Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը հայտարարել է․ ուրախ է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։
Այս մասին նա ասել է «Ալֆանյուզի» եթերում։ Նա ասել է, որ այն պահից ի վեր, երբ ժամանել է Իսրայել, ամեն բան արել է հանուն դրա, ինչ որ կարողացել է՝ այլ հանրային գործիչների ու պատգամավորների հետ միասին։
«Մեզ մոտ դա աստիճանաբար էր կուտակվում։ Օրինակ, իսրայելական դասագրքերում շատ է խոսվում հայ ժողովրդի ողբերգության մասին, թեեւ միշտ չէ, որ կիրառվում է «ցեղասպանություն» եզրույթը։ Քաղաքներում կան հուշարձաններ, հիշատակի վայրեր։ Օրինակ՝ Փեթախ-Թիքվայում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, Հայֆայում կա հրապարակ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կարծում եմ, սակայն, որ այստեղ իր դերակատարումն ունեցել է «ռեալպոլիտիկը»՝ որոշակի ստատուս-քվոն, որը կար Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ՝ դեռ 1980-ական թվականներից։ Դա է, որ տեւական ժամանակ թույլ չի տվել, որ այս հարցում առաջ գնանք»,- նշել է Ցինկերը։
Նա նկատել է, որ այժմ Իսրայելի կառավարության քայլը Թուրքիայի դիրքորոշման պատասխանն է։ «Վերջին շրջանում, հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, վերջնականապես պարզ դարձավ, թե ով որ կողմում է գտնվում։ Թուրքիան, մասնավորապես, խախտեց բոլոր կարմիր գծերը եւ ստանձնեց հակաիսրայելական ուղղության ղեկավարումը։
Ավելին, վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սկսել է բացահայտ սպառնալ, որ կոչնչացնի Իսրայելը։ Դրա համար էլ, կարելի է ասել, նախկին սահմանափակումները եւ ստատուս-քվոն խախտվել են, եւ ի հայտ է եկել անելու այն, ինչն իսրայելական հասարակությունը շատ վաղուց է արել։ Բոլոր հարցումներով, Իսրայելում հասարակության 80 տոկոսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, եւ այն ճանաչում են որպես պատմական փաստ։ Կարծում եմ, որ պարզապես հարմար պահն է վրա հասել։ Ցավոք՝ ուշ։ Ես կուզենայի, իհարկե, որ դա ավելի շուտ լիներ։ Սակայն որոշումը հիմա է կայացվել։
Ընդ որում, դա առաջին հերթին կայացվել է հենց Իսրայելի համար, հանուն պատմական հիշողության հաստատման։ Նախկինում որոշակի քաղաքական սահմանափակումներ կային, հիմա մաքուր խղճով կարելի է ամրագրել այդ պատմական դիրքորոշումը։ Երկրորդ․ դա տուրք է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի ազգականներին ու շառավիղներին։ Եվ երրորդ․ ինչպես շատ մասնագետներ են ասել, դա որոշակի ազդակ է Անկարային, որն անընդհատ Իսրայելին մեղադրում է Գազայում պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Յուրատեսակ պատասխան Անկարային եւ հիշեցում, որ Իսրայելը հիշում է 1915 թվականի իրադարձությունները եւ այն ցեղասպանությունը, որն Օսմանյան կայսրությունում իրականացվել է, որի իրավահաջորդն է ժամանակակից Թուրքիան»,- ասել է Ցինկերը։
Արեւելագետ, միջազգայնագետ Օլեգ Մակարենկոն էլ կարծում է, որ Իսրայելը հենց այնպես ոչինչ չի անում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հետապնդում է որոշակի շահեր։ Նա նաեւ անդրադարձել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու եւ Երեւան կատարած այցին։ «Պետք է նկատի ունենանք, որ Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքը բավականաչափ ազդեցիկ է ու շատ ուժեղ։ Համեմատելի է իսրայելականի հետ։ Հետեւաբար, «ամերիկյան տրեքի» օգտագործումը, որով հրեական լոբբիից բացի նաեւ հայկական լոբբիի աջակցությունը կարող ես վայելել, շատ հետաքրքիր ու շահավետ կլիներ։ Իսրայելական պետությունը հենց այնպես ոչինչ չի անում։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, մի խաղի բաղադրիչն է, որի նպատակն այն է, որ Իսրայելը կարողանա ավելի հեշտորեն իրականացնել իր քաղաքականությունը՝ լինի դա Լիբանանում, Գազայում կամ այլուր։ Դա Իսրայելի գլոբալ ռազմավարության մի մասն է, որի վերջնական նպատակը մեծ իսրայելական պետության ստեղծումն է, որի մասին երազում են հրեաները։ Դրա համար էլ կարծել, թե Իսրայելը հայ ժողովրդի կողքին է կանգնած, կարիք չկա։ Այնտեղ միշտ ամենից առաջ մտածում են սեփական շահի մասին»,- ասել է փորձագետը։
Անդրադառնալով Հարավային Կովկաս՝ Բաքու եւ Երեւան ԵՀ նախագահի այցին՝ Մակարենկոն կարծիք է հայտնել, որ այդ այցը Հայաստանի իշխանությունների վարած պրոեվրոպական քաղաքական գծի հանդեպ համերաշխություն հայտնելու համար է։ Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները ներկայում բարդ վիճակում են գտնվում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցության կոնտեքստը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը կարող է կորցնել այն արտոնությունները, որոնք ունի որպես ԵԱՏՄ անդամ, եթե դուրս գա Միությունից, իսկ դա շատ ցավոտ կարող է լինել։ Դրա համար էլ Եվրոպայի համար շատ կարեւոր է, որ Հայաստանի հասարակությանը ցույց տա, որ Եվրոպան Հայաստանի կողքին է։ Նա կարծում է, որ Եվրոպան այժմ շոշափում է տրամադրությունները նաեւ Ադրբեջանում, հատկապես այդ երկրի էլիտաների մոտ։ Մակարենկոյի կարծիքով, Եվրոպան ուզում է ադրբեջանական էլիտաներին պոկել Էրդողանի ճանկերից։

Բաց մի թողեք
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել. Լուսանկարներ
Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով
Երեւանի բնակչուհին ինչո՞ւ է Դիլիջանի իր հրաշք հողը նվիրել համայնքին