Սույն փաստաթուղթը, որը մշակել է Երեւանի մամուլի ակումբը, խորհրդատվական ուղերձ է Հայաստանի լրատվամիջոցներին, որպեսզի նրանք մշակեն խմբագրական քաղաքականության եւ ներքին հարաբերությունների սեփական կանոնակարգերը՝ բոլոր հարցերում հստակեցնելով իրենց գործունեության սկզբունքները։
Այն ընդունում է նաև https://Mitk.am խմբագրակազմը։
Եվս մի կարեւոր հանգամանք. նման փաստաթղթերը մշտական ու հավերժական չեն եւ ենթական են անընդհատ վերանայման ու կատարելագործման՝ փոփոխությունների եւ ժամանակի իրողությունների հաշվառմամբ։
Առաջարկվող կառուցվածքը
I. Ներածություն
Կանոնակարգի նպատակը.
– կարգավորել ներքին հարաբերությունները,
– սահմանել ենթակարգությունը եւ որոշումների ընդունման մակարդակները,
– սահմանել նյութերի պատրաստման, որակյալ ու պատասխանատու լրատվություն ապահովելու սկզբունքները՝ հանրային վստահությունը մեծացնելու համար,
– այլ (ավելացրեք ձերը)։
II. Ընդհանուր դրույթներ
1. Լրատվամիջոցի առաքելությունն ու արժեքները
Լրատվամիջոցի առաքելությունն է իր լսարանին տրամադրել՝
– հավաստի, ստուգված տեղեկություններ,
– հանրային կարեւորություն ունեցող խնդիրների վերաբերյալ հասարակության մեջ եղած հիմնական տեսակետները,
– անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խմբագրության տեսակետը` այդ մասին հստակ նշումով։
– հետաքրքիր ժամանցային նյութեր,
– գովազդային ծառայություններ։
Լրատվամիջոցի արժեքներն են՝
– անաչառություն եւ անկողմնակալություն,
– տեղեկությունների հավաստիություն,
– փաստերի եւ կարծիքների տարանջատում,
– հարգանք մարդկանց անձնական կյանքի նկատմամբ
– խմբագրության տեսակետը խոչընդոտ չէ այլ՝ հակադիր տեսակետներ ներկայացնելուն,
– այլ (ավելացրեք ձերը)։
2. Խմբագրական անկախությունը քաղաքական, տնտեսական, կրոնական կամ այլ ճնշումներից
– Խմբագրության դավանած արժեքների իրացումը, խմբագրական քաղաքականությունը, տեղեկությունների եւ գաղափարների տարածումը կախված չեն սեփականատերերի, քաղաքական, տնտեսական, կրոնական կամ այլ կազմակերպությունների շահերից։
– Գովազդատուները կամ հովանավորները տեղեկությունների այլ աղբյուրների կամ տեղեկությունների օբյեկտների նկատմամբ լուսաբանման որեւէ առավելություն չունեն։
3. Լսարանի առջեւ հաշվետվողականություն եւ հանրային պատասխանատվություն
– Հետեւելով օրենքի պահանջին՝ խմբագրությունն ամեն տարի հրապարակում է իր եկամուտների մասին հաշվետվությունը,
– լսարանի առջեւ բացահայտում է իր սեփականատերերին եւ նրանց բիզնես շահերը,
– շահերի բախում առաջանալու դեպքում խմբագրությունն իրազեկում է այդ մասին,
– խմբագրությունում սահմանվում է հանրային բողոքներին եւ հարցումներին արձագանքելու կարգը,
– խմբագրությունը հետեւում է սոցիալական ցանցերի իր էջերի մեկնաբանություններին, մոդերացնում է դրանք՝ բացառելու համար ատելության խոսքն ու վիրավորանքները, արձագանքում է քննադատություններին։
III. Խմբագրական գործունեություն
1. Խմբագրական որոշումների ընդունման մակարդակը
– Գլխավոր խմբագիրը պատասխանատու է ողջ բովանդակության համար, եթե այլ պատասխանատու չի նշանակվում,
– սահմանվում է, թե ովքեր են որոշում ընդունում այս կամ այն թեմայով (ոլորտին վերաբերող) նյութերի հրապարակման վերաբերյալ,
– սահմանվում է, թե որոշումների կայացման ինչ իրավասություններ ունեն բաժինների խմբագիրները, մեկնաբանները, լրագրողները, թողարկիչները, եւ որոնք են նրանց պատասխանատվության շրջանակները
– հրապարակման մեջ առկա փաստերի ստուգման պատասխանատուն նյութի հեղինակ լրագրողն է, եթե խմբագրությունը փաստերի ստուգման առանձին թիմ չունի։
2. Գովազդի եւ խմբագրական բովանդակության խիստ տարանջատում
– Խմբագրական բովանդակությունը պետք է տարանջատված լինի գովազդից,
– ցանկացած հրապարակում, որի դիմաց վճարվել է, պետք է այդ մասին հստակ նշում ունենա,
– գովազդատուների եւ հովանավորների գործունեության մասին, ինչպես նաեւ բիզնեսի թեմայով նյութերը պետք է ունենան բովանդակային սահմանափակումներ՝ այնպես, որ դրանք չկրեն գովազդային բնույթ կամ չընկալվեն իբրեւ գովազդ։
3. Անանուն աղբյուրների օգտագործման կանոններ եւ աղբյուրների պաշտպանություն
– Բոլոր հնարավոր դեպքերում հղում կատարել աղբյուրներին,
– հնարավորինս խուսափել անանուն (խորհրդապահական) աղբյուրներ օգտագործելուց,
– պահպանել աղբյուրներին տված խոստումներն ու նրանց առջեւ ստանձնած պարտավորությունները,
– ըստ այդմ՝ գաղտնիության պայմանավորվածության դեպքում աղբյուրի մասին տեղյակ պահել միայն գլխավոր խմբագրին, եւ/կամ կանոնակարգով սահմանված այլ իրավասու աշխատակցի (օրինակ՝ բաժնի խմբագրին),
– հրապարակման համար չնախատեսված (off the record) տեղեկությունները հայտնել միայն գլխավոր խմբագրին։ Վերջինս կարող է, հանրային գերակա շահ տեսնելու դեպքում, որոշում կայացնել նման տեղեկությունը ամբողջական կամ մասնակի հրապարակելու մասին։
– ընդունելով եւ հարգելով հարցազրույցի նկատմամբ կողմերի համահեղինակությունը, տեղեկությունը, սակայն, չի կարող հեռացվել զրուցակցի կամայական պահանջի դեպքում, եթե խմբագրությունը դրա հրապարակումը դիտարկում է որպես հանրային գերակա շահ, հասարակության տեղեկացած լինելու իրավունք։
4. Փաստերի ստուգման ներքին ընթացակարգ
– Նյութը հրապարակման հանձնելուց առաջ լրագրողները պետք է փաստերը ստուգեն առնվազն երկու աղբյուրից, այդ թվում՝ նույնականացվող տեղեկատվության աղբյուրից՝ չաթ բոթերից տարածվող ապատեղեկատվությունը եւս կանխելու համար․․․․ ։ Եթե խմբագրությունն ունի փաստեր ստուգողի հաստիք, այս գործառույթը կարելի է պատվիրակել նրան։
– Անհրաժեշտ է ստուգել ոչ միայն ինքնին փաստերը, այլեւ դրանց առնչվող ժամանակային, բովանդակային եւ այլն հանգամանքները, համատեքստը։
– Խմբագիրները լրագրողների նյութերում առկա փաստերին կասկածելու դեպքում պարտավոր են մինչ հրապարակումը ստուգել դրանց հավաստիությունը։
– Ստուգել, ստուգել, ստուգել նույնիսկ այն դեպքում, երբ համոզված եք, որ ճիշտ գիտեք, օրինակ, մարդու անունն ու պաշտոնի անվանումը։
– Պատմական, նաեւ՝ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստերը, օրենքների ու փաստաթղթերի անվանումների, մարդկանց անունների, պաշտոնների համացանցային (ցանկալի է՝ պաշտոնական) հասանելի աղբյուրներից ճշտելը պարտադիր է լրագրողների եւ խմբագիրների համար։
– Փաստաթղթերից, համացանցային կամ տպագիր գրավոր աղբյուրներից մեջբերումները պետք է կատարել՝ պահպանելով բնագրի տեքստը (անգամ տառասխալներն ու ոճական անհարթությունները)։
– Ստուգված փաստերը պետք է հղում ունենան աղբյուրներին։
IV. Աշխատանքային հարաբերություններ
Խմբագրությունը բոլոր աշխատակիցների հետ կնքում է պայմանագրեր, սահմանելով՝
– աշխատակիցների իրավունքները եւ պարտականությունները,
– ենթակագրությունը (սուբորդինացիան),
– իրավունքները գերազանցելու կամ պարտավորությունները չկատարելու դեպքում՝ պատասխանատվությունը,
– պայմանագիրը լուծարելու պայմանները։
ա) լրագրողների իրավունքները
– Լրագրողներն իրավունք ունեն հրաժարվելու իրենց հանձնարարված թեման լուսաբանելուց, եթե տվյալ թեման հակասում է իրենց քաղաքական, կրոնական կամ այլ հայացքներին, վերաբերում է իրենց մերձավորներին կամ ընկերներին, եթե առկա են շահերի բախման այլ վտանգներ,
– լրագրողներն իրավունք ունեն պարզաբանում ստանալու՝ իրենց չհրապարակված նյութերի մերժման պատճառների վերաբերյալ,
– եթե նյութը մերժել է անմիջական ղեկավարը, ապա լրագրողներն իրավունք ունեն մերժումը բողոքարկելու գլխավոր խմբագրին,
– բաժինների խմբագիրներն իրավունք ունեն մերժելու լրագրողի նյութը՝ պարզաբանելով մերժման պատճառները,
– այլ (ավելացրեք ձերը)։
բ) լրագրողների պարտականությունները
– Լրագրողները պարտավոր են ժամանակին եւ որակով կատարել ղեկավարների հանձնարարությունները,
– նյութերը պատրաստել, նկարները եւ տեսանյութերը ընտրել խմբագրության ներքին կանոնակարգով սահմանված չափանիշներին համապատասխան,
– ճշտել փաստերը (ապահովել փաստերի ճշտումը ինքնուրույն կամ հաստիքային փաստեր ստուգողները միջոցով) եւ ներկայացնել միայն հավաստի տեղեկություններ,
– շահերի բախում առաջանալու դեպքում անպայման այդ մասին տեղեկացնել գլխավոր խմբագրին եւ/կամ բաժնի պատասխանատուին,
– այլ (ավելացրեք ձերը)։
Իրենց պարտականությունները ժամանակին եւ որակով չկատարելու դեպքում լրագրողները կարող են պատասխանտվության ենթարկվել ՀՀ օրենսդրության շրջանակներում։
V. Լրատվական տեքստերին, վերնագրերին, լուսանկարներին, տեսանյութերին, հարցազրույցներին ներկայացվող պահանջները
– Խմբագրությունը սահմանում է լրատվական տեքստերի միասնական ոճ՝ առաջնային համարելով ի՞նչ, ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ, որտե՞ղ հարցերին պատասխանելու սկզբունքը,
– լրատվական նյութի վերնագիրը եւ լիդը պետք է բացահայտեն նյութի էությունը՝ մանրամասները թողնելով հետագա շարադրանքին,
– խորհուրդ է տրվում վերնագրում ունենալ բայ՝ գործողություն, որով կբացահայտվի տեղի ունեցածը,
– լուսանկարները պետք է անմիջական կապ ունենան լրատվական տեքստի հետ, ավելի լավ է, որ դրանք լինեն հենց իրադարձությունների վայրից,
– տեսանյութերը պետք է լրացնեն տեքստը եւ ոչ թե կրկնեն այն,
– լուսանկարների եւ տեսանյութերի մոնտաժի կամ այլ տեխնիկական միջամտության մասին պետք է հստակ իրազեկել լսարանին,
– ոչ սեփական լուսանկարների եւ տեսանյութերի օգտագործման դեպքում պետք է պահպանել հեղինակային իրավունքը՝ դրանց օգտագործման համար ստանալ հեղինակների թույլտվությունը, օգտագործելիս նշել լուսանկարների եւ տեսանյութերի աղբյուրները,
– իրադարձային նյութերում ուրիշի ուղղակի խոսքի մեջբերումները պետք է հնարավորինս համապատասխանեն բանավոր խոսքում հնչածին․ թույլատրվում է խմբագրում՝ լեզվական անհարթությունները, ենթակայի եւ ստորոգյալի անհամաձայնությունները շտկելու համար, սակայն դրանք որեւէ կերպ չպետք է խեղաթյուրեն բանավոր հնչած խոսքի միտքը,
– խմբագրությունը դավանում է տերմինների, անունների, անվանումների գրության միասնականության սկզբունքին, ըստ այդմ՝ մշակում է դրանց ցանկը, որը բաժանվում է բոլոր լրագրողներին եւ խմբագիրներին,
– տեսաձայնագրված հարցազրույցները հեռարձակվում են առանց խմբագրման, եթե դրանցում առկա չէ ատելության խոսք կամ որեւէ ապօրինի գործողություն կատարելու կոչ,
– տեքստային հարցազրույց ներկայացնելիս հնարավորինս պահպանել զրուցակցի ոճն ու բառապաշարը․ թույլատրվում է խմբագրում լեզվական անհարթությունները, ենթակայի եւ ստորոգյալի անհամաձայնությունները շտկելու համար, սակայն դրանք որեւէ կերպ չպետք է խեղաթյուրեն զրուցակցի մտքերը,
– այլ (ավելացրեք ձերը)։
VI. Սոցիալական մեդիայում ներկայություն եւ սոցցանցային անձնական էջերում լրագրողների վարքի կանոններ
1. Թափանցիկություն
– Հստակ պետք է նշել՝ տվյալ օգտահաշիվը պաշտոնակա՞ն է, թե՞ անձնական,
– լրատվամիջոցի պաշտոնական օգտահաշիվը պետք է հստակ նշում ունենա այդ մասին, այն վարելու իրավունք պետք է ունենան միայն լիազորված անձինք,
– լրագրողի կամ խմբագրության այլ աշխատակցի անհատական օգտահաշվի դեպքում գործածել միայն ամբողջական անուն, ազգանուն, պաշտոն,
– արգելվում է ստեղծել եւ վարել կեղծ ինքնությամբ օգտահաշիվներ։
2. Օգտահաշիվների բովանդակությանը ներկայացվող պահանջներ
– Սոցիալական մեդիայի հրապարակումներում պետք է պահպանել խմբագրության կանոնակարգով սահմանված չափանիշներն ու նյութերին ներկայացվող պահանջները,
– ստուգել հրապարակվող փաստերը, դրանք առանձնացնել կարծիքներից եւ մեկնաբանություններից,
– հարգել հեղինակային իրավունքը նաեւ սոցցանցային հրապարակումներում,
– սոցիալական մեդիայում հրապարակվող լուսանկարներն ու տեսանյութերը պետք է համապատասխանեն խմբագրության կանոնակարգով սահմանված չափանիշներին,
– անհատական օգտահաշիվներով չպետք է տարածել հայտարարություն կամ կատարել գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես քաղաքական հայացքների, ռասայական, սեռական, կրոնական կամ այլ հիմքով խտրականության դրսեւորում, դա վերաբերում է նաեւ տեղադրվող լուսանկարին եւ տեսանյութին:
3. Խուսափել շահերի բախումից նաեւ սոցիալական մեդիայում
– Խորհուրդ չի տրվում անհատական եւ պաշտոնական օգտահաշիվներում տեղադրել քաղաքական կամ կուսակցական նշաններ կամ դրոշմներ,
– հատկապես ուշադիր պետք է լինել որեւէ խմբի անդամագրվելիս կամ որեւէ անձի հետեւորդ դառնալիս,
– նման խմբերին անդամակցումը կարող է հետապնդել միայն անցուդարձին տեղյակ լինելու նպատակ, եւ երբեք՝ ակտիվ մասնակցություն ակցիաներին, ինչը եւս կարող է շահերի բախում առաջացնել:
– այլ (ավելացրեք ձերը)։
VII. Արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման կանոններ
– Անպայման պետք է նշել, որ տվյալ բովանդակությունը, լուսանկարը, պատկերը, տեսանյութը ստեղծվել է՝ օգտագործելով արհեստական բանականությունը,
– ԱԲ-ն կարող է հաճախ անտեսել հեղինակային իրավունքները՝ օգտագործելով նկարներ, երաժշտություն, տեքստ՝ առանց հեղինակի նշման եւ առանց նրանց համաձայնության, հետեւաբար հարկ է ստուգել՝ չե՞ն խախտվել արդյոք հեղինակային իրավունքները,
– ԱԲ որոշ գործիքներ երբեմն չեն կարող երաշխավորել անձնական տվյալների պաշտպանությունը, հետեւաբար հարկ է այդ գործիքներն օգտագործել զգուշորեն, շտկել անձնական տվյալների անիրավաչափ օգտագործման ցանկացած դրսեւորում,
– պետք է զգույշ լինել ԱԲ-ի ստեղծած տեղեկությունները տարածելիս, դրանք կարող են լինել կեղծ կամ կեղծված՝ այսպես կոչված դիփֆեյքերի (deepfakes) օգտագործմամբ,
– բոլոր նման դեպքերում հարկ է ԱԲ-ի ստեղծած եւ առաջարկած տեղեկությունների հավաստիությունը ստուգել այլ՝ վստահելի աղբյուրներից։
– ԱԲ օգնությամբ նյութեր պատրաստելու հնարավորությանը զուգահեռ՝ խրախուսել լրագրողների քննադատական մտածողությունն ու աշխատանքի նկատմամբ հարգանքը։
– այլ (ավելացրեք ձերը)։

Բաց մի թողեք
Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը
Ով էր այսօր մահացած Սերգեյ Պողոսյանը․ «Արարատ-73»-ի ոսկե սերնդի ֆուտբոլիստի պատմությունը․ Լուսանկար
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը. Լուսանկար