Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտնել Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի փեսային՝ Վասակ Վարդանյանին։
Պատճառն այն է եղել, որ պաշտոնյան 2023-ի հայտարարագրում չի ներկայացրել տեղեկություն այն մասին, որ Հայէկոնոմբանկից 75 հատ հասարակ անվանական բաժնետոմս է ձեռք բերել։ Վարդանյանը պարզաբանում է ներկայացրել ԿԿՀ՝ նշելով, թե 2019 թվականին ձեռք է բերել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից 15 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ մոտ 244 հազար դրամով, որից հետո բանկի խորհրդի որոշմամբ 1 բաժնետոմսը տրոհվել է եւ հավասարեցվել է հինգ բաժնետոմսի, որի համար ինքը գումար չի ստացել, արդյունքում ունեցել է 75 հատ բաժնետոմս։ Նա նաեւ նշել է, որ 2019-2023 թթ․ ընթացքում փաստացի եկամուտ չի ստացել եւ, ըստ Վարդանյանի, քանի որ եկամուտ չի ունեցել, այդ 4 տարվա ընթացքում չի էլ հիշել դրա մասին, որ հայտարարագրում ներառի։
Ի վերջո, հանձնաժողովը որոշել է պաշտոնյային ազատել վարչական պատասխանատվությունից՝ հայտարարելով միայն բանավոր դիտողություն։ ԿԿՀ-ի այս մեղմ որոշումը, ըստ էության, պայմանավորված է «մեղադրվողի» իշխանական կապերով եւ զբաղեցրած բարձր պաշտոնով։
«Հրապարակ»-ը կապ հաստատեց Կոտայքի փոխմարզպետի հետ, որը կտրուկ հրաժարվեց հարցերին պատասխանել։ Միայն այն հարցին, թե, իր կարծիքով, տեղի՞ն է եղել բանավոր դիտողությունը, արձագանքեց՝ տեղին էր, ամեն ինչ տեղին էր։ «Մանրանում եք արդեն, վսյո, էսքանը»,- Հայէկոնոմբանկից բաժնետոմսեր ձեռք բերելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ զայրացավ Վասակ Վարդանյանը։
Հայէկոնոմբանկը, հիշեցնենք, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ըստ ամենայնի, բանկից բաժնետոմսեր ձեռք բերելով՝ փոխմարզպետը հույս է ունեցել հետագայում եկամուտ ստանալ, թե ինչու 4 տարի եկամուտ չի ստացել, դրանք ինչ բաժնետոմսեր են, ինչու է ձեռք բերել եւ ինչու հենց այդ բանկից, այս հարցերը հնարավորություն չեղավ տալու Կոտայքի փոխմարզպետին, որը կարծում է, որ նման հարցեր տվողները «մանրանում են» եւ իրավունք չունեն իրեն այդ հարցերը տալ։
Նշենք, որ առաջին անգամ Վարդանյանի անունը հնչեց դեռեւս Ռոմանոս Պետրոսյանի՝ մարզպետ եղած ժամանակ` 2019-ին, երբ հայտնի դարձավ, որ մարզպետն իր թիմակիցներին հսկայական չափերի հասնող պարգեւավճարներ է բաժանել: Պարգեւավճար ստացողների թվում էր նաեւ Վարդանյանը. նա ստացել էր 460 հազար 334 դրամ: Ըստ մամուլի հրապարակումների եւ Հրազդանում պտտվող լուրերի` Միքայելյանը դեռ այն ժամանակ էր ուզում փեսային` փոխմարզպետ Վասակ Վարդանյանին, մարզպետ դարձնել:
Նման տեղեկություններ էին տարածվել դեռեւս 2018-ին, երբ Աբովյանի ընտրություններից հետո լարվել էին Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները: Սակայն այն ժամանակ Վարդանյանը հայտարարել էր, որ մարզպետ դառնալու որեւէ ցանկություն չունի: Վարդանյանի կենսագրությունը բավական համեստ է: 2016 թվականից Հրազդան համայնքի ավագանու անդամ է եղել։ Ուշագրավ է, սակայն, որ հենց 2016 թվականին, ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, Վարդանյանը որպես նվիրատվություն է ստացել հողամաս՝ իբրեւ բաժնային սեփականություն: Եթե 2018-ին նա որպես եկամուտ հայտարարագրել էր ընդամենը 860 հազար դրամ, ապա 2021-ի հայտարարագրի համաձայն՝ հայտարարագրել է 23 մլն 663 հազար 864 դրամի եկամուտ:
Բաց մի թողեք
Աստծուց կրա՞կ եք ուզում` է՞լ ինչ անի, որ իրեն չընտրեն, որ ինքը ազատվի այդ գերությունից
Իշխանությունը «խփել» է գլխներին, մոռացել են իրենց լրագրողական անցյալը
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը