18/08/2025

Ալիևը լեգիտիմացնում է Ուկրաինայի դեմ ռուս-բելառուսական ագրեսիան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել, որով Ուկրաինային հատկացվում է երկու միլիոն դոլար մարդասիրական օգնություն: Հաշվի առնելով նախօրերին Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցի քաղաքական ընդգծումները, Ալիևի «աղայական նվիրատվությունը» չնչին է:

Բայց, ինչպես ասում են՝ «կարևորը վերաբերմունքն է»: Այս, ինչպես նաև ռուս-ադրբեջանական տեղեկատվա-քարոզչական պատերազմի ֆոնին, երբ կողմերից մեկն սպառնում է Ադրբեջանում «հատուկ ռազմական գործողությամբ», իսկ մյուսն՝ Ուկրաինային ՄԻԳ-29 կործանիչների մատակարարմամբ, խիստ ուշագրավ տեղեկատվություն է ստացվել Մինսկից:

Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վալերի Ռևենկոն մամուլի ասուլիս է հրավիրել և տեղեկացրել, որ Մինսկը սեպտեմբերի 12-16-ին Մոսկվայի հետ համատեղ «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժություններ է անցկացնում:

Դրանք դիտարկելու համար, որպեսզի «տարածաշրջանային անվտանգությունը պահպանվի և վերականգնվի վստահությունը և համագործակցությունը Եվրոպայում վերականգնվեն և հիմք ընդունելով վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին Վիեննայի փաստաթղթի պահանջներից»՝ զորավարժությունները դիտարկելու հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ անդամ «անխտիր բոլոր պետություններին»:

Ո՞ր երկրներն են ընդունել պաշտոնական Մինսկի հրավերը՝ Բելառուսի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը չի բացահայտել: Ռուս-բելառուսական ռազմավարական համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկություններ մամուլում հայտնվել են անցյալ տարեվերջին:

Ռազմական մի շարք փորձագետներ տեսակետ են հայտնել, որ Ռուսաստանը «պարզապես առիթ է ստեղծում, որպեսզի Բելառուսի տարածքում լրացուցիչ զորքեր, ռազմական տեխնիկա և նորագույն սպառազինություններ տեղաբաշխի»:

Ըստ երևույթին, այդ զորավարժությունների հետ կապված հարցերը քննարկվել են Պուտին-Լուկաշենկո վերջին հանդիպմանը, որից հետո Բելառուսի նախագահը մամուլի ասուլիս է հրավիրել եւ մի չափազանց ուշագրավ դիտարկում արել. «Մենք Հյուսիսային Կորեան չենք, մենք ռազմաճակատային գծից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա ենք և ոչ մի առիթ չպիտի տանք, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր մտցնի»:

Որքանով հասկացվում է, Բատկան Վլադիմիր Պուտինին, կարծես, համոզել է, որ «զորավարժությունը՝ զորավարժություն, բայց Բելառուսի տարածքում Ռուսաստանի նոր զորախմբի, տեխնիկայի և սպառազինությունների տեղաբաշխումը նպատակահարմար չէ» և այժմ «Արևմուտք- 25» -ը միջազգայնորեն լեգիտիմացնելու, Եվրապայում վստահության և անվտանգության վերականգնմանն ուղղված քայլ ներկայացնելու խնդիր ունի:

ԵԱՀԿ անդամ ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար երկրների դիտորդների ներկայությունն այդ զորավարժություններին գործնականում գրեթե լիովին բացառված է: Ռևենկոն ասել է, որ զորավարժությունները դիտարկելու հրավեր ստացել են նաև ՀԱՊԿ, ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները:

Ադրբեջանը և ԵԱՀԿ, և ԱՊՀ անդամ է, տասնամյակներ ի վեր հանդիսացել է Բելառուսի ռազմավարական գործընկերը, իսկ Բատկան և Ալիևը բազմիցս իրենց անձնական հարաբերություններն անվանվել են «ավելի քան եղբայրական»:

Ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժություններին, որի անվանումն իսկ հուշում է դրանց հակաարևմտյան ծրագրավորումը, Իլհամ Ալիևը ռազմական դիտորդներ կուղարկի՞:

Զորավարժությունների դիտարկումը խորքային առումով ենթադրում է դրանք անցկացնող երկրի կամ երկրների և դիտորդ պետության ռազմական համագործակցություն կամ առնվազն անվտանգային հարցերում միմյանց նկատմամբ լոյալություն:

Ադրբեջանը նախագահի մակարդակով ռուս-ուկրաինական պատերազմը գնահատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա: Բելառուսը փաստացի ագրեսիայի կողմ է: Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն խոստովանել է, որ Մինսկը «պատերազմի ոչ ուղղակի, բայց մասնակից է»:

Եթե Ալիևը Մինսկ ռազմական դիտորդներ ուղարկի, ապա կնշանակի, որ նա լեգիտիմացնում է Ուկրաինայի դեմ ռուս-բելառուսական ագրեսիան: