26/02/2026

EU – Armenia

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները Ժնևում

Մարտի 18-19-ին Ժնևում կկայանա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցով ռուս-վրացական «բանավեճի» 66-րդ փուլը: Այդ հարթակը միջազգային միջնորդությամբ ձևավորվել է 2008 թ. հնգօրյա պատերազմից հետո:

Քննարկումնրին ներգրավված են նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները: Քննարկումներն ընթանում են աշխատանքային երկու խմբերի ձևաչափով:

Առաջինը քննարկում է անվտանգության, միջազգային դիտարկան և տեխնիկական այլ հարցեր, երկրորդը կենտրոնանցած է առավելապես հումանիտար խնդիրների վրա:

Չնայած հանդիպումների ֆորմալ պարբերականությանը, անցած ավելի քան մեկուկես տասնամյակում սկզբունքային որևէ հարցի շուրջ անգամ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Միջազգային իրավունքի տեսակեռիվ Ռուսաստանը և Վրաստանը գտնվում են հրադադարի ռեժիմում: Մոսկվան խնդրի կարգավորման համար ելակետային է համարում Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ ուժի չկիրառման պայմանագրի ստորագրումը:

Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ պատերազմը սանձազերծել է Ռուսաստանը, և հենց նա է հանդիսանում զինված հակամարտության կողմ, ուստի ուժի կիրառումը բացառող իրավական ուժ ունեցող պայմանավորվածության կարող էն հասնել միայն Ռուսաստանը և Վրաստանը:

Ժնևում բանակցությունների նոր փուլին ընդառաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը վստահություն է հայտնել, որ Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքական ուղեգծի պահպանման դեպքում կողմերի հարաբերությունները կշարունակեն մնալ կառուցողական հունում:

«Բայց միջպետական հարաբերությունների ֆորմալ վերականգման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Թբիլիսին չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը»,- հավելել է Գալուզինը՝ հասկանալ տալով, որ Մոսկվայի հետ լիարժեք գործընկերության հասնելու համար Թբիլիսին նախ պետք է ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:

Իրավիճակը հիշեցնում է «նախ ձուն է եղել, թե հավը» կազուսը. Մոսկվան հրաժարվում է չեղարկել վրացական երկու ինքնավարությունների անկախությունը ճանաչելու որոշումը, Թբիլիսին՝ մերժում իրավաբանորեն ճանաչել փաստացի ստատուս-քվոն:

Իրերի այս դրությունը կարող է տեւել ևս մի քանի տասնամյակ: Վրաստանի իշխող վերնախավը վերջին մի քանի տարիներին լրջագույն խնդիրներ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, հանգամանք, որ զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի հետ քննարկումներում նրա դիրքերը:

Ավելին, խոսելով ժնևյան բանակցությունների մասին, ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը բարձրացրել է խիստ զգաստացնող հարց: Նրա գնահատմամբ, Շվեյցարիան «ընդունել է ակնհայտ ուկրաինամետ կեցվածք, ուստի որպես չեզոք երկրի նրա նկատմամբ վստահությունը խաթարված» է:

Գալուզինն առաջարկել է Վրաստանի հետ «բանավիճային հարթակը» տեղափոխել որև այլ, չեզոք երկիր և թվարկել Արաբական միացյալ էմիրությունները, Կատարը և Բելառուսը:

Այս հայտարարությունը ինտրիգային է ոչ այնքան բանակցային հարթակի լոկացիան, որքան Վրաստանի հետ դիվանագիտական շփումների հավատարմատարին փոխելու մտադրության առումով:

Բանն այն է, որ ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո կողմերի շահերը փոխադարձաբար ներկայացնում է Մոսկվայում և Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատունը: Վրացական կողմն առայժմ Գալուզինի այդ տեսակետը չի մեկնաբանել:

Կարելի է ենթադրել, որ եթե Վրաստանն էլ կասկածի Շվեյցարիայի անաչառությունը, և ռուս-վրացական «բանավեճի» հարթակը տեղափոխվի Աբու-Դաբի կամ Դոհա, ապա Թբիլիսին ավելի ևս կկորցնի Եվրոպայի աջակցությունը:

Ըստ երևույթին, Վրաստանի նկատմամբ Մոսկվայի ուշադրությունը սրվել է փետրվարի 6-ին Միլանում ԱՄՆ փոխնախագահ Վենսի և Վրաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հանդիպումից հետո: Գալուզինի ակնարկը, որ ռուս-վրացական հարաբերությունները «կմնան կառուցողական հունում, եթե Վրաստանի արտաքին քաղաքական ներկայիս ուղեգիծը պահպանվի»,- ամենայն հավանականությամբ այդ մասին է: