05/07/2026

EU – Armenia

«Ապոկալիպսիսից զգուշացման» կամ «աշխարհաբաժանման առաջարկի» տպավորություն

ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել, որի հիմնական ասելիքը, թերևս, այն է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միջուկային գերտերություն են և միջազգային կայունության համար հավասարապես պատասխանատու են։

Հունիսի 14-ին Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի 80-ամյակը շնորհավորել է հեռախոսազրույցի ձևաչափով։

Քսան օրվա ընթացքում, կարծես, ռուս-ամերիկյան հարաբերություններում «ինչ-որ բան է փոխվել»։ Ուկրաինական թելեգրամ-ալիքները, վկայակոչելով «ոչ պաշտոնական աղբյուրներ», հայտնել են, որ Վաշինգտոնը «մերժել է Թրամփ-Պուտին նոր հանդիպում կազմակերպելու Մոսկվայի առաջարկը»։

ՌԴ նախագահ Պուտինը վերջերս հրապարակայնացրել է, որ անցյալ տարվա օգոստոսի 15-ին Անքորիջում իրոք Ուկրաինայի հարցով «պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»։

Որքանով հասկացվում է խնդրի շուրջ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների հրապարակումներից, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցը դեռեւս համաձայնեցված չէ կամ, գուցե, Թրամփը «սպասում է Պուտինի արձագանքին, որ ուշանում» է։

Ճիշտ չէր լինի, երևի, ասել, թե Անքորիջում Ուկրաինայի հարցով «միայն տեսակետներ են քննարկվել»։ Ըստ երևույթին, իրականությանը մոտ է, որ Պուտինը «շփման գծով կրակի դադարեցմանը համաձայնել է, բայց պայմանով, որ ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզից լիովին դուրս բերվեն»։

Պատահակա՞ն է ստացվել, թե այդպես ծրագրվել է, բայց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Դոնեցկի մարզի Կոստանտինովկա քաղաքը «ամբողջությամբ ազատագրելու» մասին հայտարարել է ԱՄՆ անկախության 250-ամյակի օրը։

Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությունը այդ տեղեկությունը հերքել է, իսկ Վլադիմիր Զելենսկին հեգնել է․ «Եթե Կոստանտինովկան Ռուսաստանի վերահսկողության տակ է, ապա Պուտինի համար այնտեղ ինձ հետ հանդիպելու խնդիր, կարծում եմ, չի ունենա»։

Նույն օրը ուկրաինական մարտական դրոնները խոցել են Սանկտ Պետերբուրգի նավահանգիստը, որտեղ, ըստ չճտված տեղեկությունների, պետք է «բեռնաթափվեին Հնդկաստանից վառելիք ներկրող լցանավերը»։

Իրադարձությունների էսկալացիայի համատեքստում որպես միջուկային գերտերություններ՝ ՌԴ և ԱՄՆ-ի «պատասխանատվության» մասին Վլադիմիր Պուտինի նկատառումը ավելի շատ «ապոկալիպսիսից զգուշացման» կամ «աշխարհաբաժանման առաջարկի» տպավորություն է թողնում։

Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը», թե՞ կհամաձայնի «նոր Անքորիջին»։