26/12/2025

Ավագանու այս երկու նոր անդամների ներկայության դեպքում` քվորում կապահովվի և առաջիկա նիստը չի տապալվի

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նիստում մանդատ հանձնվեց Գյումրու ավագանու նոր անդամի` Արտակ Հովսեփյանին։

Արտակ Հովսեփյանը փոխարինեց «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանին, որին պետք է փոխարիներ Հասմիկ Խաչատրյանը, սակայն վերջինս նույնպես հրաժարվել էր մանդատից` երկրից բացակայելու պատճառով։

Կոմունիստական կուսակցության ավագանու նախկին  անդամ, երեկ կալանքից ազատ արձակված Տիգրան Ավագյանին փոխարինելու է Արտյոմ Մկրտչյանը։

Արտյոմ Մկրտչանը   զբաղեցնում է պաշտոն Գյումրու համայնքապետարանում, կոմունալ ծառայության բաժնի պետն է,  որը համատեղելի չէ ավագանու մանդատի հետ։Քիչ առաջ տեղեկացանք, որ,  այնուամենայնիվ, Մկրտչանը որոշել է հրաժարվել համայնքապետարանի պաշտոնից և նախապատվություն տալ ավագանու մանդատին, որպեսզի առաջիկայում ավագանու նիստերը չտապալվեն։

Այս զարգացումը ցույց է տալիս, որ Գյումրիում ավագանու հաջորդ նիստը մեծ հավանականությամբ կկայանա, ինչը կարևոր է քաղաքական  գործընթացների համար։ Եթե հաջորդող նիստերը մինչև հունվար չկայանան, կառաջանա  կառավարման կրիզիս, ինչին ձգտում է ՔՊ֊ն, որի ավագանու անդամները վերջին նիստը բոյկոտեցին` չներկայանալով։

Ավագանու այս երկու նոր անդամների ներկայության դեպքում` քվորում կապահովվի և առաջիկա նիստը չի տապալվի։