27/12/2024

Ոչ մի հարցում իրենք չեն որոշում

Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, ով առաջադրված 3 թեկնածուից մեկն էր։ Թեկնածուների հետ փակ հանդիպումից հետո ՔՊ ֆրակցիայում գերիշխում էր այն կարծիքը, որ պետք է մերժել Մխիթարյանի թեկնածությունը, քանի որ նա արհամարհել է թիվ մեկ օրենսդիր մարմինը եւ ամիսներ առաջ չի ներկայացել խորհրդարան՝ նախապես տեղեկանալով, որ ԲԴԽ անդամի համար ՔՊ-ի ընտրությունը ոչ թե իր, այլ իր մրցակցի վրա է կանգնել։

Սակայն երեկ ՔՊ-ն, կարելի է ասել, մեկ մարդու պես կողմ քվեարկեց Մխիթարյանին, քանի որ դատավորների փակ քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության նիստ էր կայացել, եւ խմբակցության ղեկավարը, ի զարմանս ՔՊ-ական պատգամավորների, հայտարարել էր, որ պետք է բոլորը քվեարկեն Մխիթարյանի օգտին` «վերեւից նման հրահանգ է իջել»։

Նիկոլ Փաշինյանը թերեւս սրանով վարձահատույց եղավ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին` Փաշինյանին մատնելով մասնավոր չատի խոսակցությունը, որից հետո 3 փորձառու եւ անկախ դատավոր «դիմում գրեցին» ու համակարգից դուրս եկան։ Երեկ փաշինյանական ընտանիքից իջած մի հրահանգ էլ ԲԴԽ-ն կատարեց` մերժեց Աննա Հակոբյանի ընկերուհու` Նաիրա Հովսեփյանի դեմ ներկայացված միջնորդությունը, իսկ ամիսներ առաջ նույն արարքի համար դատավորի լիազորություններ էր դադարեցրել: