24/04/2026

EU – Armenia

Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի վերաբերմունքը «սպասողական» է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն: Այդ մասին հակիրճ տեղեկատվություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցել է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Ֆիդանի լոնդոնյան այցի վերաբերյալ մանրամասնություններ ներկայացրել է Israel Inside-ը:

Ըստ այդմ, այցի շրջանակներում Ֆիդանը բանակցություններ կվարի բրիտանացի պաշտոնակից Իվետ Կուպերի հետ, կողմերը կստորագրեն «Ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիր», որը միջազգային քաղաքականության տուրբուլենտության պայմաններում կողմերի հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի:

Ի մասնավորի, Ֆիդանը մտադիր է Մեծ Բրիտանիայից աջակցություն ստանալ Հորմուզի նեղուցի «բաց և անմաքս կարգավիճակի հարցում», որպեսզի նավթի գները կարգավորվեն:

Կողմերը կքննարկեն Իրանի դեմ պատերազմն ավարտելու դիվանագիտական նախաձեռնություննեը: Խիստ ուշագրավ է, որ, ինչպես իսրայելական աղբյուրն է տեղեկացրել, Ֆիդանը և Կուպերը կքննարկեն նաև Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում կազմակերպելու հարցը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը չի բացառել Ստամբուլում «քառակողմ գագաթաժողովի անցկացման հնարավորությունը»: Նա նկատի է ունեցել իր, ԱՄՆ, ՌԴ և Ուկրաինայի նախագահների ձևաչափով հանդիպումը:

Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ընդգծված տարաձայնություններ ունեն թե Իրանի դեմ, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարցերում, իսկ Ռուսաստանը կտրականապես մերժում է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության և Լոնդոնի ներգրավվածությանը:

Այս համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ Հորմուզի նեղուցի ազատականացման և Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցերի քննարկումը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նոր նախաձեռնողականություն է հաղորդում:

Թեեւ այդ մասին իսրայելական աղբյուրը ոչինչ չի ասում, բայց տրամաբանական է ենթադրել, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն, ամենայն հավանականությամբ, անդրադառնալու են նաեւ Հարավային Կովկասին:

Ռուս-ուկրաինական և Իրանի դեմ պատերազմը Միացյալ Նահանգների և կոնկրետ նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային ազդեցությունը նկատելիորեն թուլացել է: Բավական է անգամ թռուցիկ դիտարկել Բաքվի մերձիշխանական մամուլի վերջին շաբաթվա հրապարակումները, որպեսզի արձանագրվի, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի վերաբերմունքը, մեղմ ասած, «սպասողական» է:

Մասամբ դա կարող է պայմանավորված լինել ռուս-ադրբեջանական հարաբերությունների «վերբեռնմամբ», բայց դա էլ իր հերթին, բացառված չէ, ածանցվել է Դոնալդ Թրամփի «հեղինակազրկումից»:

Պետք է, թերևս, կարեւորել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում նույնպես սկզբունքային տարաձայնությունները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորանում են: Մեծ Բրիտանիայի հանդեպ Հայաստանի «զգուշավորությունը» ավանդական է: Ի՞նչ կհավելի դրան բրիտանա-թուրքական ռազմավարական գործընկերությունը: