12/05/2026

EU – Armenia

Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

«2026 թվք ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ շարունակում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։

Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։

Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։

Վարչապետը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ ավելի քան 5 միլիոն դրամի չափով։

Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը «Մեր Տպարանը» ընկերությունում, որտեղ ունի 50 տոկոս բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

Համեմատության համար՝ 2021 թվականի հայտարարագրում Փաշինյանի բանկային ավանդները կազմել էին շուրջ 3 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 27 հազար 701 դրամ և 3.84 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 790 հազար դրամ և 1800 դոլար, իսկ ընդհանուր եկամուտները՝ շուրջ 13,6 միլիոն դրամ։ Այդ ժամանակ վարկային պարտավորությունները կազմել էին մոտ 1,2 միլիոն դրամ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական անցած ուղին

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ավարտական կուրսում հեռացվել է՝ քաղաքական պատճառներով։

1990-ականներից զբաղվել է լրագրությամբ՝ աշխատելով տարբեր թերթերում, այդ թվում՝ «Լրագիր», «Մոլորակ» և այլ պարբերականներում։ 1998 թվականին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը հետագայում փակվել է դատարանի որոշմամբ։ 1999 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է նաև քրեական հետապնդումներով և ազատազրկմամբ։ 1999 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել է։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մեկ տարուց ավելի անցկացրել է ընդհատակում, իսկ 2009 թվականին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ համաներմամբ ազատ է արձակվել։

2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակով։ 2013 թվականին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորումը, որը հետագայում դարձավ կուսակցություն։

2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի ցուցակով կրկին ընտրվել է պատգամավոր և ղեկավարել խորհրդարանական խմբակցությունը։ 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որն ապրիլ-մայիս ամիսներին վերածվել է զանգվածային բողոքի շարժման և հանգեցրել իշխանափոխության։

2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովը նրան ընտրել է վարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերին գլխավորել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և ընտրություններում ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը։ 2021 թվականին ներքաղաքական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն նույն տարվա հունիսի 20-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին հաղթանակ է տարել, և Նիկոլ Փաշինյանը վերանշանակվել է վարչապետ։

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ է կանգնում ոչ միայն որպես իշխանության արդեն ութ տարվա պատասխանատու, այլև որպես քաղաքական գործիչ, որի գործունեությունն ու որոշումները շարունակում են մնալ հասարակության ամենաքննարկվող և հակասական թեմաներից մեկը։ Մի կողմից՝ նա ներկայացնում է իրեն որպես «թավշյա հեղափոխության» առաջնորդ և համակարգային փոփոխությունների հեղինակ, մյուս կողմից՝ նրա կառավարման տարիները ուղեկցվել են պատերազմով, տարածքային կորուստներով, ներքաղաքական ծանր ճգնաժամերով և շարունակվող հասարակական բաժանարար գծերով։ Այդ ֆոնին նրա գույքային վիճակի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների շուրջ հանրային հետաքրքրությունը միայն աճում է, հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը շարունակում է խոսել թափանցիկության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական արդարության մասին»։