18/10/2025

Գիտեք ինչ, իրենք կարող են նաեւ ասել, որ հայհոյել եմ, զենք եմ հանել, կրակել…

«Գիտե՞ք, թե իրական Հայաստանում ինչ է նշանակում կրթվել, եւ որն է կրթվելու «նորաձեւության» նախապայմանը: Ուրեմն, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ, սակայն գնահատական չեն ստանում:

Հրապարակ թերթը գրել է․ Համենայնդեպս, վերջիններիս համար իրենց գնահատականները հասանելի չեն: Ավելին` քոլեջը հրապարակում է ընդունվածների ցուցակն առանց գնահատականների: Ի պատասխան ծնողների հարցմանը, քոլեջի փոխտնօրեն Թովմասյանն ասում է, որ գնահատականները դեռ մշակման փուլում են, պատրաստ չեն: Եվ դա՝ այն դեպքում, երբ քոլեջ ընդունվածների ցուցակն առանց գնահատականների արդեն հրապարակված է:

Ըստ փոխտնօրեն Թովմասյանի, «ուր ուզում եք՝ բողոքեք»: Դե, դիմորդների ծնողները, հետեւելով փոխտնօրենի հորդորին, բողոքում են: Սակայն գիտե՞ն արդյոք ծնողները, թե որտեղ պետք է բողոքել` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությո՞ւն, Nikol Pashinyan /Նիկոլ Փաշինյանի՞ն: Իհարկե, ոչ:

Նախ` իրական Հայաստանը դա քաոտիկ, կներեք, «խաղաղության» խաչմերուկ է, իսկ քաոսը, կներեք, «խաղաղությունն» իրենից բողոքներ չի ենթադրում: Բացի դրանից` ինչպես ասում է Փաշինյան Նիկոլը, «Պարտությունն անխուսափելի է, որովհետեւ անվերջ հաղթել հնարավոր չէ»:

Եվ, ուրեմն, բողոքել պետք չէ: Պարտվեք, պարոնայք, անխնա պարտվեք: Թերեւս, սա է իրական Հայաստանի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության իմաստը»,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը:

Ահազանգի հետքերով զանգահարեցինք Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Մեզ պատասխանեց հենց փոխտնօրեն Վարդան Թովմասյանը, որը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իրենք ամեն տարի միայն ընդունվածների ցուցակներն են հրապարակում, իսկ ով ցանկանում է նաեւ գնահատականներն ունենալ, այդ դեպքում տրամադրում են դրանք։

«Հեսա մի 15 րոպեից հետո, իրենց միավորներով ցուցակը կկպցվի, ոչ մի տարբերություն, նախկինում էլ միշտ առանց միավորների ենք հրապարակել ընդունվածների ցուցակը»,- շտապեց պարզաբանել փոխտնօրենն ու վստահեցնել, որ ծնողներին չեն մերժել ընդունվածների գնահատականները փոխանցելու հարցում. «Ո՞նց կարելի է, սա ո՞ր թիվն է` 37, որ մերժենք գնահատական տալ, ոչ մի թաքուն բան չկա, եւ ոչ մի խնդիր էլ չկա»: Ինչ վերաբերում է նրան, որ դիմորդների ծնողներին ասել է` «ուր ուզում եք, բողոքեք», փոխտնօրենն անակնկալի եկավ. «Գիտեք ինչ, իրենք կարող են նաեւ ասել, որ հայհոյել եմ, զենք եմ հանել, կրակել…, բայց մի քիչ բարոյական բաներից ահագին շեղվում ենք»,- եզրափակեց նա: