30/04/2026

EU – Armenia

Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Ուսումնասիրվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի վերջին տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Էդվարդ Ասրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին՝ Արցախի Ազոխ գյուղում։ 1994 թվականից սկսել է ծառայել զինված ուժերում և մինչև 2021 թվականը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ աստիճանաբար առաջխաղացում ունենալով համակարգում։ 2015-2017 թվականներին եղել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալ, ապա ֆակուլտետի պետ։ 2017-2019 թվականներին զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2022 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ 2023 թվականի հուլիսի 3-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Ինչ վերաբերում է գույքային և ֆինանսական տվյալներին, ապա «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ասրյանի հայտարարագրերում տարիների ընթացքում արձանագրվել է որոշակի աճ։ 2021 թվականին, երբ նա դադարեցրել է նախորդ պաշտոնը, նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,016,975 դրամ, կանխիկ դրամը՝ 710,528 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3,606,591 դրամ։

2022 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 28,500,000 դրամ արժողությամբ։ Նույն տարվա վերջում նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,300,000 դրամ, կանխիկ դրամը՝ 3,000,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 11,589,764 դրամ։ Միաժամանակ ձևավորվել է նաև վարկային պարտավորություն՝ 22,938,888 դրամ։

2023 թվականին Ասրյանի բանկային հաշիվներում արդեն առկա է եղել 3,000,000 դրամ, կանխիկ դրամը կազմել է 3,500,000 դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած տարեկան եկամուտը՝ 14,450,760 դրամ։ Վարկային պարտավորությունը նույն տարվա ավարտին կազմել է 20,470,000 դրամ՝ կապված բնակարանի ձեռքբերման հետ։2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա շարունակում է ունենալ նույն բնակարանը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, որը գրանցվել է 2022 թվականի հուլիսի 25-ին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարվել։ Բանկային հաշիվների մնացորդը աճել է՝ կազմելով 4,585,220 դրամ, կանխիկ դրամը՝ 4,500,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 24,335,240 դրամ։ Միաժամանակ վարկի մնացորդը նվազել է և կազմել 19,898,659 դրամ։

Այսպիսով, ուսումնասիրված տվյալները ցույց են տալիս, որ Էդվարդ Ասրյանի եկամուտները տարիների ընթացքում աճել են, ավելացել են նաև դրամական միջոցները, մինչդեռ վարկային պարտավորությունը աստիճանաբար նվազել է»։