Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:
Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:
Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոս:
Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնայակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:
2025թ. հունիսի 13-ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։
Այսպես, հավանաբար արդեն տեղյակ եք հնդիկ ուսանողների տարհանման մասին, որն իրականացվեց համաձայն երկու երկրների ԱԳ նախարարների պայմանավորվածության: Տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերիայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին:
ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից։
Աշխատանքները, այդ թվում և՝ ՀՀ այլ պատկան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակվում են»,- նշել է նա:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում