Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության «Լենքորան» ուղեկալի պատասխանատվության գոտում Իրանից Ադրբեջան մուտք գործելու փորձ է կանխվել, ձերբակալվել է Աֆղանստանի երկու քաղաքացի՝ 1999 թվականին ծնված Ռեզա Հաբիբուլլա Գասիմին և 2002 թվականին ծնված Մոհամեդռզա Մոհամեդնայիմ Հասանին:
Բաքվի Trend գործակալությունը հայտնում է, որ փաստի առթիվ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ, օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան տասներկուօրյա հարձակումներից հետո, ինչպես տարբեր աղբյուրներ են հաղորդում, Իսլամական հանրապետության տարածքից արտաքսվել է Աֆղանստանի ավելի քան կես միլիոն քաղաքացի: Ընդ որում`նրանցից շատերն ունեցել են Իրանում կեցության և աշխատանքի օրինականորեն ձեռք բերած իրավունք:
Աֆղանստանի հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվել են իսրայելական «Մոսադի» գործակալ լինելու կասկածանքով: Բացառված չէ, որ Գասիմին և Հասանին Իրանի պատկան մարմինների կողմից որոնվող անձինք են, որ փորձել են ապաստան գտնել Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրի՝ Ադրբեջանի տարածքում:
Հուլիսի 4-ին Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ օկուպացված Ստեփանակերտում գումարվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողով, որին մասնակցել է նաև Քաբուլի «Թալիբան» վարչախմբի կառավարության փոխվարչապետ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը, որ առիթը բաց չի թողել և կոչ է արել, որպեսզի ՏՀԿ երկրները պաշտոնապես ճանաչեն Աֆղանստանի իշխանություններին: Ստեփանակերտում են գտնվել նաև Թուրքիայի և Իրանի նախագահները, ինչպես նաև՝ Պակիստանի վարչապետը:
Այս համատեքստում «Անադոլու» գործակալությունը հայտնում է նախօրեին հանդես գալով Զենջան նահանգի զարգացման Խորհրդի նիստում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննադատել է երկրի քաղաքական վերնախավի այն թևին, որ Ադրբեջանի նկատմամբ «մեկուսացվածության դիրքորոշում» ունեն: Նա բացահայտել է, որ Ադրբեջան այցից առաջ Իրանում «ոմանք զգուշավորություն և այցի նկատմամբ դիստանցավորված մոտեցում են ցուցաբերել»:
Փեզեշքիանը չի մանրամասնել, թե խոսքը ո՞ր այցի մասին է, բայց եթե լավատես գտնվենք, կարող ենք ենթադրել, որ Իրանի վերնախավում գտնվել են մարդիկ, որ փորձել են նրան ետ պահել օկուպացված Ստեփանակերտ ուղեւորվելու որոշումից:
Մասուդ Փեզեշքիանը, կարծես, պատասխանել է նրանց. « Ադրբեջանը մեր հարազատն է, ինչպե՞ս կարող եմ ես այնտեղ չայցելել և համաձայնագիր չկնքել, ինչպե՞ս կարող եմ ես նորմալ հարաբերություններ չկառուցեմ իմ եղբայրների հետ, իսկ Իսրայելը մտնի այնտե՞ղ: Կսխալվեմ ես, ոչ թե նա (Իսրայելը)»,- «Անադոլուի» փոխանցմամբ ասել է Իրանի նախագահը:
Ըստ երևույթին`Ադրբեջան Իսրայելի մուտք գործելուն «հակազդելու» մասին Իրանի նախագահի դիտարկումը զուտ քարոզչություն է, քանի որ ոչ նրա Բաքու այցը, ոչ օկուպացված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցությունը որևէ ազդեցություն իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա չեն թողել:
Գրեթե նույն օրերին ադրբեջանական Socar նավթագազային պետական ընկերությունը ձեռք է բերել Իսրայելում շահագործման պատրաստվող «Տամար» գազի հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսը, որ արժե 1,2 միլիարդ դոլար:
Ադրբեջանական փորձագիտական շրջանակները վստահաբար պնդում են, որ վերջնանպատակը Սիրիայի տարածքով Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքներին միանալն է:
Օգոստոսի 2-ին Թուրքիայի տարածքով կգործարկվի Քիլիս-Հալեպ խողովակաշարը և օրական ավելի քան երեք հարյուր միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ կմատակարարվի Հալեպի ջերմաէլեկտրակայանին:
Մասուդ Փեզեշքիանը, այսպիսով, իրանա-ադրբեջանական հարաբերությունների հիմք է ճանաչում «հարազատությունը»: Դա, իհարկե, պաշտոնական Թեհրանի որոշելիքն է, բայց Հայաստանը Փեզեշքիանի ճշմարտության պահը լրջորեն գնահատելու խնդիր ունի:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է