31/12/2025

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի  բռնագանձման,  իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։

Ծանուցմանը  ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։

Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով։

Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումն է:
Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք:

Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ,  մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը   4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ:

Հ.գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։

Սակայն ստեղծված իրավիճակը երևի թե  լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով  ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։

Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը:

Իշխան Սաղաթելյան