Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրը՝ երեկ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսներին, Արցախում հանգչող մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ՝ սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների անմար հիշատակին։
Չնայած այն ընդամենը հուշակոթող է՝ զոհվածներին նվիրված, սակայն պարզվում է՝ իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել, որ Արցախի քաղաքական գործիչները եւ հայաստանյան նրանց գաղափարակիցները բացման հանդիսավոր արարողություն չանեն, հնչեղություն չհաղորդվի այդ իրադարձությանը, քանի որ դրանով կշարժեն Ալիեւի զայրույթը, եւ ռեւանշիզմի դրսեւորում կլինի:
Կամ, ինչպես Արթուր Վանեցյանն ասաց. «Ալիեւը կջղայնանա այդ փաստից»։ Վանեցյանը, ի դեպ, հուշակոթողի ֆինանսական հովանավորն է, նրա խնամին` Կարեն Սարգսյանն էլ՝ գաղափարի հեղինակը։
Պատմեցին, որ իրավապահ մարմիններից վերջին մի քանի օրերին «բացատրական աշխատանքներ» են տարել Կարեն Սարգսյանի հետ, փորձել են համոզել, որ հետ կանգնեն հուշակոթողի բացման արարողությունը սեպտեմբերի 2-ին անցկացնելու մտքից, այն անել սուսուփուս, առանց լրագրողների, առանց լուսաբանման, սակայն մերժում են ստացել եւ միջոցառումից մեկ օր առաջ գնացել են Եռաբլուր ու ապամոնտաժել այնտեղ տեղադրված դինամիկներն ու ողջ տեխնիկան, որը նախատեսված էր միջոցառման համար, ներկաների ելույթների համար։
Եվ կանխատեսելով, որ նոր տեխնիկա կտարվի Եռաբլուր, իշխանությունը երեկ առավոտյան հրահանգել էր հոսանքազրկել Եռաբլուրի տարածքը, որպեսզի խափանեն միջոցառումը։
«Վերջին շրջանում մեր թշնամի պետությունների կողմից, ցավոք սրտի, նաեւ ՀՀ իշխանությունների կողմից, քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը մշտապես փակելու ուղղությամբ, բայց ես վստահ եմ՝ Արցախի էջը հնարավոր չէ փակել»,- պանթեոնում՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը՝ չթաքցնելով, որ իշխանությունները փորձել են խոչընդոտել միջոցառման անցկացմանը։
Նիկոլ Փաշինյանը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած համաձայնագրից հետո հայ հանրությանը փորձում է հավատացնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան ենք թեւակոխել, որ այժմ բոլորովին ուրիշ Հայաստանում ենք ապրում, այլեւս պետք չէ խաղաղության մասին երազել, քանի որ այն ունենք, այս քայլով ցույց է տալիս, որ իր ասածները սուտ են, եւ որ մի հուշարձանի տեղադրման փաստը կարող է փլուզել իր պատմած հեքիաթները, բացահայտել հանրությանը ներկայացվող սուտը։ Նա անգամ համարձակություն չունեցավ երեկ օրվա առիթով թեկուզ իր ոճում մի ուղերձ հղել՝ հիշելով Արցախը, որի շուրջ է ձեւավորված եղել նորանկախ Հայաստանը: Նա ամեն ինչ անում է, որ իրեն ու հանրությանը, նաեւ դրսի իր հովանավորներին համոզի` Արցախի էջը փակված է։ Ուղերձներ չհնչեցին նաեւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների կողմից:
Դա արեցին ՀՀ նախկին՝ երկրորդ եւ երրորդ նախագահները, Վեհափառը, Անթիլիասի կաթողիկոսը եւ տասնյակ կուսակցական ու քաղաքական գործիչներ։
Մինչդեռ 2018 թվականի սեպտեմբերի 2-ին Փաշինյանն իր ուղերձում ասում էր. «Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ եւ արդարացի լուծման»։ 2019 թվականին էլ հայտարարում էր, որ անելու են ամեն ինչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի արդյունքները պահելու համար․ «Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, եւ մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ եւ արդարացի լուծման հասնելու ուղղությամբ»։ 2020 թվականի սեպտեմբերի 2-ի ուղերձն ավելի հակիրճ էր. «1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»:
Պատերազմին հաջորդած տարում` 2021-ին, Փաշինյանն իր ուղերձում դեռեւս օգտագործում էր «Արցախի Հանրապետություն» եզրույթը, միաժամանակ արդեն շրջանառության մեջ էր դնում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը․ «Այդպիսին էր Արցախի ժողովրդի դեմ անկախության հռչակումից անմիջապես հետո գործադրած բռնությունը՝ պատերազմը, որի հետեւանքով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը մտավ միջազգային հարաբերությունների օրակարգ․․․
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաեւ համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։ Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»։
2021-ից հետո Փաշինյանն այլեւս «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը չէր օգտագործում, կարգավիճակի հարցն էլ Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիր էր դիտարկում։ Իսկ երեկ նա արդեն մի ցինիկ գրառում արեց ՖԲ իր էջում․ «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։ Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Իսկ Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չունի իր շնորհիվ:
Բաց մի թողեք
Լենա Նանուշյանի ամուսինը` ՀԿԳ ավագ օպերլիազոր. փոխնախարարի հայտարարագրի հետքերով
«Տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ
Փնտրվում են «մահապարտներ»․ Լուսանկար