Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Երաժիշտը խոսել է «Եվրատեսիլից» հրաժարվելու, Գարիկ Սոնա բենդի, կնոջ, առողջական և ֆինանսական խնդիրների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր դրվագները։
4 վիրահատություն 3 ամսում. Առողջական խնդիրն առաջացել էր ոչ ճիշտ մարզվելու հետևանքով։ Սկզբում վնասվածքը փոքր էր, բայց շարունակում էի ինձ «խելոք չպահել»՝ սնոուբորդ էի քշում, ֆուտբոլ էի խաղում։ 1-շաբաթյա արձակուրդ վերցրի, որ բուժեի վնասվածքս, բայց սխալվեցի, որ այլ բժիշկների չդիմեցի, այլ կարծիքներ չլսեցի։ Ասացին՝ վիրահատություն է պետք, համաձայնեցի։ Արտասահմանից մասնագետ պետք է գար, վիրահատեր։ 10 օրից Ստեփանակերտում միջոցառում պետք է վարեի, հարցրի՝ «մինչև այդ կապաքինվեմ», ասացին՝ «այո»։
Վիրահատությունն ընթացավ ամենավատ սցենարով։ Վնասեցին առողջ ոտքս։ Այնքան բարդ վիրահատություն էր, որ նույնիսկ 1 հատը շատ ռիսկային է։ Ինձ 3 ամսում 4 անգամ վիրահատեցին։ Երրորդ վիրահատությունից հետո Շվեյցարիայից եկավ մի բժիշկ ու ասաց՝ «պատկերացրու բռնցքամարտիկ ես, ում մի քանի անգամ նոկդաուն են արել ու, եթե մեկ անգամ էլ դիպչեն նոկաուտ կլինի։ Բայց, եթե հիմա չանենք, չքայլելու ռիսկը շատ մեծ է»։ Ընկերներով գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք ու գնացինք վիրահատության։ Ավարտից հետո շատ հյուծված էի, բայց ֆիզիկապես անհնարինն եմ արել, որ կարողանամ վերականգնվել։ Դա համարում եմ կյանքիս վերաարժեքավորման փուլերից։ Որքան պետք չէր ֆիզիկապես այս ամենը լիներ, այնքան պետք էր հոգեբանորեն այս ամենով անցնել։
Ինձ ոչ ոք չի տեսել տխուր, դեպրեսիվ կամ հուսալքված, որովհետև դա անցնելու էր ընտանիքիս անդամներին։ Նույնիսկ այդ վիճակում պատվիրել էի սարքեր, որոնց վրա կարող էի կիթառն ամրացնել ու առանց կանգնելու նվագել։ Պատրաստվում էի այդպես շարունակել կյանքս, որովհետև դա ընտանիքիս ապահովության և երեխաներիս բարեկեցության գրավականն էր։ Պատրաստ էի ամենավատ սցենարին, բայց ոչ ոքի ցույց չէի տալիս, որ կյանքումս որևէ բան է փոխվել։
Ապրում էի մի երկրում, որտեղ նման իրավիճակում են հայտնվել շատ հերոս տղերք։ Ես միշտ շփվել եմ նրանց հետ ու տեսել եմ՝ ինչպես ավելի վատ իրավիճակում նրանք չեն հանձնվել։ Վիրահատությունից հետո ինձ տանում էին մարզասրահ, հետո ինքս էի գնում, բայց ոչ հստակ քայլերով։ Ծառայողական ընկերս՝ բժիշկ Արայիկ Դունոյանը, սովորեցնում էր նստել, կանգնել։ Բարկանում էի, ասում էի՝ չեմ ուզում, նա ինձ չէր լսում ու շարունակում էր։ Հետո սովորեցնում էր աստիճան բարձրանալ, իջնել։ Այսօր էլ դեռ վերականգնողական փուլում եմ, բայց այսպես էլ մնամ, գոհ եմ։
Նման իրավիճակում չպետք է համացանցում փնտրել ապաքինման տարբերակներ։ Երբ առաջին անգամ փնտրեցի, դժոխային օրեր ապրեցի, որովհետև, ըստ google-ի, քայլելու հնարավորություն չունեի։ Պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին ու ընդունել, որ նույնիսկ այդպես կարելի է ապրել։
Բաց մի թողեք
Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ականջդ կանչի պրոֆեսոր Բաբլոյան … Բուժքույրը ղեկավարելու է առողջապահական ոլորտի օրենսդիր գործունեությունը. Լուսանկար
Ինչ վիճակում են Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք