«Հրապարակի» զրուցակիցը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն է:
– Ադրբեջանական իշխանությունների կողմից աղվանական հռչակված Գանձասար եւ Դադիվանք այցերից հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ երեկ այցելել էր Մատենադարան: Մատենադարանը հաղորդագրություն էր տարածել՝ ադրբեջանական կեղծիքը ըստ էության հերքող, բայց արդյո՞ք այդ հաղորդագրությունները միջազգային հանրությանը տեղ են հասնում, Ադրբեջանի նախագահի օգնականը, ի տես աշխարհի, ծաղրեց հայկական մշակույթը, պատմությունը խեղաթյուրեց՝ թանգարանային նմուշների «մուլյաժները» ներկայացնելով որպես դատարկ գրքեր: Ստացվել է այնպես, որ հայկական կողմն անվերջ արդարացողի դերում է հայտնվել, սակայն այդ արդարացումները տեղ հասնո՞ւմ են:
– Ես այս բոլոր իրադարձությունների մասին ունեմ մի փոքր տարբեր մոտեցում եւ ընկալում: Ես կարծում եմ, որ մենք չպետք է համազգային տագնապի վերածենք ամեն մի արձագանք կամ ամեն մի արարողություն, որ տեղի է ունենում մեր երկրի սահմաններից դուրս, եւ որը վերաբերում է մեզ: Ամեն անգամ, երբ մենք փորձում ենք ընկնել կասկածի մեջ, ամեն անգամ, երբ մենք տրվում ենք վախերին ու տագնապներին, մենք պետք է հիշենք, որ ունենք Մատենադարան, որտեղ տարեկան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարազգի քաղաքական գործիչներ, հարյուրավոր դեսպաններ, դիվանագետներ են հյուրընկալվում: Այն, ինչ անում են մեր հարեւանները, դա մեր առօրյան է: Մենք ամեն օր ընդունում ենք տարբեր մարդկանց եւ, ի տարբերություն իրենց, ցույց ենք տալիս մեր բնօրինակները, այլ ոչ թե կրկնօրինակները: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս ամենին ճիշտ արձագանքել սովորենք: Մենք պետք է սովորենք հաղթահարել մեր վախերը, մեր վիրավորվածությունը եւ ամեն անգամ նայենք այս հաստատուն ու ամուր կառույցին՝ իր անհատակ գանձարանով, եւ ցուցաբերենք հավասարակշռված ու արժանապատիվ արձագանք: Երբ մենք լավ ենք ճանաչում Մատենադարանն ու Մատենադարանի արժեքները, հասկանում ենք, որ ապացուցելու շատ բան չունենք: Մեր նախնիները մեր փոխարեն ամեն բան ապացուցել են, ես, իհարկե, չեմ ասում, որ պետք է ծուլանանք, չունենանք արձագանքման մեխանիզմներ եւ այլն, սակայն ռուսերեն մի լավ արտահայտություն կա «- Дурак – Сам дурак»: Ես հարաբերությունների մեջ այս մոտեցման կողմնակիցը չեմ: Ավելին` ես շատ կուզենամ հնարավորություն ունենալ՝ հարեւան երկրի գործընկերների հետ նման հարցեր քննարկելու՝ իբրեւ հասարակական գործիչ եւ մտավորական, կամ ուղղակի որպես քաղաքացի:
– Բայց նման տրամադրվածություն ունեցող պետության ներկայացուցիչների հետ ի՞նչ կարող եք խոսել:
– Ես կարծում եմ, որ այս պատասխանատու, նույնիսկ գերպատասխանատու աշխատանքը, որ հիմա տանում ենք այսպիսի զգուշությամբ, փշրանքները հավաքելով` խաղաղություն կառուցելու գործում, պահանջում է, որ կողմերը լինեն հավասարակշռված, զգուշավոր եւ շրջահայաց: Բայց նորից ասեմ` եթե մենք Մատենադարանը լավ ճանաչենք, կհասկանանք, որ այսքան տագնապելու եւ իրարանցում առաջացնելու կարիք չկա:
– Չե՞ք կարծում, որ միայն մեր ճանաչելը քիչ է՝ ադրբեջանական կեղծ պրոպագանդան հերքելու համար: Ձեզ շատերն այս օրերին մեղադրում են բավարար չափով կանխարգելիչ քայլեր չանելու, հայկական մշակույթն ու պատմությունը ոչ այնքան լավ պրոպագանդելու մեջ:
– Մենք հիմա ամբողջ ազգով կենտրոնացել ենք ինչ-որ դիվանագիտական խմբի վրա, բայց նման այցեր` տարվա ամբողջ կտրվածքով, մենք ենք ունենում, ամբողջ պետական արարողական կարգի բաղադրիչ մասն է Մատենադարանը: Չկա քիչ թե շատ նշանակալի պատվիրակություն կամ քաղաքական դեմք, որը մուտք գործի մեր երկիր ու չայցելի Մատենադարան: Կարող եք ուսումնասիրել մեր ֆեյսբուքյան էջը, կարծիքները մեր մասին: Բոլորովին վերջերս Մատենադարան այցելեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ բոլոր կարեւոր հանդիպումների ժամանակ հրապարակային հայտարարեց` Եվրոպան Մատենադարանում է: Մենք այնպիսի ուժ ու հանդարտության հիմք ունենք, որ պետք չէ ամեն մի սադրանքի արձագանքենք նման զգայունությամբ:
– Բայց սա միայն զգայունության հարց չէ: Ադրբեջանը հետեւողականորեն պատմությունը խեղաթյուրում է ամբողջ աշխարհի առաջ, եւ նրանց են սկսել հավատալ, այլ ոչ թե մեզ, որովհետեւ մեր մամուլի հաղորդագրությունները Եվրոպայի համար տեսանելի չեն, իսկ Հաջիեւի ծաղրանքը, դիվանագետների հրճվանքն այդ ամենի նկատմամբ, տեսավ ողջ աշխարհը: Ի դեպ, տարբեր երկրներից ովքե՞ր են այցելում Մատենադարան:
– Եթե թույլ տաք, ես խոսեմ միայն այն թեմաների մասին, որոնք իմ լիազորությունների մեջ են: Օրինակ` մենք փոխել ենք մեր հրատարակչական քաղաքականությունը: Հատկապես ուշադրություն ենք դարձնում օտարալեզու պատկերագրքերի հրատարակմանը: Դրանցում ներածություններ գրում են ոչ միայն մեր աշխատակիցները, այլեւ Հարվարդի համալսարանի պրոֆեսորը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսորը եւ այլն: Մենք կազմակերպում ենք միջազգային ցուցադրություններ, մոտ 2 տարի առաջ` Դոժերի պալատում` Վենետիկում ցուցադրություն կազմակերպեցինք, վերջերս էլ ամփոփեցինք Մադրիդի ազգային գրադարանում ցուցադրությունը, որը կայացավ բարձր մակարդակով։ Ներկա էին բարձրաստիճան այրեր, ովքեր զարմացած էին ուղղակի հայկական միջնադարյան ձեռագրական պատկերագրությունից: Կազմակերպել ենք նաեւ ամենամյա հայագիտական միջազգային կոնգրես, որին մասնակցեցին աշխարհի առաջատար գրեթե բոլոր համալսարանների ներկայացուցիչներ, օտարազգի հայագետներ եւ այլն: Այնպես որ, մենք տարբեր աշխատանքներ ենք կատարում: Մենք պետք է մեզ հարց ուղղենք՝ ի՞նչ ենք արել մենք, այլ ոչ թե՝ ի՞նչ են անում մեր հարեւանները: Ես երեկ մեր եվրոպացի հյուրին մի բան ասացի` միայն տերը կարող էր հազար տարի պահել այս արժեքները, մենք տերն ենք: Այդ պատճառով էլ տագնապելու եւ իրարանցում առաջացնելու կարիք չպետք է ունենանք:
– Հանրությանը զայրացրել է հատկապես այն, որ իշխանությունները, Դուք՝ նույնպես, խոսում եք խաղաղության մասին, իսկ ադրբեջանական կողմը, ի տես աշխարհի, ծաղրում է հայկական ձեռագրերը: Չի՞ ստացվում, որ միայն Հայաստանի իշխանությունն է կարեւորում խաղաղության օրակարգը, իսկ Ադրբեջանն ուղղակի արհամարհում է դա՝ իր քաղաքականությունն առաջ տանելով:
– Ես ուզում եմ, որ մենք մակերեսի երեւույթները տարանջատենք խորքային երեւույթներից:
– Այսինքն` Դուք այն կարծիքին եք, որ Հաջիեւը, նաեւ եվրոպացի դեսպաններն այնքան անկարեւոր են, որ նրանց գնահատականները մակերեսի վրա՞ են:
– Ինձ համար, միանշանակ, Հաջիեւի արածն անընդունելի է, դրա մեջ չկար որեւէ լավ բան, բայց եթե մենք արդեն իսկ ունենք հաստատված տնտեսական համագործակցություն, դա արդեն իսկ հաստատված խաղաղության դրսեւորումներից մեկն է: Ես կարծում եմ, որ խաղաղության համար պետք է մեր հասարակություններն աշխատանք տանեն: Պետք է ավելի շատ շփվենք եւ իրար հասկանանք: Այս հարցերը չպետք է լինեն միայն քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունների առարկա:
– Ձեզ ուղղված մեղադրանքներ են հնչել՝ թե ինչ դատարկ գրքեր են Գանձասարում, որը Հաջիեւը ցուցադրում է դեսպաններին: Դուք բավականին երկար ժամանակ է՝ Մատենադարանում եք աշխատում: Ո՞վ է այդ գրքերն ուղարկել Արցախ, ինչո՞ւ էին դրանք դատարկ:
– Գանձասարի Մատենադարանում, որը բացվել է 2015 թվականին, հենց սկզբից ցուցադրվել են ոչ թե բնօրինակ ձեռագրեր, այլ դրանց բարձրորակ կրկնօրինակները։ Ի դեպ, սա միջազգային թանգարանային պրակտիկայում ընդունված մոտեցում է․ եթե ցուցադրության վայրում հնարավոր չէ լիարժեք ապահովել բնօրինակի անվտանգության եւ պահպանության համար անհրաժեշտ պայմանները, այն կարող է փոխարինվել կրկնօրինակով։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ ձեռագրի բարձրորակ կրկնօրինակի պատրաստումը բավականին բարդ, աշխատատար եւ թանկ գործընթաց է։ Այդ պատճառով կրկնօրինակվում են առաջին հերթին ձեռագրի այն էջերը, որոնք ընտրված են ցուցադրության համար եւ բացված վիճակում ներկայացվում են ցուցափեղկում։ Իսկ այն էջերը, որոնք այցելուն, միեւնույն է, չի տեսնելու եւ որոնք ցուցադրության մաս չեն կազմում, ամբողջությամբ կրկնօրինակելու անհրաժեշտություն պարզապես չկա։ Այսպիսով, «դատարկ էջերի» առկայությունը որեւէ արտառոց հանգամանք չէ․ դա ցուցադրության համար պատրաստված կրկնօրինակի տեխնիկական առանձնահատկությունն է։

Բաց մի թողեք
Արման Եղոյանը եւ նրա նմաններն ովքե՞ր են` թշնամու ծրագիրն իրականացնողները
Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը
Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր