Օրերս մեծ շոուով ձերբակալվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որը կալանավորված Գագիկ Ծառուկյանի փեսան է եւ եղել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարը:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր տարածել, թե ինչպես են ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժում Աբրահամյանի առանձնատուն, բարձրանում ննջարան, գետնին պառկեցնում դիմադրություն չցուցաբերող անձին, ձեռնաշղթաներ անցկացնում ու տանում: Քննչականը մի խայտառակ հայտարարություն տարածեց` քննության տվյալներ եւ անձնական կյանքին վերաբերող մանրամասներ հրապարակելով, որից իմացանք, որ Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023-ի ապրիլի 30-ին Երեւանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․ Վ․-ի սպանությունը «պատվիրելու» համար: Քննչական կոմիտեն մասնավորապես հայտնել էր. «Ա. Ա.-ն կնոջը կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգեւոր հովիվ Ս․ Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաեւ՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․ Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական եւ անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակցի միջոցով»: Վերջինս էլ, Քննչականի փոխանցմամբ, սպանել է Ս․ Վ․-ին։ Արգամ Աբրահամյանի համար երկամսյա կալանք են սահմանել, սակայն զավեշտն այն է, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվողը տնային կալանք է կրում։ Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է համարել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը.
«Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը, եւ ինչու է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։ Մարդու իրավունքների տեսանկյունից այս համատեքստում անհասկանալի է նաեւ այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսին կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքի շեշտադրումն է հրապարակային հաղորդակցության շրջանակում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն ոտնահարում է մարդու անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը՝ դրանք դարձնելով հանրային քննարկման առարկա: Գագիկ Ծառուկյանի փեսան եւ դուստրը, այդ իմաստով, առաջին դեպքը չեն: Մեր աչքի առաջ բազում օրինակներ ունենք, երբ իրավապահները` իշխանության հրահանգով, գաղտնալսել են տարբեր անձանց, ապա բացահայտել նրանց նամակները՝ անձնական կյանքի ինտիմ տեղեկությունները դարձնելով հանրության քննարկման առարկա: Օրինակ` Հովիկ Աղազարյանի, Արշակ սրբազանի դեպքերը, Բագրատ եւ Միքայել սրբազաններին կալանավայրում գաղտնալսել էին, ապա մասնավոր զրույցները դատարան ներկայացրել ու հրապարակել, եւ այսպես շարունակ: Այսինքն` որեւէ «ռեդ ֆլագ»` կարմիր գիծ չունի այս իշխանությունը եւ քաղաքական հակառակորդներին վնասելու համար պատրաստ է բացարձակապես ամեն ինչի:
Իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով մարդկանց անձնական տվյալները հանրայնացնելու զազրելի երեւույթին, ասում է, որ այս երեւույթն աննախադեպ է, ձեւավորվել է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում».
«Փորձում եմ հիշել` արդյո՞ք մենք նախկինում ունեցել ենք նման «հրավառություն», երբ մարդու անձնական կյանքի տվյալները հանրայնացվեն Քննչական կոմիտեի կողմից։ Անկեղծ ասած` չեմ հիշում նման բան, գուցե նման դեպքեր եղել են, սակայն եթե դրանց մասին չենք հիշում, նշանակում է հաստատապես այս ծավալի չեն եղել: Այլապես հաստատ կհիշեինք այդ մասին: Այս ամենը, ես կարծում եմ, ընդունելի է դարձել, քանի որ երբ մեկ-երկու անգամ քաղաքական դեմքերն անտեսում են այս ամենը, երբ պարբերաբար իշխանության հրահանգով մարդկանց անձնական կյանք են մտնում, անձնական կյանքի վրա տվյալներ են հրապարակում, անդրադառնում են մարդկանց ընտանիքի անդամներին, դրանց վերաբերյալ մանիպուլյացիաներ են անում եւ այլն, ընտանիք, կին, երեխա, այս պարագայում տուժում են բոլորը, եւ շատ անգամ հրապարակված տեղեկությունները չեն էլ համապատասխանում իրականությանը: Այս ամենի վերաբերյալ մեզանում տաբուներ կային` տարբեր ենթամշակույթների մեջ: Օրինակ` երեխաների վերաբերյալ արատավոր երեւույթների հրապարակումը մեզանում միշտ եղել է չընդունված, ամոթալի ու անպատվաբեր էր, երբ բամբասանք էր տարածում տղամարդը, բայց մեզանում այս ամենը նորմալ է դարձել: Ուրախ եմ, որ անգամ իրար չսիրող, չհամակրող որոշ զանգվածներ բարձրաձայնում են այս խնդրի մասին: Քննչական կոմիտեն Նիկոլ Փաշինյանից ուղիղ կախվածության մեջ է, շեֆը հանձնարարել է, քննչականը չի կարող այդ հանձնարարությունը չկատարել: Հակառակ պարագայում` լավագույն դեպքում հեռախոսային նամակի արդյունքում որոշ պաշտոնյաներ դուրս կշպրտվեն համակարգից, իսկ վատագույն դեպքում մի քրեական գործ էլ իրենց վրա կկարեն: Հատկապես վերջին տարիներին կարեւոր պաշտոններում նշանակվում են բավականին խոցելի անձինք, ովքեր հեշտ կառավարելի են: Հովիկ Աղազարյանի մասին լավ է, որ հիշատակեցիք, ես ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ այդ խայտառակ միջադեպից հետո մահացավ Աղազարյանի կինը: Փաստացի, մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ հակաիրավական գործողությունները դարձել են անձի մահվան պատճառ: Սրանք այնքան են իրենց գյամերը կորցրել, որ իրենց թվում է՝ երբեք իրենց արարքների համար պատասխան չեն տալու: Այն, ինչ տեղի է ունենում, սանձարձակություն է, անբարոյականություն, այս ամենը հակակոնվենցիոն է: Ցավալի է, որ այս ամենով կան նաեւ հրճվողներ, դրանում պետք է մեղադրեմ նախկին իշխանությանը, քանի որ նման երեւույթների վրա հրճվողները բավարար գիտելիքներ չստացած, թերուս մարդիկ են եւ զուրկ են տարրական գիտելիքներից»:

Բաց մի թողեք
Արտերկրից Հայաստան` քվեարկելու եկողները պատժվում էին
«Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է
Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը