02/12/2025

Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար

Newmag հրատարակչությունը որոշել է հիմնել գրքասերների ինտելեկտուալ ակումբ: Այն կարդացող եւ մտածող մարդկանց համար նոր հարթակ է՝ լի տարբեր հնարավորություններով: Ակումբի անդամ դառնալու համար հարկավոր է վճարել 100 հազար դրամ, եթե ցանկանում ես 12 ամսով անդամակցել ակումբին, եւ 60 հազար դրամ, եթե ցանկանում ես անդամակցել 6 ամսով:

Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Newmag Signature Club-ին, որը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից, ասում է, որ ինքնուրույն մտածող մարդիկ սովորաբար հավաքվում են փոքր խմբերով՝ նոր գաղափարներ փոխանակելու համար։

Newmag Signature Club-ը շարունակում է այդ ավանդույթը եւ ստեղծում է ուրույն մի վայր՝ այն յուրահատուկ մարդկանց համար, ովքեր կարդալը, մտածելը եւ գործելը դարձրել են իրենց կենսակերպը: Սա 21-րդ դարի կենսակերպն է։

– Ինչպե՞ս ծագեց գրքասերների ինտելեկտուալ ակումբ հիմնադրելու գաղափարը: Ի՞նչ է տալու այն ակումբի անդամներին:

– Շատ երկար ժամանակ մեր ընթերցողները խնդրում էին, որ ունենանք մեր սեփական գրքի ակումբը, որտեղ կկարողանանք քննարկել գրքերը, դրանցում արծարծված թեմաները, ինչպես նաեւ՝ կփոխանակվենք մտքերով: Գաղափարը ծնվել է ընթերցողների պահանջով, որպեսզի լինի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան փոխանակվել գաղափարներով: Գաղափարը զարգացրինք, սահմանեցինք գրքեր ստանալու տարեկան բաժանորդագրության մեխանիզմը, որը հնարավորություն կտա առաջին հերթին, որ գրքի ակումբին միանան նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են գրականությամբ, այլ ոչ թե ուղղակի ուզում են ժամանակ անցկացնել: Տնտեսական մոդելը ստեղծելիս հաշվի ենք առել, որ գրքերը հնարավոր է մատչելի չլինեն շատերի համար, իսկ տարեկան բաժանորդագրությամբ 100 հազար դրամով դու ամեն ամիս փաստացի ձեռք ես բերում երկու գիրք՝ 8 հազար 333 դրամով․ այն բավականին մատչելի է: Եվ հնարավորություն է ստեղծվում տարվա ընթացքում ունենալ 24 գիրք: Հետո մենք գաղափարն ավելի զարգացրինք: Բացի գրքերից, որ տրամադրելու ենք անդամության շրջանակում, առաջարկում ենք նաեւ դասախոսություններ, վարպետության դասեր: Դրանից հետո ծագեց գաղափար, որ ակումբի մասնակիցները պետք է ստանան զեղչեր այն կազմակերպություններից, որոնք մեր գործընկերներն են: Դրանք են Burmunk, Danz, Time, Touse, Hermitage եւ այլ խանութների ցանցերը: Գաղափարն առավել ընդլայնեցինք՝ ներգրավելով հայ դիզայներների: Երեք հայ դիզայներներ՝ Արմեն Գալյանը, Նուռը եւ Արամ Նիկոլյանը, մեզ համար ստեղծելու են հատուկ պարագաներ, աքսեսուարներ եւ հագուստ: Դրանք հասանելի կլինեն բացառապես ակումբականների համար: Այսինքն՝ գրքային ակումբի գաղափարը զարգացրինք՝ դարձնելով մի ամբողջ ենթակառուցվածք, երբ տարեկան կտրվածքով Newmag-ին միանալով, ստանում ես գրքեր, մասնակցում ես դասախոսությունների եւ փառատոների, օգտվում ես խանութների զեղչերից եւ ձեռք ես բերում էքսկլյուզիվ պարագաներ ու հագուստ:

– Հունվարի 1-ի՞ց է ակումբն իր աշխատանքը սկսելու:

– Այո, այժմ բաժանոր­դագ­րությունը բաց է, իսկ տեղերը խիստ սահմանափակ են, այն նախատեսված է 100 անձի համար: Տեղերի կեսից ավելին վաճառվել է: Ինչու ենք ընտրել 100 անձ՝ որպեսզի կարողանանք փոքր մասշտաբով մատուցել ծառայություններ, որոնք կլինեն որակյալ: Այդ ամենից հետո, երբ գնահատենք մեր ուժերն ու պոտենցիալը, գուցե ընդլայնենք շարքերը:

– Իսկ ովքե՞ր են դասախոսություններ կարդալու՝ «Նյումեգ»-ի հեղինակնե՞րը:

– Ոչ, դասախոսություններով հանդես են գալու տարբեր հրավիրյալ մասնագետներ, արտերկրից միջազգային փորձագետներ, հայ փորձագետներ եւ այլն:

– Ակումբի հիմնական քննար­կումներն ինչի՞ մասին են լինելու, բացառապես՝ գրականությա՞ն:

– Գրքի ակումբում, ըստ նախատեսված կարգի, ամիսը մեկ անգամ քննարկելու ենք գրականություն, իսկ վարպետության դասերը, դասախոսությունները լինելու են տարբեր թեմաներով` մշակույթ, ճարտարապետություն, արհեստական բանականություն, անձնական աճ, ռեգիոնալ քաղաքականություն, ֆինանսներ եւ այլն: Այս պահի դրությամբ ենթադրում եմ, որ ակումբականներին շաբաթը մեկ իրադարձություն կառաջարկենք, ամիսը մեկ անգամ կլինի գրքի շնորհանդես, գրքի քննարկում, մեկ անգամ՝ վարպետության դաս եւ մեկ դասախոսություն: Նախատեսված է բաժանորդագրություն՝ նաեւ վեց ամսով:

Շատերը գաղափարին կարող են վերապահումներով մոտենալ կամ գուցե ֆինանսական խնդիրների առջեւ կանգնած լինեն, այդ պատճառով մենք անդամակցության հնարավորություն ենք տվել նաեւ վեց ամսով, եթե ցանկանան, հետագայում կարող են շարունակել: Նրանք եւս օգտվելու են բացառապես նույն փաթեթից՝ նույն հնարավորություններով: