18/10/2025

Իրավապահները մինչև դեկտեմբերի 18-ը ժամկետ ունեն

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարացրեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Ս․ Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաեւ փողերի լվացման համար: Նա 4 ամիս է՝ կալանավորված է։

Հրապարակ թերթը գրել է․ Ուշագրավ է, որ դատարանը, երկու անգամ էլ քննելով կալանքի միջնորդությունը, բավարարել է այն, բայց միայն «մեր ձեւով» արտահայտության համար, իսկ փողերի լվացման մեղադրանքը միանշանակ անհիմն է համարել:

Կարելի է պատկերացնել, թե ինչքան անապացույց է եղել մեղադրանքը, որ ավելի հիմնավոր համարել են եկեղեցու մոտ տված մի քանի վայրկյանանոց հարցազրույցը` ի պաշտպանություն Եկեղեցու:

«Դատարանն արձանագրեց, որ թե՛ երկրորդ դրվագը, թե՛ երրորդը, այսինքն՝ նորը եւ նախկինը, պայմանականորեն, երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում: Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ՝ կա՛մ ավարտեք, գործն ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- նիստի ավարտից հետո ասել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Իշխանությունը զավթելուն ուղղված կոչի համար Սամվել Կարապետյանը նախնական կալանքի տակ կարող է գտնվել 6 ամիս, որից 4 ամիսն արդեն կալանքի տակ է եղել, 5-րդ ամիսն էլ կնստի դատավոր Վահե Դոլմազյանի վերջին որոշմամբ, եւ դա է պատճառը, որ վերջին անգամ կալանքի ժամկետը երկարացվեց ընդամենը 1 ամսով։ Ըստ ամենայնի, նախաքննական մարմինը ստիպված է առաջիկայում ավարտել այդ մասով նախաքննությունը եւ ուղարկել դատարան՝ քննության։

Սամվել Կարապետյանի փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը «Հրապարակ»-ին ասաց, որ նախաքննությունն ավարտելու մասին տեղեկություն չունեն, նշեց՝ կարող են ավարտել, կարող են` ոչ կամ էլ կարող են այդ մասն անջատել գործից, ուղարկել դատարան, բայց դրա համար մինչեւ դեկտեմբերի 18-ը ժամկետ ունեն։ «Կոչի դրվագով նախնական առավելագույն ժամկետը 6 ամիս է, 4 ամիս է՝ պարոն Կարապետյանը կալանքի տակ է, մեկ ամիս երկարաձգեց դատարանը, դարձավ 5 ամիս, մեկ ամիս էլ կարող են երկարացնել, եթե շատ ուզեն»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ քննչականն արդեն երկրորդ անգամ էր միջնորդություն ներկայացնում դատարան` կալանքի ժամկետի երկարացման համար: