չեն մեկնաբանում քրեական վարույթ հարուցելու մասին տեղեկությունները, սակայն, ըստ լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեում իրավական գործընթաց է սկսվել դատավորի դեմ, եւ առաջիկայում քրեական վարույթ կնախաձեռնվի։
Նշենք, որ Վահագն Մելիքյանը սկանդալների կենտրոնում հայտնվել է 2020-ից հետո, երբ իշխանությունը հրահանգել էր կալանավորել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, իսկ նա կալանքի սանկցիա չտվեց։
ԱԱԾ-ն Մելիքյանի մասով «օպերատիվ աշխատանքներ» էր սկսել 2020-ի գարնան սկզբին, երբ ավարտվել էր նրա գործուղումը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ նա վերադարձել էր Ավանի նստավայր։ Տեսանյութը, որով ԱԱԾ-ում սպառնացել էին դատավորին, ձեռք էր բերվել ԱԱԾ աշխատակիցների կողմից ներքին դիտում կազմակերպելու ընթացքում, իսկ դատավորը դրա մասին տեղեկացվել էր միայն դրանից 3-4 ամիս անց, երբ հրավիրվել էր ԱԱԾ։
Այնտեղ դատավորին ցույց էին տվել համապատասխան տեսաձայնագրությունը եւ հայտնել, որ շուտով իրեն կմակագրվի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որը նա պետք է բավարարի, եթե չի ցանկանում, որ այդ կոմպրոմատը հանրայնացվի։
Սրանից բացի, 2021-ին դատավորը կալանքի որոշում էր կայացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի ընկերոջ` Արամ Սարգսյանի վերաբերյալ։ Սարգսյանը կալանավորվել էր «ֆեյք» Գագիկ Սողոմոնյանի գործով, որը, ըստ իրավապահների, հայհոյել էր ԱԱԾ տնօրենին։
Ըստ լուրերի՝ 2021 թ․ «Տրիումֆ» սրճարանում Երեւանի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը՝ բորբոքված, հեռախոսով խոսել էր կալանք տվող դատավոր Մելիքյանի հետ ու ասել. «Ի՞նչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Այդ միջադեպը քննության առարկա չդարձավ, Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ Արթուր Մկրտչյանի հեռախոսազրույցի հետ կապված քրեական գործի հարուցումը մերժվել է։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի