Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակել է մայիսյան տոնակատարություններին օտարերկրյա հյուրերի, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ «ամբողջական» ցուցակը։
Մոսկվա կմեկնեն Աբխազիայի, Բելառուսի, Հարավային Օսեթիայի, Լաոսի նախագահները, Մալայզիայի սուլթանը և Սլովակիայի վարչապետը։ Ընդ որում, վերջինս Կարմիր հրապարակի զորահանդեսին ներկա չի գտնվի։
Այս ֆոնին Spiegel-ը գրել է, որ Կրեմլը չեղարկել է «Հաղթանակի զորահանդեսի լուսաբանման համար օտարերկրյա լրատվամիջոցների հավատարմագրումը»։ Գերմանական պարբերականի տեղեկությունը տարածել է ռուսաստանյան «Կոմերսանտը»։
Ըստ այդմ, հավատարմագրումը չեղարկելու մասին օտարերկրյա լրատվամիջոցների խմբագրությունները տեղեկացվել են հեռախոսազանգի միջոցով։ Spiegel-ի հարցմանը Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ «ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ զորահանդեսի լուսաբանման ձևաչափը փոխվել է, ուստի օտարերկրյա լրատվամիջոցների, որ արդեն հավատարմագրում էին ստացել, մուտք չեն ունենա»։
«Կոմերսանտը» իր հերթին եզրակացրել է, որ «Հաղթանակի զորահանդեսը կլուսաբանեն միայն ռուսաստանյան լրատվամիջոցները»։
Մոսկվան մայիսյան զորահանդեսն առաջին անգամ անցկացնում է «կրճատված սցենարով»։ Կարմիր հրապարակում զրահատեխնիկա, հրթիռա-հրետանային համակարգեր չեն ներկայացվի, զորասյուների հանդիսավոր երթ չի նախատեսվում։ Պուտինի կողքին չեն կանգնի անգամ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները։
Ակնհայտ է, որ օտարերկրյա լրատվամիջոցների համար արգելք է սահմանվել, որպեսզի Պուտինի «դառը մայիսը» միջազգային լրահոսում չընդգծվի, արևմտյան, հատկապես եվրոպական մայրաքաղաքներում հանրային կարծիք չձևավորվի, որ Ռուսաստանը «մեկուսացված» է։
Նախօրեին Կրեմլի խոսնակ Պեսկովը վստահեցրել է, որ նախագահ Պուտինը զորահանդեսին անպայման ելույթ կունենա։ Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Պուտինի աշխատակազմում «մշակված տեքստը կընթերցի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն»։
Հնարավոր է՝ դա ապատեղեկատվություն է, բայց մյուս կողմից անորոշ է, թե ստեղծված իրավիճակում Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հանրությանը և արտաքին աշխարհին ի՞նչ ասելիք կարող է ունենալ։ Ուկրաինայում հաղթանակ չի ստացվում, իսկ աշխարհին սպառնալ միջուկային ապոկալիպսիսով՝ հավանաբար ՌԴ նախագահը իրեն թույլ չի տա։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Դարչիևը ՏԱՍՍ-ին ասել է, որ «հաղթանակի օրվա նկատմամբ Սպիտակ տան վերաբերմունքը փոխվել է, վարչակազմի և պետական դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, իսկ Վաշինգտոնում շուրջ հարյուր մարդ «Անմահների գնդի» երթ է անցկացրել»։ Կցրի՞ դա Պուտինի դառնացածությունը։

Բաց մի թողեք
Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին
Հայերին կրկին «թշնամի» է անվանել
Պուտինը նախ Ուկրաինայի դեմ պատերազմը բնորոշում է որպես «արդար գործ»