31/07/2026

EU – Armenia

Թրամփն անգամ չի տարբերակում Ռուսաստանն Իրանից, ՀՀ-ն անմեղսունակի վրա հույս է դրել

Լորա Լումերը Իլոն Մասկին կոչ է արել X -ում արգելափակել Russia Today-ը, Facebook-ի օգտահաշվում տեղեկացրել է լեհական NEXTA-ն։ «Ոչ մի պատճառ չկա, որպեսզի ռուսական և իրանական պետական ԶԼՄ-երը պետք է իրենց օգտահաշիվները պահեն ամերիկյան սոցիալական ցանցերում»,- գրել է Լումերը և գրառումը հասցեագրել Մասկին։

Լումերի գրառումից ժամեր առաջ X -ը արգելափակել է իրանական Tasnim և News Agency լրատվական գործակալությունների օգտահաշիվները։ «Պատրաստվիր, RT, հաջորդը դու ես»,- վստահեցրել է Լումերը։

Լորա Լումերը Միացյալ Նահանգներում ունի նախագահ Դոնալդ Թրամփի «մերձավոր շրջապատի ներկայացուցչի» համարում։ Կայուն տպավորություն կա, որ նա 2025թ․-ին «ազդել է Թրամփի վրա, որպեսզի նա ազգային անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնյաների հեռացնի»։

Լումերը տեւական ժամանակ դեմ է եղել ԱՄՆ կողմից Ուկրաինային աջակցությանը։ Նա նույնիսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն անվանել է «ջիհադի կոռումպացված ապոլոգետ», երբ նա Սիրիայի նախագահ ալ-Շարաայի հետ հանդիպել է։

Ուկրաինայի նախագահի ԱՄՆ այցին ընդառաջ Լումերը Կիևում նրա հետ հարցազրույց է ունեցել, որից հետո Լումերը Rumble անհատական սոցցանցային հարթակում իր գրեթե երկու միլիոն հետեւորդներին խոստովանել է, որ Ուկրաինայի հարցում «սխալվել է՝ գտնվելով ռուսաստանյան քարոզչության ազդեցության տակ»։ Զելենսկու գրասենյակը կարեւոր համարել, որ «Լումերը այցելել է Ուկրաինա և իրողությունները իր աչքերով տեսել այնպես, ինչպես կան»։

X-ում Ռուսաստանի պետական լրատվամիջոցները, մասնավորապես RT -ը արգելափակելու անհրաժեշտության մասին Լորա Լումերի գրառումը հաջորդել է Սպիտակ տան Օվալաձև սրահում Թրամփ-Զելենսկի հանդիպմանը։

Կարելի է ենթադրել, որ Իլոն Մասկին հղած նրա կոչը «արտահայտում» է ամերիկյան վարչակազմի տեսակետը։ Ավելի վաղ նախագահ Թրամփը օրենսդիրներին հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «փաթեթում» ներառնել նաև Իրանին։

Տպավորություն է, որ Սպիտակ տունը որդեգրել է Իրանի և Ռուսաստանի «նույնականացման» կեցվածք։ Այդ էական մոտեցումը, ամենայն հավանականությամբ, կապված է նաև Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմավարական համագործակցության հետ։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերջերս զգուշացրել է, որ Ռուսաստանում «պատրաստվում են ընդունել երեսուն հազար հյուսիսկորեացի զինվորականների»։ Տեղեկություն է տարածվել, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին «մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ է մատակարարել»։

ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգի իմաստով Ռուսաստան-Հյուսիսային Կորեա-Իրան եռյակը գնահատված է որպես «չարիքի առանցք»։