Միշտ զարմացել եմ այն քաղաքական գործիչների վրա, որոնք սրտատրոփ սպասում են, թե իրենց քայլին ոնց կարձագանքի հանրությունը` ինչ կասեն, ինչ կգրեն: Հետո ահավոր նեղվում են բացասական արձագանքներից, ընկնում դեպրեսիայի մեջ…
Հրապարակ թերթը գրել է․ Չէ, իհարկե, հանրային կարծիքը շատ կարևոր է, բայց հանրությունը հազար շերտից է կազմված և դու պետք է արժեքավոր արձագանքը էժան արձագանքից, արժեք ունեցող մարդու արձագանքը` ֆեյքի ու ծախու քոմենթչիի արձագանքից տարբերես: Առաջինի համար ուրախանաս, երկրորդի համար չտխրես…
Ես իմ ստատուսների և թերթի արձագանքներին հետևում եմ որպես սոցիալական հոգեբանություն ուսումնասիրելու մեծ հնարավորություն: Հատկապես ֆեյսբուքյան արձագանքներն են ուշագրավ…
Ուրեմն ստատուսը գրելուց հետո առաջին 2 ժամում ամենաարժեքավոր, գաղափարակից մարդկանց արձագանքներն են, որոնք հատ հատ կարդում եմ, երբեմն պատասխանում: Երբ լայքերի թիվը գերազանցում է 500-ը, հայտնվում է, կներեք արտահայտությանս համար, սբրոդը` լատինատառ, տգետ, գրածս չհասկացած` քոմենթներ են գրում, հայհոյում, ծաղրում, վիրավորում: Ամենից տարածվածը` փողն առել ես, գրել…ռոբասերժական ունեցվածքն ես պաշտպանում…ռսաստրուկ, ուզում ես մեզ Ռուսաստանի տակ մտցնես…Անպայման մի տարիքով կին գրում է` «քո մի տեղն ինչի է մռմռում»…ֆանտազիայից զուրկ մի տղամարդ սեռական հայհոյանք է գրում ու փախչում, մյուսը մտնում է անձնական կյանքդ` պարզում, թե դու ում մայրն ես, ում կինը, ում զոքանչը…
Այս բոլորը բնականաբար չստացած կրթության, չունեցած ուղեղի, վատ դաստիարակության և բնածին չարության հետևանք է և ես շատ վերևից` Մեծ Արջի համաստեղությունից ժպիտով եմ «հետևում» մարդկային այս արատներին ու ինքնահաստատման տխուր փորձերին…
Բայց կա նաև իբրև թե գրագետ (իրականում` տգետ), իբրև թե կայացած (իրականում` աբիժնիկ), իբրև թե էլիտար (իրականում` ռաբիզ ու խղճուկ) մի զանգված, որը գրածդ բոլոր տողերի մեջ իրեն է տեսնում, նաև մտածելու, քննադատություն լսելու ու տարրական անալիզ անելու ունակ չէ…
Ցավոք սրտի, այսպիսին է մեր քաղաքական գրեթե ողջ դաշտը` ճղճիմ, փոքրոգի, թերի կրթությամբ ու մտավոր կարողություններով, չար, չկայացած: Եվ առավել ցավալի է, որ իշխանության ու ընդդիմության միջև այս առումով տարբերությունը մեծ չէ: Կասեք` իշխանության պահվածքը միանգամայն հասկանալի է, իսկ ինչո՞վ բացատրել ընդդիմության պահվածքը, որին ամեն ինչով աջակցել ենք այս տարիներին, ես` անձնապես, «Հրապարակը»` մասնավորապես:
Ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմում չեն մոռանում ոչ մի մանրուք (օրինակ, Էգեյան ծովի ափին իր հանգստի մասին գրած մեր լուրը) ու նաև դա է պատճառը, որ Քոչարյանից հարցազրույց վերցնող լրատվամիջոցների կազմը փոխվում է, բայց «Հրապարակի» լրագրողն այդպես էլ չի հրավիրվում: Կաթողիկոսը չի մոռանում մեր հին ու նոր հրապարակումները և իր ասուլիսին, նաև Մայր տաճարի օծմանը «Հրապարակից» ոչ ոք չկա:
Դե իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է. սրանք իրենց պաշտոնական էջում արդեն իմ դեմ ստատուսներ են դնում` բացահայտելով…ուշադրություն` իմ նիկոլական լինելը:
Տհասության ինչ աստիճանի հասած լինեն մարդիկ, որ որպես ապացույց մեջբերեն իմ իսկ ելույթը` մեծ լսարանի առաջ, որտեղ ծաղրել եմ Ռուբեն Ռուբինյանին, պատմելով, որ մտածված համաձայնել եմ ՔՊ-ի նախընտրական բանեռը տեղադրել իմ կայքում, որ երբ Ռուբինյանը հերթական անգամ հարցնի մեր լրագրողին` «իսկ ո՞վ է ձեզ ֆինանսավորում», պատասխանենք` ՔՊ-ն…))) Եվ այս ուղեղով էլ սրանք քաղաքականությամբ են զբաղվում, «ինստուտուցիոնալ» կուսակցություն իրենց կոչում…
Ինչ վերաբերում է սրա նրա ստրուկը լինելուն, երկիրը որևէ պետության ստրուկը դարձնելուն…էդ քոմենթները գրողներն իրենց ամենալուսավոր երազներում անգամ չեն կարողանա պատկերացնել անձամբ իմ և մեր խմբագրակազմի ազատության աստիճանը: Իսկ եթե իրականություն դառնային մեր պետության մասին մեր երազներն ու պատկերացումները, ապա Հայաստանը կլիներ աշխարհի ամենաանկախ ու ինքնուրույն պետությունը…մի կասկածեք…

Բաց մի թողեք
Մեր ապրանքը Եվրոպայում Ռուսաստանից թանկ ենք վաճառելու
Այդքան տարի է անցել` նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են
«Արարատցեմենտը» չաշխատի` Իրանից կամ Ռուսաստանից կբերենք