Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վերջին ժամանակահատվածում ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մենք տեղեկություններ էինք ստացել, որ Վանեցյանը վերջերս հանդիպել է անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչների հետ:
Ըստ տեղեկությունների՝ առաջիկա ընտրություններին նրանք եւս լինելու են «Հայրենիք» կուսակցության շարքերում, որին «Հայրենիք»-ը կմասնակցի միայնակ: Թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակում ներառել նախկին ՕԵԿ-ականների, որոնք նաեւ պատգամավորներ են եղել, փորձեցինք ճշտել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանից:
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կարծում ենք՝ հանրության համար որոշակի չափով տեսանելի են նաեւ կուսակցության կազմակերպական աշխատանքների իրականացումը եւ կուսակցական կառույցների աշխարհագրության ընդլայնումը։
Այս գործընթացում «Հայրենիք» կուսակցությանն են անդամագրվում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, մի շարք քաղաքացիներ էլ, հայտնելով իրենց աջակցությունը, պատրաստակամություն են հայտնում ներգրավվելու կուսակցական-քարոզչական աշխատանքներին։
«Հայրենիք»-ի թիմի մեծացման գործում մեզ համար երբեք չեն եղել ի սկզբանե դրված խտրական արգելքներ՝ քաղաքացու՝ ժամանակին այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական հոսանքին հարելու հիմքով, եթե, իհարկե, տվյալ անձի հետ ընդհանուր առմամբ առկա է համաձայնություն կուսակցության քաղաքական կողմնորոշման, սկզբունքների, գաղափարների վերաբերյալ, եւ կա որոշակի փոխադարձություն հայտնվող տեսակետների ազնվության հարցում։
Վերը նշվածով՝ Ձեր կողմից բարձրացված հարցին անդրադարձանք առավել ընդհանրական եղանակով: Այնուամենայնիվ, Ձեր հարցին առավել որոշակիությամբ պատասխանել չենք կարող, քանի որ «Հայրենիք» կուսակցությունում այս պահի դրությամբ նախընտրական որեւէ ցուցակի եւ դրանցում անձանց ներգրավվածության հարցեր չեն քննարկվում։
Առհասարակ, նախընտրական ցուցակը կազմվելու է որոշակի չափանիշների հիման վրա, որոնցից կլինի նաեւ կոնկրետ անձի կատարած աշխատանքը, ջանքերի ներդրումը կուսակցության նպատակների իրագործման հարցերում։
Հետեւաբար, այս պահին կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ աջակցության խոսքեր հայտնելը, միջոցառումներին ներկա գտնվելը, կուսակցությանն անդամագրվելը ինքնին խիստ անբավարար քայլեր են «Հայրենիք»-ի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնելու համար»,- նշեց Հակոբյանը»։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար