Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար:
Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։
Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, որը որպես հյուր կմասնակցի այս հավաքին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
«Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ անդամ 27 երկիր, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ո՛չ Բաքվից, ո՛չ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։
Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումները մեկնարկել են 2022-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Դրանք անցկացվում են տարին երկու անգամ ԵՄ անդամ և ոչ անդամ պետություններում՝ եվրոպական աշխարհամասի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրող թեմաներ քննարկելու համար։
Մինչ այդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Ալբանիան, հաջորդը Երևանից հետո կանցկացվի Իռլանդիայում այս տարվա նոյեմբերին։


Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր, ինչու ․․․
Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի
«Հարսնաքար»-ի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն և «Toyota»-ն․ 3 վիրավորներից «Toyota»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է. Լուսանկար