15/06/2026

EU – Armenia

Հաջիևը Դիլիջանի այն վայրում էր, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով դարձել է ՀՀ այցեքարտը. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

«Հաջիևը Դիլիջանում է՝ հենց այն վայրում, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերածնվել ու դարձել է Հայաստանի այցեքարտ։
Նրան ուղեկցում է Արմեն Գրիգորյանը, ում հարսանիքը Շուշիում է անցել, այն վայրում, որտեղ Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերանորոգվել է մզկիթը։

Այդ անբռնազբոս զբոսանքի ժամանակ Արմեն Գրիգորյանը երևի այս փաստերի մասին էր պատմում Հաջիևին և երևի հետաքրքրվում էր Ռուբենի Վարդանյանի ճակատագրով և հայտնում, որ ինքը հաշտ չէ այս ամենի հետ։

Բայց չէ։ Սա մեկ այլ իրականության մեջ, որտեղ մեր ազգին ներկայացնում են հարգանք վայելող և արժանապատվություն ունեցող պետական գործիչներ։

Իսկ նիկոլական Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ծպտուն անգամ չի հանել ոչ Դիլիջանի վերածնման պատմությունից, ոչ իր հարսանիքից, ոչ էլ Ռուբենի և մյուս հայ գերիների վերադարձի մասին է խոսել։
Ու քանի որ Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները՝ վաղուց չունեն ոչ արժանապատվություն, ոչ հայկական պատկանելության զգացում, նրանց արժանապատվությունը այլևս չի խոցվում։ Խոցվում և նսեմացվում է հայ ժողովրդի արժանապատվությունը, մեր պետության համբավը և նշանակությունը։

Բարոյական սահմանները վաղուց անցած են։ Բայց այսպիսի արարքները չեն ներվում։ Այսպիսի արարքները գուցե քրեական հոդված չունեն, բայց տիեզերական արդարությունից չեն խուսափում։

Հայ ժողովուրդը ձեզ գետնի տակից է գտնելու, չեք հասցնելու փախչել։