04/05/2026

EU – Armenia

Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք. Ռոբերտա Մեցոլան՝ Ալիևին

«Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»:

Այս մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ անդրադառնալով Ալիևի ելույթում արված պնդմանը, թե Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ:

«Ես պետք է խոսեմ, քանի որ կոնկրետ ելույթներից մեկը կենտրոնացավ հենց Եվրոպական խորհրդարանի վրա, կարծում եմ, որ շատ արագ արձագանք պետք է ունենա:

Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել և ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասել է Մեցոլան:

Եվրոպական խորհրդարանը նախորդ շաբաթ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը: Բանաձևը նաև դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։

Ադրբեջանը, սակայն, կարծում է, որ Ղարաբաղից հայերը հեռացել են ինքնակամ, այնտեղ մշակութային ժառանգությունը չի ոչնչացվում, իսկ ռազմագերիներին արձակել են և ուղարկել հայրենիք՝ Բաքվի բանտերում թողնելով միայն «ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին»:

Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական Միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել էր Արտաքին գործերի նախարարություն Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով:

Բանաձևը սաստիկ զայրացրել է պաշտոնական Բաքվին, երկրի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, թե «Բաքուն խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի՝ երեկ ընդունած բանաձևի «անհիմն և կողմնակալ դրույթները», և դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա»:

Մայիսի 4-ին էլ ԵՔՀ գագաթնաժողովին տեսակապով միանալով՝ Ալիևը դժգոհություն է հայտնել ԵԽ բանաձևերից և ԵՄ քաղաքականությունից:

«Ողջույններս Բաքվից: Նախևառաջ կցանկանայի երախտիքս հայտնել նախագահ Կոշտային հրավերի համար՝ հանդես գալու ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին: Նախագահ Կոշտայի այցելության ընթացքում Ադրբեջան, մենք քննարկեցինք մասնակցությունը գագաթնաժողովին և համաձայնեցինք, որ ես կմիանամ տեսաձայնային կապով»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով միանալով Երևանում ընթացող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին:

«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Մեզ համար և մեր գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է:

Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո․ դա փոխկապակցվածությունն է, Թրամփի ուղին անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասել է Ալիևը: