29/07/2026

EU – Armenia

Նոր ռազմական գործողությւոնների վտանգ Կասպյան ծովում, Ադրբեջանն անհանգստացած է

Ադրբեջանի իշխանությունները իրանական Sabah հեռուստաընկերությունը և Mehr լրատվական գործակալությունը ճանաչել են «թշնամական լրատվամիջոց»։

Ճիշտ է, ֆորմալ որոշումը կայացրել է այսպես կոչված՝ «մամուլի խորհուրդը» և կոշտ ձեւակերպում չի օգտագործել, բայց փաստը, որ ադրբեջանական մամուլի միջոցներին, քաղաքական ու հանրային գործիչներին և փորձագետներին «խորհուրդ է տրվել» իրանական հեռուստաընկերության և լրատվական գործակալության հետ «չհամագործակցել», այլ բան չի նշանակում։

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարարությունն է «թշնամի լրատվամիջոցների» ցանկ հրապարակել, որտեղ ընդգրկված է Ադրբեջանի մեկ «անկախ հեռուստատեսություն»։ Այսպիսով, կարելի է փաստել, որ Իրանը և Ադրբեջանը «տեղեկատվական պատերազմի մեջ» են, ինչը, անկասկած, միջպետական հարաբերությունների «բարդության» մասնակի դրսևորում» է։

Իրավիճակին հավելյալ սրացում է հաղորդել Ուկրաինայի կողմից Կասպից ծովում իրանական բեռնանավի խոցումը, որի հետևանքով, ըստ իրանական կողմի, «մեկ նավաստի է զոհվել»։ Պաշտոնական Թեհրանը սպառնացել է, որ Ուկրաինան «համարժեք պատասխան կստանա»։ Ավելի վաղ, գնահատելով ադրբեջանական մի շարք փորձագետների տեսակետը, տպավորություն ենք փոխանցել, որ «Կասպից ավազանը ռազմականանում» է։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի կարծիքով՝ հասկանալի է, որ Ուկրաինան պայքարում է իր ինքնիշխանության համար և համարում, որ ցանկացած երկրի կողմից «դրան հակադարձելու միջոցները օրինական թիրախ են, բայց այստեղ կա այլ, բավական վտանգավոր հանգամանք»։

Նա պարզաբանել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը կայացել է «հատակը բաժանում ենք, ծովը մնում է ընդհանուր» սկզբունքով։

Ադրբեջանցի քաղաքագետի գնահատմամբ, եթե «Իրանի ռազմանավը ցանկանա անցնել Ռուսաստանի կողմը, իսկ ադրբեջանականը՝ Ղազախստանի կամ Ռուսաստանի, նա, համաձայն ընդհանուր ջրավազանի մասին կոնվենցիայի այդ իրավունքը ունի»։

Նկատելիորեն «ծածկագրված» այս ձևակերպումը եթե «թարգմանենք», ապա կարելի է ասել, որ Բաքվում անհանգստացած են Կասպից ծովում Ռուսաստան-Իրան հաղորդակցության անվտանգությունը ապահովելու համար Մոսկվայի և Թեհրանի հնարավոր գործողություններից։

Եթե Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում համատեղ «պարեկություն սկսեն», ապա դրան կարող են հետևել իսրայելա-ամերիկյան պատասխան գործողություններ։ Այդ դեպքում մերձկասպյան երկրներում էներգետիկ ծրագրերը կառկախվեն, կհետաձգվեն նաև կոմունիկացիոն նախագծերը։

Ամենակարեւորը՝ Ադրբեջանը հարկադրված կլինի ընտրություն կատարել ռուս-իրանական և իսրայելա-ամերիկյան դաշինքների միջև, իսկ դա փաստացի պատերազմի ընտրություն կնշանակի՝ աշխարհատնտեսական և անվտանգային հետևանքներով։

Բավական զգաստացնող է, որ Վելիզադեն «կասպյան պատերազմի» թեմայով անհանգստություն է հայտնել Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո։ Մանավանդ սոցիալական հարթակներում տեղեկություն է տարածվել, որ Իրանը «առաջիկա երկու օրերի ընթացքում բալիստիկ հրթիռներով կհարվածի Ուկրաինային»։