Իջեւանի բնակիչ, 1981թ․ ծնված, ամուսնալուծված, խնամքին մեկ անչափահաս երեխա ունեցող Նարա Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խարդախությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, Տավուշի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրեւ «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու, Դարբինյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 97 մլն դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլար։
Հրապարակ թերթը գրել է․ 2020թ․ փետրվարի 7-ին Տավուշի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Ն․ Ղազումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման։ Ղազումյանի պաշտպանները դատավճռի դեմ վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, սակայն դրանք մերժվել են։
Հետո Ն․ Ղազումյանին նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006-2009 թթ․ աշխատելով «Ապավեն համայնքներին» բարեգործական հիմնադրամում որպես մարզային կազմակերպչի օգնական, ապա՝ կազմակերպիչ, Արա Սիմոնյանի, Ստելլա Դավիդյանի եւ Ջեմմա Ֆրանգուլյանի օժանդակությամբ, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, գործունեությունը դադարեցված բարեգործական հիմնադրամում բարձր վարձատրվող աշխատանքների ընդունելու, թանկարժեք մեքենաներ եւ բնակարաններ հատկացնելու, շինություն վարձակալելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումարներ։ Ղազումյանը գտնվել է կալանքի տակ, մյուս 3 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը։ Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 5 դրվագով, եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով, Ա․ Սիմոնյանին՝ օժանդակության համար, 4 դրվագով, Ջ․ Ֆրանգուլյանին՝ 2 դրվագով, եւ Ս․ Դավիդյանին՝ 4 դրվագով։ Քրեական գործում խարդախության դրվագներից մեկով Ն․ Ղազումյանն իր ազգական Հակոբ Խոսրովյանին առաջարկել է ներգրավվել հիմնադրամի աշխատանքներում, խոստացել է միջնորդել հիմնադրամի ղեկավարությանը՝ նրան որպես Արարատի մարզի համակարգող, իսկ նրա ընտանիքի անդամներին տարբեր այլ պաշտոնների նշանակելու, ինչպես նաեւ նրան «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա տրամադրելու հարցում։
Ըստ մեղադրանքի՝ նշված պատրվակով էլ Հակոբ Խոսրովյանից հափշտակել է 28 մլն 980 հազար դրամին համարժեք 60 հազար դոլար։ Ա․ Սիմոնյանին, Ջ․ Ֆրանգուլյանին, Ս․ Դավիդյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք Ն․ Ղազումյանին օժանդակել են առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու գործում։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել է 2020թ․ օգոստոսի 11-ին։ 2023թ․ հունիսի 6-ին դատավոր Դ․ Սարգսյանը որոշել է քրեական գործի տարածքային ընդդատությունը փոխել, գործն ուղարկել Տավուշի մարզի դատարան։
2020թ․ հունիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ս․ Մխիթարյանը որոշել է քրեական գործն ընդունել վարույթ։ 2024թ․ փետրվարի 22-ին դատավոր Ս․ Մխիթարյանը Ն․Ղազումյանի պաշտպանների միջնորդությունը բավարարել է եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացրել` կիրառելով տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով: 2025թ․ հունիսի 12-ի նիստում դատավոր Ս․ Մխիթարյանը տնային կալանքն էլ է փոխել` կիրառելով վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Այս գործով դատական վերջին նիստը կայացել է հոկտեմբերի 13-ին։
Բաց մի թողեք
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է