06/05/2026

EU – Armenia

Եվրամիությունը ձգտում է հասնել Եվրոպայի «անվտանգության ինքնիշխան համակարգի հաստատմանը»

Անդրադառնալով Եվրոպական համայնքի երևանյան գագաթաժողովում Ուկրաինայի նախագահ Զելենսկու ելույթին, ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն առանձնացրել է այս հատվածը․ «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կայուն, համապարփակ և երկարատև խաղաղություն ենք ցանկանում» և հավելել, որ Հայաստան այցից կարճ ժամանակ առաջ Զելենսկին «Ադրբեջանում հանդիպել է Ալիևին»։

Հեղինակը այնուհետև ընդգծել է, որ Ալիև-Զելենսկի բանակցությունները կայացել են «Ռուսաստանի հետ սահմանամերձ Գաբալայի շրջանում, Բաքուն և Կիևը քննարկել են զենքի համատեղ արտադրությունը»։

Զելենսկու հետ բանակցություններից երկու օր հետո Իլհամ Ալիևը դարձյալ Գաբալայում ընդունել է Չեխիայի վարչապետ Բաբիշին։ Կողմերը դարձյալ քննարկել են սպառազինությունների ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ խոսքը ոչ թե զենքի և զինամթերքի արտադրության, այլ «զրահատեխնիկայի և հրետանային համակարգերի վերականգնման և արդիականացման ձեռնարկություն հիմնադրելու խոշոր նախագծի մասին է, որի իրականացման դեպքում այն կարող է սպասարկել նաև տարածաշրջանի երկրներին»։

Այս համատեքստում հայտնի է դարձել, որ Իտալիայի վարչապետ Մելոնին Երևանից ուղևորվել է Բաքու, որտեղ կայացել է Ադրբեջանի նախագահի հետ նրա փակ հանդիպումը։ Թեև ադրբեջանական մամուլը Մելոնիի այցը ներկայացնում է Ադրբեջանից Իտալիա առաքվող բնական գազի տարեկան ծավալները մեծացնելու շուրջ բանակցությունների կտրվածքով, ավելի հավանական է թվում, որ կողմերը քննարկում են Եվրոպայի անվտանգության ապահովմանը Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը։

Իտալիայի վարչապետը վերջերս բավական սուր բանավեճ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ վերջինս խոսել է Իսպանիայից և Իտալիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին։ Եվրամիությունը ձգտում է հասնել Եվրոպայի «անվտանգության ինքնիշխան համակարգի հաստատմանը»։

Այդ խնդրի լուծման գործում Բրյուսելը կարևորում է Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի դերը։ Բացառված չէ, որ Եվրահանձնաժողովը և ՆԱՏՕ-ն այդ առումով գնահատում են նաև Ադրբեջանի հնարավորությունները։

Կարևոր է նկատել, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստան պետական այցից հետո մտադիր է Ադրբեջանի նախագահի Ալիևի հետ քննարկում ունենալ։ Ֆրանսիան Եվրոպայի «անվտանգության ինքնիշխան համակարգի», թերևս, ամենաեռանդուն ջատագովն է։