Ղազախստանի նախագահ Տոկաևը «տևական հեռախոսազրույց է ունեցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնել է tengrinews-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությանը:
Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի մի քանի «առանցքային հարցեր՝ ներառյալ ուկրաինական կարգավորումը»: Տոկաևը վերահաստատել է Վաշինգտոնում նոյեմբերի 6-ին ձեռք բերված «բոլոր պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը»:
Ինչ վերաբերում է ուկրաինական կարգավորմանը, ապա Ղազախստանի նախագահը բանակցային գործընթացը գնահատել է «չափազանց բարդ», քանի որ ամենազգայուն հարցը «կապված է տարածքների հետ»: Տոկաևը համարել է, որ կողմերը պետք է «ցուցաբերեն կամք և ճկունություն, որպեսզի գետնի վրա իրավիճակի հիմքով գտնեն փոխզիջումային հանգուցալուծում»:
Նա շեշտել է, որ Ղազախստանը «միջնորդ չէ, բայց պատրաստ է կողմերին բանակցային հարթակ տրամադրել»: Վերջում նա ԱՄՆ նախագահին «հարմար ժամկետում» Ղազախստան այցի հրավեր է փոխանցել՝ ընդգծելով, որ «դա պատմական իրադարձություն կլինի»:
Նույն օրը Դոնակդ Թրամփը սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել և տեղեկացրել, որ «հոյակապ հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներ Տոկաևի և Միրզիեևի հետ»: ԱՄՆ նախագահը հրապարակայնացրել է, որ մտադիր է Կենտրոնական Ասիայի երկու ազդեցիկ երկրների նախագահներին եկող տարի «որպես հյուր» հրավիրել Մայամիում ծրագրված G 20-ի գագաթնաժողովին:
Եվրասիական տնտեսական համագործակցության Բարձրագույն խորհրդի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի հաջորդ օրը հեռախոսազրույց ունենալով Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ և քննարկելով նրանց G 20-ի գագաթնաժողովին հրավիրելու հարցը, Դոնալդ Թրամփը շատ թափանցիկ ուղերձ է հղում Ռուսաստանի նախագահ Պուտինին և միջազգայնորեն հրապարակայնացնում, որ Ղազախստանը և Ուզբեկստանը հաղթահարում են հետխորհրդային երկրի բարդույթը, դառնում աշխարհաքաղաքական դերակատար:
Թրամփի այս բացահայտումը, մանավանդ ուկրաինական կարգավորմանը Ղազախստանի նախագահին որոշակի իմաստով ներգրավելու միտումը խորքային իմաստով նշանակում է, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ Ռուսաստանն այլևս հետխորհրդային տարածքի «ոստիկանը չէ»:
Ոչ ոք ավելի արագ չէր հեղինակազրկի Վլադիմիր Պուտինին, քան նա իր հետ վարվեց: Այսուհետև, ինչ իշխանություն էլ լինի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները դիտվելու են Պուտինին գրեթե հավասար պետական-քաղաքական գործիչներ:
Տոկաևի և Միրզիեևի հետ հեռախոսազրույցների գլխավոր նպատակի բացահայտումով ԱՄՆ նախագահը ցրել է փորձագիտական-քվազիքաղաքագիտական պնդումները, թե Ուկրաինայից հետո Պուտինը «լուծելու է հետխորհրդային տարածքի վերաինտեգրման հարցը»: Վաշինգտոնը Աստանային և Տաշքենդին, ըստ էության՝ ամբողջ Կենտրոնական Ասիային տալիս է անվտանգության քաղաքական հստակ երաշխիքներ:
Ստանալով այդ «փրկագոտին», Կենտրոնական Ասիան Ռուսաստանից ավելի է հեռանալու: Տնտեսական, առեւտրային կապեր, անշուշտ, պահպանվելու են, բայց տարածաշրջանը մտնելու է անվտանգային-քաղաքակրթական բոլորովին նոր միջավայր:
Դա լուրջ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը ենտրոնական Ասիայի հետ բազմակողմ հարաբերություններ զարգացնի: Մանավանդ որ Թրամփի ուղենշումից Ադրբեջանը դուրս է մնում:






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը