01/07/2026

EU – Armenia

ՌԴ-ում տնտեսական վիճակը վատթարացել է՝ հայտնել է ռուսաստանցիների 60%-ը. սա 20 տարվա ռեկորդային ցուցանիշ է

Ռուսաստանցիների 60 տոկոսը համարում է, որ իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական վիճակը վատթարանում է։ Այս մասին է վկայում ամերիկյան հետազոտական Gallup ընկերության կողմից անցկացված հարցումը, որն իրականացվել է 2026 թվականի մարտից մինչև մայիս։

Սա առավելագույն ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում (ընկերությունը նմանատիպ հարցումներ է անցկացնում 2006 թվականից)։ Նախորդ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2020 թվականին (45%) և 2021 թվականին (50%)՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

2026 թվականի հարցման համաձայն՝ հարցվածների 27%-ն է նկատել իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական վիճակի բարելավում։

Ռուսաստանցիների 56%-ը հայտնել է, որ իրենց կենսամակարդակը վատթարանում է, ինչը նույնպես 20 տարվա ռեկորդային ցուցանիշ է։ Հարցվածների 29 տոկոսն է հայտնել իրենց կենսամակարդակի բարելավման մասին։

Վատթարացել են նաև ռուսաստանցիների հայացքները աշխատաշուկայի նկատմամբ. հարցվածների 58%-ը նշել է, որ հիմա վատ ժամանակ է աշխատանք փնտրելու համար, 35%-ը կարծում է, որ լավ ժամանակ է: Մեկ տարի առաջ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 46% և 49%:

Gallup-ը նաև նշում է մեկ տարվա մեջ ռուսների վստահության ռեկորդային անկում զինված ուժերի, կառավարության և ընտրությունների նկատմամբ: Զինված ուժերի նկատմամբ վստահությունը 79%-ից նվազել է մինչև 66%, կառավարության նկատմամբ՝ 67%-ից մինչև 53%, իսկ ընտրությունների արդարության նկատմամբ՝ 56%-ից մինչև 40%: Երկրում լրատվամիջոցների ազատության դրական գնահատականները վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազել են՝ 59%-ից հասնելով 34%-ի: