09/09/2025

Ալիևին և Փաշինյանին միավորում է մեկ բան՝ Արցախը

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հաստատվում է ռազմավարական գործընկերություն․ օրերս Չինաստանում հայտարարել են այդ երկրի նախագահ Սի Ցզինփինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին ընդունվել է համատեղ հայտարարություն:

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին մեկնել էր Չինաստան՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Նրանք պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակում:

Թիենծին քաղաքում կայացած հանդիպմանը Սի Ցզինփինը շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը:

Իսկ Հայաստանի վարչապետը ճանաչել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը՝ վերահաստատելով իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Փաշինյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը լավագույնս կարող է շաղկապվել նաեւ Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։ Նա նաեւ ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:

Նիկոլ Փաշինյանն ու իր կինն այդ օրը նաեւ ողջագուրվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի եւ Մեհրիբանի հետ: Եվ Աննա Հակոբյանը երեկ Մեհրիբան Ալիեւայի հետ ջերմ ու սիրառատ լուսանկարներ հրապարակեց: Նիկոլ Փաշինյանի քայլերը, ըստ որոշ փորձագետների, նման են մարմնավաճառ կնոջ. նա մե՛կ դեպի Չինաստան է գնում, մե՛կ՝ ԱՄՆ, մե՛կ` ԵՄ, իսկ արանքներում էլ սիրառատ խոսքեր է շռայլում ՌԴ-ի հասցեին: Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունն ու իմաստը: Կա՞ այստեղ որեւէ ծրագիր կամ նպատակ:

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականից սկսած, կարողանում է հանրությանը վաճառել դատարկ խոստումներ ու անիմաստ հույսեր: Նա կարողանում է ժողովրդին պահել սպասման մեջ: 2018-ին տեղի ունեցած պրոցեսներն էլ այդ տրամաբանության մեջ էին. մարդիկ սպասում էին, որ Փաշինյանը բոլոր տնտեսական խնդիրներին լուծում է տալու: Եթե ավելի պարզ ասենք, հայ ժողովուրդը կարծում էր, թե Նիկոլ Փաշինյանը Ռոբին Հուդն է եւ գալու էր հարուստներին ունեզրկելու եւ նրանց հարստությունն աղքատներին բաժանելու: Իրականում իրողություններն ընթացան լրիվ այլ հունով: Միայն ինչ-որ մի նեղ շրջանակի համար լուծվեցին սոցիալական խնդիրներ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այս մարդն այնտեղ եւս կարողանում է դատարկ խոստումներ վաճառել: Օրինակ` 2021 թվականի ընտրություններից առաջ կար որոշակի փոխըմբռնում` ռուսական կողմի հետ, որ այն համակարգը, որը ձեւավորվել է 2020 թվականի պատերազմից հետո, այդ համակարգը Փաշինյանը պետք է պահպանի, որպեսզի Արցախին բոլոր տեսակի աջակցությունները ցուցաբերվեն, որ գոնե եղածը մնա, իսկ Արցախի հետագան թողնվեր ապագային, իրականում ի՞նչ տեղի ունեցավ: Նիկոլ Փաշինյանը որոշակի պայմանավորվածություններ ուներ նաեւ Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, սակայն մենք՝ բոլորս տեսանք, թե վերջում ինչ տեղի ունեցավ: Նա հանձնեց Արցախը, հայաթափվեց այն, այժմ էլ բացահայտ խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այս համատեքստում պետք է հասկանալ, թե ինչ է նա անում հիմա: Գնաց Չինաստան, հայտարարեց, որ ցանկանում է դառնալ ՇՀԿ-ի անդամ: Ի՞նչ է անելու ՇՀԿ-ն: Նոր վճարային համակարգ է ստեղծելու, որը ոչ մի կապ չի ունենալու արեւմտյան համակարգի հետ, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետում նաեւ Արեւմուտքին: Նա փորձում է նաեւ աջակցություն ստանալ Չինաստանից: Այն, որ Հայաստանը կարող է ամերիկյան զորքեր մտցնել իր տարածք կամ թուրքական զորքեր, դրան կարող է դեմ լինել Չինաստանը: Նա այս քայլով փորձում է չեզոքացնել Չինաստանի հակադրումը: Նրա այցը դրա համար էր անհրաժեշտ: Սակայն ի՞նչ տեղի ունեցավ հետո: Ալիեւը պրովոկացիոն հայտարարություն արեց ընդդեմ Հնդկաստանի, Հնդկաստանը դեմ է դուրս գալիս նրան, որ Ադրբեջանը մաս կազմի ՇՀԿ-ին, դրան էլ ի պատասխան՝ Պակիստանն է դեմ արտահայտվում Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին: Նիկոլ Փաշինյանը փորձում է Չինաստանին ցույց տալ, որ ինքը դեմ չէ համագործակցությանը, որ Պակիստանն է խանգարում իրեն: Սա դասական փաշինյանական գործելաոճ է: Ինչ վերաբերում է Ալիեւի եւ Փաշինյանի ողջագուրմանը, ապա նրանք դաշնակիցներ են, սա պետք է մեկընդմիշտ հասկանալ: Նրանց միավորում է մեկ բան` Արցախը: Արցախի հարցը պետք է վերջնականապես փակել»: