Թուրքիան Էստոնիայի տարածքում հինգ F -16 կործանիչներ է տեղաբաշխել։ Առաջիկա չորս ամիսներին թուրք օդաչուները շուրջօրյա հսկողություն կիրականացնեն Ռուսաստանի հետ օդային և Բալթիկ ծովում ջրային սահմաններին։
Այդ մասին տեղեկացել է Bloombeeg-ը։ Ճիշտ է, Էստոնիայում թուրքական օդուժի և 76 զինվորականի ներկայությունը ժամանակավոր է և տեղի է ունեցել այդ հատվածում ՆԱՏՕ-ի մարտական հերթապահության ռոտացիայի շրջանակներում, բայց, ինչպես Bloomberg-ն է պարզել, «այդ որոշման ենթատեքստը ռազմական փորձագետների կողմից արժանացել է հատուկ ուշադրության»։
Բանն այն է, որ ՆԱՏՕ-ին մերձբալթյան երկրների անդամակցությունից ի վեր Թուրքիան առաջին անգամ է ստանձնում Ռուսաստանի հետ Էստոնիայի օդային և ծովային սահմանների պարեկությունը։
Այդ որոշումը կայացվել է Անկարայում Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում։ Լրատվամիջոցին նաև հայտնի է դարձել, որ «կապված Բալթյան տարածաշրջանում բարդ իրավիճակի հետ, թուրք օդաչուները ստացել են սպառնալիքի դեպքում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք»։
Տեսականորեն դա նշանակում է, որ Էստոնիայի օդային և ծովային սահմանի խախտման ցանկացած փորձ կարող է հանգեցնել անհապաղ և կոշտ հակազդեցության։ Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանի օդուժի կամ ռուսաստանյան դրոնների կողմից Էստոնիայի սահմանները խախտելու մասին է։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը վերջերս է Կիև այցելել և հայտարարել, որ հետկոնֆլիկտային Ուկրաինայի ռազմախովային անվտանգության ապահովման բաղադրիչը վերապահվել է իր երկրին։
Այդ հայտարարությունը Մոսկվայում արժանացել է «տարակուսանքի»։ Այժմ թուրքական օդուժը ՆԱՏՕ-ի «ապրանքանիշի» տակ հայտնվել է Բալթյան տարածաշրջանում, որ Ռուսաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև «օդային պատերազմի» մի դեպք հայտնի է․ 2015թ․-ին Սիրիայի հետ օդային սահմանը «խախտելու» համար թուրքական ուժերը ռուսաստանյան կործանիչ են խոցել, կատապուլտի ենթարկված օդաչուներից մեկը սիրիական թուրքոմանների կողմից դաժանաբոր սպանվել է, մյուսին հաջողվել է էվակուացնել։
Այդ «միջադեպը» ռուս-թուրքական լարվածության պատճառ է դարձել, հարաբերությունները նորմալացել են ավելի քան մեկ տարի հետո, երբ, ըստ տեղեկությունների, Ռուսաստանը Էրդողանի դեմ համափորձի մասին հետախուզական տեղեկություններ է փոխանցել և փաստացի փրկել նրա կյանքը։
Էստոնիայի երկնքում թուրքական օդուժի չորսամսյա ներկայությունը կարող է ռուս-թուրքական «օդային պատերազմի» ևս մեկ առիթ տալ։ Իսկ առհասարակ Ռուսաստանի սահմաններին թուրքական ռազմական ներկայությունը ինքնին բարդացնում է կողմերի հարաբերությունները։ Եվ այստեղ էականը ոչ այնքան Ռուսաստանի հավանական արձագանքն է, որքան նման առաջարկությանը Թուրքիայի համաձայնության մոտիվացիան։
Անկարան, ամենայն հավանականությամբ, կարող էր ՆԱՏՕ-ի գործընկերներին հիմնավորել, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության պահպանման առումով նրա սահմաններին իր օդուժի պարեկամությունը նպատակահարմար չէ։ Էրդողանը այդ «փրկօղակից» չի օգտվել։
Կարելի է ենթադրել, որ նա Պուտինի հետ «սրացման» գնալու խնդիր ունի։ Բայց սկզբունքային ի՞նչ հարց է դրանով ուզում լուծել, առայժմ պարզ չէ։

Բաց մի թողեք
Պուտինը Ալիևի հետ շփվել է Փաշինյանի հետ, մեղմ ասած՝ «սառը» հեռախոսազրույցի հաջորդ օրը
Օմսկում Ղազախստանի նախագահից «սառը ցնցուղը» կարելի է փոխհատուցել երևանյան «թեժ աշունով»
Նոր ռազմական գործողությւոնների վտանգ Կասպյան ծովում, Ադրբեջանն անհանգստացած է