20/06/2025

Նիկոլ Փաշինյանը «քայլելու է թուրքական դիվանագիտության ականապատ դաշտում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկնել է Թուրքիա: Գահրամանմարաշի օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անձամբ է դիմավորել: Էրդողանը և Ալիևը հանդիսավորությամբ բացել են Գահրամանմարաշի այսպես կոչված «ադրբեջանական թաղամասը», որ ավերիչ երկրաշարժից հետո է կառուցվել:

Իր ելույթում Իլհամ Ալիևը, հատկապես կարևորել է կողմերի միջև չորս տարի առաջ ստորագրված «Շուշիի հռչակագիրը», որ երկու երկրների «հարաբերությունները պաշտոնապես բարձրացրել է դաշնակցության մակարդակի»:

Ֆորմալ առումով «Շուշիի հռչակագիրը» Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական փոխադարձ օգնության, իրականում՝ Ռուսաստանի և Իրանի հնարավոր հավակնություններից Թուրքիայի կողմից Ադրբեջանին ապահովագրելու մասին է: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ մայիսի 28-ին Էրդողանը Լաչինում հայտարարեց. «Ադրբեջանը մեր երկրամասն է»:

Խիստ ուշագրավ է, որ Ալիևի Թուրքիա այցին զուգահեռ Բաքվի իշխանամերձ haqqin.az-ի Անկարայի թղթակիցն անդրադարձել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանն Էրդողանի ելույթին՝ հիմք ընդունելով նրա ձևակերպումը, որ Անկարան «պատրաստ է տարածաշրջանային ցանկացած նեգատիվ իրավիճակի և սցենարների»:

Հղում անելով թուրք ռազմական վերլուծաբաններին, հեղինակն ընդհանրացնում է, որ Թուրքիան դիտարկում է տարածաշրջանային երեք սպառնալիք՝ ռազմական բախում Ռուսաստանի, Իրանի կամ Իսրայելի հետ:

Դիտարկելով «գետնի վրա իրավիճակը», Ռուսաստանի և Իրանի կողմից Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը շատ ցածր է գնահատվում, թեև, ըստ ադրբեջանցի մեկնաբանի՝ «Թուրքիայում չեն բացառում Ռուսաստան-ՆԱՏՕ բախումը»:

Բաքվի լրատվամիջոցն ակնհայտորեն դիտարկում է, որ ստեղծված իրավիճակում թուրք-իսրայելական զինված առճակատումը հնարավոր է: Նա հղում է անում Էդողանի կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելիին, որի կարծիքով՝ «Իսրայելը ձգտում է ամբողջովին կառավարել Մերձավոր Արևելքը, ուստի իրականացնում է ռազմավարական առումով Թուրքիան շրջափակելու քաղաքականություն»:

Այս համատեքստում «Շուշիի հռչակագրի» ալիևյան հիշեցումը թողնում է Էրդողանին «հավատարմության երդում տալու» տպավորություն: Մանավանդ որ նա ավելացրել է. «Ադրբեջանը մշտապես Թուրքիայի կողքին է, Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եղել»:

Պարզ ասած՝ Ալիևը խոստովանում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում «հաղթանակի» իրական տերը Թուրքիան է, որի դիմաց «երդվում է» հնարավոր «ծանր պահին» մշտապես աջակցել նրան:

Չափազանցված կլիներ ասել, որ Թուրքիան «պատրաստվում է կամ արդեն իսկ պատրաստ է կանխարգելիչ պատերազմի», բայց սխալ է նաև բացառել այդ հավանականությունը, Էրդողանը կարող է զորքեր մտցնել Սիրիա և Իրանի քրդաբնակ շրջաններ՝ կանխելու այդ երկրներում Իսրայելի հովանու ներքո քրդական պետական կազմավորումների հռչակումը:

Ալիևն առերևույթ «երդվում է» այդ «ինքնապաշտպանական պատերազմում» լինել Թուրքիայի կողքին: Գործնականում որքանո՞վ նա կաջակցի Էրդողանին՝ չափազանց բարդ է կանխատեսել:

Չենք կարող, սակայն, չընդգծել, որ նա Էրդողանին «ընդմիշտ հավատարմության երդում է տվել» «վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի նախօրեին»: Այս իմաստով թուրքական «մարշի շարքում ամուր կանգնելու» ալիևյան հավաստիացումը կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների ենթադրյալ բարեփոխումն արգելափակելու կամ Փաշինյանից ավելի մեծ «գին պահանջելու կանխավճարի» իմաստ:

Հայաստանի վարչապետի Թուրքիա այցը քաղաքականից առաջ անվտանգային մեծ նշանակություն ունի, և Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման յոթ տարիների, թերևս, ամենալուրջ փորձությունն է անցնում: Սակրավորի մասին ասում են, որ մի անգամ թույլ տված սխալը նրան կյանք է արժենում:

Նիկոլ Փաշինյանը «քայլելու է թուրքական դիվանագիտության ականապատ դաշտում» և սխալվելու իրավունք պարզապես չունի: